Մատչելիության հղումներ

Մայիսի 6-ին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 16 տեղական կազմակերպություն: Այս կազմակերպություններն ունեն 15 հազար անդամ: Նրանցից մայիսի 6-ին ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կարող են իրականացնել այն քաղաքացիները, որոնք կունենան երկու վկայական` ԿԸՀ-ում հավատարմագիր եւ դիտորդի որակավորման վկայական:

Ընտրության օրը յուրաքանչյուր ընտրատեղամաս մուտք գործելու հնարավորություն կտրվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդի, որը կունենա նաեւ որակական վկայական:

«Երկու վկայականների միաժամանակյա կրելը պարտադիր պայման է տեղական դիտորդների համար։ Երկրորդ վկայականը տրվում է համապատասխան ստուգարքի արդյունքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ - «Նպատակը ընդամենը մեկն է՝ որպեսզի անձինք նախապես ծանոթ լինեն ընտրական օրենսգրքի պահանջներին»։

Որակավորման վկայական ստանալու նպատակով ապրիլի 1-9-ը ստուգարքին մասնակցելու հայտ է ներկայացրել 8 հասարակական կազմակերպություն, որոնցում ընդգրկված է ավելի քան 8600 անձ: Ստուգարքն անցկացվում է Տնտեսագիտական համալսարանում: Գրավոր հարցաթերթիկները մշակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Երեսուն հարցերից առնվազն կեսին ճիշտ պատասխանելու դեպքում ստուգարքը համարվում է ընդունված:

Այսօր որակավորման քննություն էին հանձնում «Բռունցք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ 1200 քաղաքացի, որոնք հիմնականում Հյուսիսային համալսարանի ուսանողներ էին։ Համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ ինքը չի միջամտել, ուսխորհուրդն է կազմակերպել ամեն ինչ։

«Ինձ ասացին՝ մեզ դիմել են ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու, ասացի՝ մեծ սիրով», - ասաց ռեկտորը։

«Բռունցք» կազմակերպության ներկայացուցիչ, Հյուսիսային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Մանուկյանը պարզաբանեց, որ կազմակերպության անդամները հիմնականում իր «մոտիկներն են»։

Հիշեցնենք՝ ռեկտորը ժամանակին հայտնել էր իր թեկնածությունը թիվ 10 ընտրատարածքում առաջադրելու մտադրության մասին: Բայց նա չի առաջադրվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմակերպած ստուգարքներին չմասնակցող Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ ստուգարք հանձնելու հայտ ներկայացրած կազմակերպություններն անկախ չեն, ունեն քաղաքական կողմնորոշում։

«Այս բոլոր դիտորդները, որոնք այստեղ գրանցված են, անկախ չեն։ Բոլորը ունեն այս կամ այն քաղաքական նախասիրությունը», - հայտարարեց Դանիելյանը։


80-ամյա դիտո՞րդը


Ստուգարքներն անցկացնողի՝ Տնտեսագիտական համալսարանի դասախոս Արմեն Ալեքսանյանի փոխանցմամբ, քննությանը մասնակցողների 50 տոկոսը ի վերջո հնարավորություն է ունենում դիտորդ դառնալ։

«Առավոտից ուսանողներ են այսօր գալիս, բայց միշտ այդպես չէ, բոլոր տարիքի կան, հիմնականում գերակշռում են միջինից ցածր տարիքի մարդիկ», - նշեց Ալեքսանյանը։ Հարցին, թե ամենատարեց դիտորդի թեկնածուն քանի՞ տարեկան է եղել, ստուգարքն անցկացնողը պատասխանեց․ - «Ամենաառաջին օրն էր՝ մի պապիկ էր, որը ութսունն անց կլիներ։ Ինչքան գիտեմ՝ լավ էր գրել։ Տեսողության խնդիր ուներ, մենք օգնում էինք՝ բարձրաձայն ասում էինք, ինքը դնում էր։ Ցուցանիշը լավն էր»։

XS
SM
MD
LG