Մատչելիության հղումներ

Անդրեասյանը հայտարարում է, որ ինքը «անկլան պաշտպան» է


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր իր ղեկավարած կառույցի տարեկան գործունեության ամփոփման ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասն իրենց ընտրական իրավունքից պարզապես չի օգտվում:

«Ամենազավեշտալին ինչն է․ երբ խոհանոցում նստում են՝ խոսում են մարդու իրավունքների մասին։ Երբ որ գնում են ընտրատեղամաս՝ հիշում են իրենց թաղային հեղինակությանը», - մանրամասնեց օմբուդսմենը՝ ընտրողներին խորհուրդ տալով․ - «Խոհանոցում շփվեք ձեր ընկերների հետ, իսկ ընտրատեղամասում մտածեք մարդու իրավունքի մասին, այլ ոչ թե ճիշտ հակառակը»։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե որքանով են Հայաստանում պաշտպանված մարդու իրավունքները, Անդրեասյանը պատասխանեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը քանակապես չի կարող գնահատել, այլ բան է՝ որակական գնահատականը:

«Տարբեր երկրներում էլ խախտվում են մարդու իրավունքները», - շարունակեց նա, - «Եվ եթե մենք անհանգստանում ենք մարդուն խոշտանգելու հետ կապված, Դանիայում անհանգստանում են, եթե ինչ-որ մեկը աշխատանքի ընդունելուց լավ չի վերաբերվում այս կամ այն փոքրամասնության նկատմամբ։ Այ՝ սա է տարբերությունը Դանիայի եւ Հայաստանի, եթե պետք է նման համեմատություն անել»։

Մարդու իրավունքների պաշտպանն առավելապես առանձնացնում է դատական պաշտպանության խնդիրը:

«Բոլոր երկրներում էլ լինում են ե՛ւ քաշքշուկներ, ե՛ւ խնդիրներ, ե՛ւ բռնություններ, բայց բոլոր երկրներում դու կարողանում ես քո խնդիրը լուծել դատարանում եւ ստանալ արդարացի վճիռներ։ Այսինքն՝ եթե ուզում ենք միջին եվրոպացու հետ համեմատենք միջին հային, մենք էլ լինելով եվրոպացի, պետք է ասենք, որ բոլոր հարցերում նմանություններ կան, իսկ ամենատխուր տարբերությունը դատական պաշտպանության արդյունավետությունն է», - փաստեց օմբուդսմենը։

Կարեն Անդրեասյանը նաեւ հայտարարեց, որ ինքը «անկլան պաշտպան» է: Նա նկատի ունի այն, որ ինքը որեւէ թիմի անդամ չէ, որեւէ կլանի չի պատկանում: Դա, ըստ Անդրեասյանի, պետք է լիներ իր ուժեղ կողմը, բայց Հայաստանում այլ կերպ է՝ «պաշտպանի ինստիտուտը չի կարող լինել ուժեղ, որովհետեւ այս երկրում պետք է որեւէ թիմի անդամ լինես»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանն իշխանություններին ուղղված իր քննադատություններում խիստ չէ, որովհետեւ նրան այս պաշտոնում նշանակում է իշխանությունը:

«Եթե պաշտպանի թեկնածությունը առաջարկում է Հանրապետության նախագահը, եւ քաղաքական մեծամասնությունը նույն Հանրապետական կուսակցությունն է՝ այսինքն նախագահի կուսակցությունն է, բնականաբար այդ ձայների մեծամասնությամբ ընտրվելու հանգամանքը որոշակի ազդեցություն ունենում է։ Այսինքն՝ ինքը պետք է կարողանա մի բան ապացուցել, որ նման ձեւով ընտրվելու հանգամանքը գործոն չի հանդիսանում իր գործունեության համար։ Սա պետք է դեռեւս ցույց տալ», - ասում է իրավապաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրների պատճառներն ըստ օմբուդսմենի 4-ն են` կոռուպցիան, աղքատությունը, վատ վարչարարությունն ու օրենսդրական բացերը: Այսօր իր ելույթում Անդրեասյանը քննադատեց դատախազությանը, ոստիկանությանը եւ պետական այլ կառույցների:

please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG