Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն»


«Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:

«Դա պատմականորեն ձեւավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները։ Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր-օրի ամրապնդել», - շարունակել է Սերժ Սարգսյանը։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ հայ - կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես շատ տպավորված եմ: Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա եւ լսեցի: Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով», - ասել է Կիպրոսի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործությունն ստանա միջազգային ճանաչում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի ժողովրդին եւ իշխանություններին՝ կիպրահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ եւ հոգատար վերաբերմունքի համար:

Զրուցակիցները Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները կարեւորել են ոչ միայն երկկողմ, այլեւ եվրոպական կառույցների շրջանակներում համագործակցության տեսանկյունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG