Մատչելիության հղումներ

Ապրիլի 5-ի մամուլ


«Ժամանակ»-ը, նշանակալի իրադարձություն որակելով ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծումը, գրում է․ - «Շտաբն, իհարկե, դեռ պետք է գործով ապացուցի, որ իսկապես գործնական ազդեցություն է ունենալու ընտրական գործընթացի, այսպես ասած, օրինականության ապահովման հարցում։ Այսինքն՝ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն պետք է գործնական քայլեր կատարեն՝ հանրությանը համոզելու համար, որ ընդդիմությունն իրականում տիրապետում է իրավիճակին եւ պաշտպանելու է ընտրողի քվեարկելու իրավունքը։ Սակայն այստեղ, իհարկե, մի քանի հարցեր են առաջանում, որոնք, ըստ էության, բավականին անորոշ են դարձնում միասնական շտաբի հեռանկարը եւ ընդհանրապես տպավորություն են ստեղծում, որ իրականում դա մի քայլ էր, որ քաղաքական ուժերն արել են պարզապես անելու համար՝ ինչ-որ բան արած լինելու համար, քանի որ ոչինչ չանելու պարագայում հասարակությունն իսկապես կարող էր ընդհանրապես հիասթափվել քաղաքական ընդդիմությունից՝ տեսնելով, որ այն ունակ չէ գեթ մարտավարական համաձայնությունների գալ»։

Շարունակելով թեման՝ «Հայոց աշխարհը» հեգնում է․ - «Ճիշտ է, ստորագրման արարողությունը հանդիսավոր չէր, բայց ստորագրողների շրջանում մի թեթեւ ոգեշնչվածություն նկատվեց, ինչը սակայն կարճ տեւեց, քանի որ նույն պահին էլ թերեւս գիտակցեցին, որ ամենահեշտ բանը ինչ-որ թղթի տակ ստորագրելն է, իսկ ամենադժվարը` կենսագործելը։ Իսկ հետաքրքիր է, բացառո՞ւմ են, որ նույն ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի ու «Ժառանգության» թեկնածուները հաղթանակի հասնելու համար կիրականացնեն խախտումներ: Այդ դեպքում միասնական շտաբը ո՞ր ուժի խախտումն է արձանագրելու: Թե՞ երկուսի դեպքում էլ աչք է փակելու: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է հանրությունը հալած յուղի տեղ ընդունի միասնական շտաբի արձանագրած փաստերը»։

«Երկիր» օրաթերթը անդրադառնում է ընտրախախտումների վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբին, որը նաեւ մամուլի հրապարակումների հիման վրա է նյութեր նախապատրաստելու։ Թերթը գրում է․ - «Սրանով հայրենի դատախազությունը կոնկրետ ուղերձ է հղում` տեսեք` իրավապահ մարմինները որքան բծախնդիր են անգամ մամուլի հրապարակումների նկատմամբ, էլ ուր մնաց` պաշտոնապես ներկայացվելիք բողոքների: Իսկ քանի որ հետեւողական են լինելու, ուրեմն անհանգստանալու կարիք չպետք է լինի, ուրեմն ընտրակեղծիքների համար ոչ ոք պատասխանատվությունից չի խուսափելու: Հաճույքով, իհարկե, կարելի էր թուլանալ, հավատալ դատախազությունում հանկարծակի ի հայտ եկած մտահոգությանը, եթե չլիներ մի «աննշան» դետալ: Բացի այդ երեք դեպքերից, թե՛ տպագիր եւ թե՛ համացանցային լրատվամիջոցները բառի բուն իմաստով օրեր շարունակ ողողված էին եւ են հրապարակված ընտրացուցակների ուռճացման, ավելին` այլ երկրի քաղաքացիների` Հայաստանում կոնկրետ հասցեներում գրանցված լինելու եւ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու մասին հրապարակումներով, որոնց մասին բացեիբաց ասել էր իշխող կուսակցության անդամ պատգամավորը։ Բայց ո՛չ նա եւ ո՛չ էլ իրավասու որեւէ մարմին, իրավաչափության առումով, առնվազն կասկածահարույց այդ հայտարարությունների մասին խելքը գլխին ոչ մի բացատրություն մինչեւ հիմա չի տվել: Հարց է առաջանում` հետեւողականություն խաղալով` դատախազությունն ինքն իրե՞ն է խաբում, թե՞ հանրության հետ աչքակապոցի է խաղում»։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազգ»-ի հարցին, թե՝ չե՞ք վախենում, որ բոլորը քարոզչությունն ընդդեմ ՀՀԿ-ի ծավալեն, պատասխանում է․ - «Սցենարները մշտապես էդպես են եղել: Հակաքարոզչություն կլինի, բայց դա միայն մեզ կուժեղացնի: Ի վերջո հակաքարոզչությունն ամենաուժեղի դեմ է լինում, իսկ տրամաբանորեն ժողովուրդն ուզում է պետության ներսում ուժեղների իշխանություն»։

Մեկնաբանելով ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը, որտեղ Հայաստանի վարչապետն ասել էր, թե Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Ռուսաստանին ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար, «168 ժամ»-ը գրում է․ - «Ակնհայտ է, որ սա ոչ թե «ինքնաբուխ», այլ ռուսական իշխանությունների կողմից կազմակերպված հարցազրույց է՝ հաշվի առնելով եւ տվյալ լրատվամիջոցի ուղղվածությունը, եւ հարցազրույցում արծարծված շատ որոշակի հարցերը։ Եթե դրան գումարենք նաեւ այն հանգամանքը, որ հարցազրույցը հրապարակվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ավարտի հաջորդ օրը (այն ժամանակ, երբ Լավրովն արդեն Բաքվում նաեւ Գաբալայի շուրջ բանակցում էր Ադրբեջանի ղեկավարության հետ), պատկերն ավելի ամբողջական կդառնա։ Այսինքն՝ ավելի պարզ ասած՝ Լավրովը Տիգրան Սարգսյանին հանձնարարել է նման հայտարարություն անել՝ ադրբեջանցիների հետ «բազարում» օգտագործելու համար։ Եվ այդ ամենն արվում է ամենակոպիտ ձեւով՝ նույնիսկ տարրական ձեւականությունները չպահպանելով»։

please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG