Մատչելիության հղումներ

Ապրիլի 4-ի մամուլ


«Առաջիկա խորհրդարանի ընտրությանը Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը հակակշիռների առավելագույնս երաշխավորված մեխանիզմների ձեւավորումն է, որպեսզի իրադարձությունների որեւէ զարգացման պարագայում խորհրդարանը իր համար լինի միարժեք կառավարելի եւ անակնկալներ չմատուցի նախագահի 2013 թվականի ընտրությունից առաջ», - գրում է «Ժամանակ»-ը, - «ՀՀԿ համար բացարձակ մեծամասնություն ապահովելու հավակնությունը, թերեւս, պայմանավորվում է հենց դրանով, որովհետեւ ինչքան էլ Սերժ Սարգսյանը վստահի Բարգավաճ Հայաստանին, կամ որքան էլ վստահ լինի, որ այդ կուսակցությունն իր բռի մեջ է, եւ որքան էլ որ նույն վստահությունն ունենա Ռոբերտ Քոչարյանի հարցում, միեւնույն է` նա չի կարող անվերապահ հավատալ նրանց: Սերժ Սարգսյանն, անկասկած, լավ է պատկերացնում, որ հնարավորության դեպքում թե՛ Բարգավաճ Հայաստանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը կարող են բարեկամանալ, ասենք, Հայ ազգային կոնգրեսի հետ, եթե տեսնեն այդ բարեկամության շնորհիվ իշխանության գալու հնարավորություն: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը պետք է բացարձակ մեծամասնություն ապահովի ՀՀԿ համար, որ նոր միայն հետո կարողանա հանգիստ նստել եւ Բարգավաճ Հայաստանին ընտրության տարբերակներ առաջարկել հետխորհրդարանական իշխանության բաժանման գործընթացում»։

«Հրապարակ»-ը զրուցել է Էրեբունու նախկին թաղապետ, թիվ 13 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածությունն առաջադրած Մհեր Սեդրակյանի հետ, ում միակ մրցակիցը այս ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանն է։ Լրագրողը հարցնում է․ - «Ինչպե՞ս եք մեկնաբանում, որ այլ կուսակցությունից Ձեր դեմ թեկնածուներ չեն առաջադրվել»: Պատասխան․ - «Երեւի անձը հարգելով, թե հեղինակությունը գնահատելով՝ չառաջադրվեցին: Պարտադիր չի, որ ես աշխատանքի լինեմ, որ ինձ հարգեն, ես ժողովրդականություն վայելող մարդ եմ: Ինչո՞ւ համար ծախսեր անեն անտեղի»: Հարց․ - «Թե՞ վախեցել են…»։ Պատասխան․ - «Ես էդ տարիքից դուրս եմ եկել, դա կարող էր լիներ մինչեւ 40-50 տարեկան, ես արդեն 60 տարեկան մարդ եմ, ինչի՞ց պետք ա վախենան: Ես, ընդհակառակը, իմ չափը գիտեմ: Մարդիկ մինչեւ չեն շփվում, չեն պատկերացնում, թե ով ենք: Շփվելուց հետո սավսեմ ուրիշ կարծիք են կազմում: Իսկ էնքան սակավամիտ մարդիկ կան, առանց շփվելու լսում են՝ վայ Մհեր, մի հատ էլ Թոխմախի Մհեր, էդ Թոխմախի Մհերն էդքան էլ սարսափելի չի, ընդամենը Թոխմախի Մհերի հետ պետք ա շփվել, նոր կարծիք կազմել»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ երեկ հրավիրած խորհրդակցությանը, որի ժամանակ նա հայտարարել է, թե իրենք անաչառ են լինելու, իսկ իրենց մոտեցումները՝ վերկուսակցական եւ վերքաղաքական, գրում է․ - «Ամեն ինչ կարծես թե ճիշտ է՝ բացի ամսաթվից։ Ըստ էության՝ պարոն Գասպարյանն այս հայտարարությունը պիտի ապրիլի 1-ին աներ։ Չնայած՝ նա մեղավոր չէ, որ ապրիլի 1-ը կիրակի է եղել, եւ աշխատանքային խորհրդակցությունը երկու օրով հետաձգվել է։ Սաստիկ անաչառ այդ կառույցն արդեն առիթ ունեցել է իր մասնակցությունը բերել ընտրությունների նախապատրաստմանը՝ հրապարակելով ընտրողների ցուցակները, ինչը զվարճանքի անմոռանալի պահեր է պարգեւել հայ հանրությանը։ Ցուցակներում, ինչպես հայտնի է, տեղ են գտել հարյուրավոր Լուսինեներ, հարեւան հանրապետությունների բնակիչներ, հանգուցյալներ եւ այլն։ Ի դեպ, պարոն Գասպարյանը ճիշտ կաներ, եթե «չմանրանար» եւ հասցե-հասցե անուններ հորինելու փոխարեն միանգամից մի երկու նոր թաղամաս հորիներ՝ իրենց ընտրողներով։ Ասենք՝ Վովաշեն, Վովագավիթ, Նոր Վովք եւ այլն»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը մարտի 3-ից գտնվում է կալանքի տակ եւ մեղադրվում է զենք-զինամթերք հափշտակելու համար: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել են ՀՔԾ-ից: Հիշեցնելով, որ նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Վանիկ Մանուկյանի վերադասը՝ ոստիկանության զորքերի արդեն նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյանը, թերթը փորձել է պարզել, թե որքանո՞վ է ՀՔԾ-ում քննվող գործը Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը դարձել։ Գարեգին Գաբրիելյանը թերթին փոխանցել է, որ ինքը գործից տեղյակ չի եղել եւ այլ հարցերի հրաժարվել է պատասխանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG