Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին


Վրաստան - Միլիարդատեր եւ քաղաքական գործիչ Բիձինա Իվանիշվիլին հանդիպումներից մեկի ժամանակ, փետրվար, 2012թ.

Վրաստան - Միլիարդատեր եւ քաղաքական գործիչ Բիձինա Իվանիշվիլին հանդիպումներից մեկի ժամանակ, փետրվար, 2012թ.

Վրաստանի ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին։

Երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպման մասին Իվանիշվիլիի Facebook-ի էջում գրված է, որ նա հայ համայնքին շնորհավորել է հայկական կրոնական Ծաղկազարդ տոնի կապակցությամբ։

Ըստ հաղորդագրության` հայ համայնքի անդամները շնորհակալություն են հայտնել Իվանիշվիլիին Ազգերի տուն հիմնադրելու համար, ուր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են հավաքվել, քննարկումներ անցկացնել։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ Վրաստանի իրավիճակը, հայ համայնքի ներկայացուցիչները աջակցություն են հայտնել Իվանիշվիլիի դաշինքի նպատակներին։ Նրանք նաեւ հայտնել են, որ որոշ շրջաններից մարդիկ հրաժարվել են գալ հանդիպմանը, որովհետեւ նրանց զանգահարել եւ զգուշացրել են` չհամագործակցել Իվանիշվիլիի հետ։

Այս մասին հաղորդում է «Կովկասպրես» լրատվական գործակալությունը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության համակարգող Առնոլդ Ստեփանյանը ասաց, որ տասն օր առաջ Իվանիշվիլին հանդիպել էր ադրբեջանական համայնքի, հիմա էլ` հայ համայնքի ներկայացուցիչներին։

Ստեփանյանը թեեւ հանդիպմանը ներկա չի եղել, բայց ասաց, որ տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը։ Հանդիպմանը մասնակցել են մայրաքաղաք Թբիլիսիից եւ Վրաստանի տարբեր շրջաններից, այդ թվում` Ջավախքից, Աջարիայից, Քվեմո Քարթլիից հայ համայնքի ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ, մտավորականներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ։

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության համակարգողի փոխանցմամբ, Քվեմո Քարթլիի` դա Շահումյան ավանն է, Բոլնիսի, Մառնեուլի քաղաքները, եւ Ջավախքի ներկայացուցիչներին խոչընդոտել են, առնվազն վեց մարդ չի կարողացել գալ հանդիպմանը։

«Տեղեկատվություն կա, որ պարեկային ոստիկանությունը խոչընդոտել է, չի թողել, որ նրանց մեքենաները Թբիլիսի հասնեն, մի քանիսին իջեցրել են տաքսիներից», - ասաց Ստեփանյանը։

Նրա փոխանցմամբ` հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ Բիձինա Իվանիշվիլին ձգտում է ձեռք բերել հայ համայնքի աջակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որ անցկացվելու են այս աշնանը` հոկտեմբերի սկզբին։

Հանդիպմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչները համագործակցության հուշագիր են պատրաստել Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքի հետ եւ այն փոխանցել դաշինքին։ «Այսինքն, որ նրանք պաշտպանում են «Վրացական երազանք»-ին», - մանրամասնեց Առնոլդ Ստեփանյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ չնայած ներկայացուցչական կազմին` չի կարելի ասել, թե հանդիպման մասնակիցները ներկայացրել են Վրաստանի ամբողջ հայ համայնքը։ Համայնքում քիչ չեն նաեւ իշխանության` «Ազգային շարժման» աջակիցները, կան նաեւ այլ կուսակցությունների պաշտպաններ։ «Բայց, ինչպես երեւում է, Բիձինա Իվանիշվիլին կունենա սեփական բավականին ուժեղ հայերի խումբ, որը ընտրություններում կպաշտպանի նրա կոալիցիային», - ասաց Առնոլդ Ստեփանյանը։

Նրա խոսքերով` հայ համայնքի հետ աշխատանքը նոր է սկսվում, համենայն դեպս` դա երեւում է հանդիպման ժամանակ Իվանիշվիլիի տված խոստումներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG