Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյան. «Հայաստանը պատրաստ է տարածք տրամադրել ՌՏԿ-ի համար»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվային լուսանկար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվային լուսանկար

Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցման համար, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության հարցի շուրջ: Մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այսօր հրապարակված հարցազրույցում, մասնավորապես, կարդում ենք.

«Կոմերսանտ». - «Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը չպայմանավորվեն Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության պայմանների շուրջ, արդյոք Հայաստանը իր համաձայնությունը կտա՞ իր տարածքում նմանատիպ մի կայանի կառուցման համար»:

Տիգրան Սարգսյան. - «Ինչո՞ւ ոչ»:

«Կոմերսանտ». - «Այսինքն ամեն ինչ ենթակա է քննարկմա՞ն»:

Տիգրան Սարգսյան. - «Իհարկե: Եթե մեր տարածքը նման հետաքրքրություն ներկայացնի, մենք պատրաստ ենք այդ հարցը քննարկել»:

«Կոմերսանտ». - «Իսկ ինչ վերաբերում է [ՌՏԿ-ի դիտարկման] գոտուն…»:

Տիգրան Սարգսյան. - «Այստեղ կարող են առավելություններ լինել, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: Դիտարկման գոտին կարող է ավելի լայն լինել»:

Հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ Իրանի նկատմամբ ռազմական ակցիայի հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու ղարաբաղյան խնդրի վրա.

«Կոմերսանտ». - «Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ արդեն տասնյակ եռակողմ հանդիպումներ են կայացել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, սակայն չի հաջողվել էական առաջընթաց գրանցել: Ինչո՞ւ»:

Տիգրան Սարգսյան. - «Դա կախված է նրանից, թե ով ինչ արդյունքներ էր սպասում: Այդպիսի հակամարտությունները արագ չեն կարգավորվում: Նախեւառաջ հարկավոր էր ձեւակերպել բանակցային գործընթացի պլատֆորմը, եւ այդ առումով լուրջ առաջընթաց կա: Ի հայտ է եկել խնդրի ավելի խորը ընկալում»:

«Կոմերսանտ». - «Ինչպե՞ս կազդի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա Իրանում ուժային սցենարի կյանքի կոչումը»:

Տիգրան Սարգսյան. - «Չեմ կարծում, որ զարգացումներն Իրանում իրենց ուղղակի ազդեցությունը կթողնեն Լեռնային Ղարաբաղի վրա: Ավելի շուտ դրանք կազդեն Հայաստանում առկա իրավիճակի վրա: Իրանը մեր երկու հարեւաններից մեկն է, որոնց հետ մենք հարաբերություններ ունենք: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ չկան: Միայն` Իրան ու Վրաստան: Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները խոչընդոտում են Հայաստանի հետ այդ երկրի տնտեսական կապերի զարգացմանը: Դրանք մեր շահերից չեն բխում: Դրանք սահմանափակում են մեր տնտեսության դիվերսիֆիկացիան, Հայաստանի համար մեծացնում են աշխարհաքաղաքական ռիսկերը, հարվածում են ներդրումային գրավչությանը»:

«Կոմերսանտ». - «Իսկ դուք պատրաստվու՞մ եք նրան, որ ռմբահարումների դեպքում Իրանը կփակի սահմանները»:

Տիգրան Սարգսյան. - «Մենք ունենք ազգային [անվտանգության] հստակ հայեցակարգ, ուր ուրվագծել ենք բոլոր հնարավոր ռիսկերը եւ մարտահրավերները: Ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»:

Հարցազրույցում վարչապետը նաեւ նշել է, թե Հայաստանի համար անիմաստ է անդամակցել Մաքսային միությանը [որի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը], քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի միության անդամ, երկրների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG