Մատչելիության հղումներ

Երեւանը մեծ շուքով է պատրաստվում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհված գրքի 2012 թվականի մայրաքաղաքի տիտղոսը:

«Վաղուց Երեւանը չի ունեցել այսօրինակ պատվիրակություն` նաեւ քաղաքական տեսակետից. շուրջ 60 բարձրաստիճան պաշտոնյաների այց է սպասվում, որոնցից 13-ը քաղաքապետեր են», - ասաց Երեւանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը:

23 բեմահարթակներ են լինելու մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որտեղ բազմաթիվ երաժշտական միջոցառումներ են անցկացվելու:

«Կարծում եմ, որ դա կդառնա համաքաղաքային մեծ տոն, իրադարձություն: Ֆրանսիական հրապարակից մինչեւ Մատենադարան ձգվող պողոտայի տարբեր հատվածներում նույնպես կլինեն տոնական միջոցառումներ` բոլորի մասնակցությամբ», - նշեց Արամ Սուքիասյանը:

Հաշվի առնելով Երեւանի սակավաթիվ գրախանութները՝ քաղաքապետարանը Կասկադ համալիրում եւ Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ հրատարակիչներին տրամադրելու է բացօթյա տարածք, որտեղ կցուցադրվեն եւ կվաճառվեն տարբեր հրատարակության գրքեր:

Արամ Սուքիասյանի խոսքերով` քաղաքապետարանը 20 տեղ տրամադրել է գրավաճառ կետեր հիմնելու համար, հիմա տվյալ հրատարկիչները պետք է տրամադրեն համապատասխան էսքիզներ:

«Այս մեկ տարում գիրքը եւ ընթերցանությունը քարոզելու մի շարք միջոցներ են լինելու», - ասաց Սուքիասյանը եւ հավելեց, որ Երեւան քաղաքը պատրաստվում է տոնի։ Նա հույս հայտնեց, որ նախատասված միջոցառումների ու ծրագրերի 90 տոկոսը կիրականանան:

Սուքիասյանի խոսքերով՝ լինելու են նաեւ բարեկարգման աշխատանքներ Վերնիսաժում, քանի որ քննարկումներ են եղել, որ այն մեկ շաբաթ լիարժեք աշխատի` այնպես, ինչպես հանգստյան օրերին:

Հաջորդ տարի գրքի մայրաքաղաք է հռչակված Թաիլանդը, որի ներկայացուցիչները նույնպես գալու են Երեւան:

XS
SM
MD
LG