Մատչելիության հղումներ

Թուրքիայում դատում են 1980 թվականի ռազմական հեղաշրջման առաջնորդներին


Քենան Էվրեն (Ձ) եւ Թահսին Շահինկայա
Քենան Էվրեն (Ձ) եւ Թահսին Շահինկայա
Ավելի քան 30 տարի առաջ իրականացված ռազմական հեղաշրջման, տասնյակ մարդկանց սպանության ու հարյուրավորների ազատազրկման համար այսօր Թուրքիայի կառավարությունը դատարանում պատասխան է պահանջում երկրի նախկին նախագահից ու պաշտոնաթող գեներալներից։

Չորեքշաբթի առավոտյան Անկարայում մեկնարկել է 1980-ին իրականացված հեղաշրջման երկու առաջնորդների՝ Թուրքիայի յոթերորդ նախագահը դարձած Քենան Էվրենի ու նրա համախոհ Թահսին Շահինկայայի դատավարությունը. գեներալներ, որոնք մարմնավորում էին մի ամբողջ դարաշրջան, երբ Թուրքիայի քաղաքական դաշտում զինվորականները ոչ միայն ամենակարող էին, այլեւ՝ անձեռնմնխելի։ Նրանց նկատմամբ դատավարությունը մի քանի տարի առաջ դեռեւս անհավանական էր թվում, սակայն վարչապետ Ռեջեփ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների արդյունքում գեներալները զրկվեցին անձեռնմխելիությունից, եւ այսօր ստիպված են դատարանի առջեւ կանգնել հինգ տասնյակ մարդու գնդակահարելու, կես միլիոնին ազատազրկելու եւ իշխանությունը բռնի ուժով զավթելու համար։

Փորձագետները փաստում են, որ դատավարությունը ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի. գեներալներից մեկը 87 տարեկան է, մյուսը՝ 94, եւ հավանական չէ, որ նրանց նկատմամբ խիստ պատիժ սահմանվի կամ իրագործվի։ Փոխարենը սա եւս մեկ հնարավորություն է Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար՝ իր իշխանությունը ամրապնդելու եւ զինվորականների դիրքերը թուլացնելու համար, փաստում են փորձագետները։

«Այս դատարավարությունը կնպաստի, որ Թուրքիայում ապագայում այլեւս իրադարձությունները չզարգանան ռազմական հեղաշրջումների ճանապարհով, անհրաժեշտ է դասեր քաղել պատմությոնից»,- այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։

Հեղաշրջման ժամանակ սպանված կամ կտտանքների ենթարկված անձանց լուսանկարները
Հեղաշրջման ժամանակ սպանված կամ կտտանքների ենթարկված անձանց լուսանկարները
Դատավարությունը մեկնարկել է լարված մթնոլորտում: Չնայած մեղադրյալները վատառողջության պատճառով նիստին չեն ներկայացել, այդուամենայնիվ, հեղաշրջման զոհ դարձած հարյուրավոր թուրքերի հարազատներ դատարանի դիմաց մեծ հանհարավաք են անցկացրել, մեկ առ մեկ ընթերցել զոհերի անուններն ու մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

«Մենք գիտեինք, որ այս օրը գալու է, որ արդարությունը մի օր հաղթելու է, եւ նրանք պատասխան են տալու իրենց արածների համար», - գոռում էին հավաքվածները՝ ցուցադրելով 30 տարի առաջ զոհված կամ անհետ կորած հարազատներ նկարները։

Չնայած ներկայացված մեղադրանքներին, երկու գեներալներն էլ չեն զղջում կատարվածի համար եւ պնդում են, որ առանց ռազմական միջամտության անհնար էր կանգնեցնել ձախերի եւ աջակողմականների միջեւ փողոցներում փոթորկվող արյունահեղությունը։

Թուրքական լրատվամիջոցներն այս օրերին հաճախ են մեջբերում Քենան Էվրենի հռետորական հարցը՝ «արդյո՞ք մենք պետք է կերակրեինք այդ ահաբեկիչներին՝ կախաղան հանելու փոխարեն»։

20-րդ դարի վերջին թուրքական բանակը այս ճանապարհով չորս կառավարություն է տապալել: 80-ականների հեղաշրջումը, սակայն, ամենարյունալին էր դրանց մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG