Մատչելիության հղումներ

logo-print

Բաղդասարյան. Նախարարը պարտավոր է քարոզել իր կուսակցության օգտին


ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյան

Լոռու մարզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ նախարարները պարտավոր են քարոզել իրենց կուսակցությունների օգտին:

Կիրակի օրը գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը աշխատանքային այց էր կատարել Տավուշի մարզ: Բերդ քաղաքում նա անդրադարձել է ոչ միայն գյուղատնտեսության առնչվող ծրագրերին եւ խնդիրներին, այլ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա հորդորել է սատարել ՕԵԿ-ին:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք նախարարը չի խախտում օրենքը՝ կուսակցության քարոզչությունը անելով, ՕԵԿ ղեկավարը պատասխանեց, որ սա Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում է, Կարապետյանը ՕԵԿ քաղխորհրդի անդամ է եւ նույնիսկ պարտավոր է քարոզել իր կուսակցության օգտին:

«Կարդացեք ՀՀ օրենքը՝ նախարարների պաշտոնը քաղաքական է, եւ նրանք պարտավոր են քարոզել իրենց կուսակցության օգտին: Դրա համար էլ քաղաքական պաշտոնները տարանջատվել են հայեցողական պաշտոններից, քաղաքացիական ծառայողներից, հատուկ ծառայողներից: Նախարարը եւ իրավունք ունի, եւ պարտավոր է, երբ կսկսվի քարոզարշավը, քարոզել: Մինչեւ քարոզարշավը եւ նախարարը, եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ներկայացնել իր համակրանքը», - ասաց Արթուր Բաղդասարյանը:

Բաղդասարյանը Վանաձորում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագիրը: Նշենք, որ վեց ամսվա ընթացքում սա արդեն նրա երրորդ այցն է Լոռու մարզ:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե արդյո՞ք հանդիպումը քարոզարշավի բնույթ չի կրում, ՕԵԿ ղեկավարը պատասխանեց. - «Մենք ներկայացնում ենք մեր կուսակցականներին, համախոհներին, թե ինչպիսի ծրագրով ենք գնում ընտրությունների, եւ դա որեւիցե առնչություն չունի նախընտրական քարոզարշավի բուն մեկնարկի հետ, չնայած որ այսօր բոլոր կուսակցություններն էլ ներկայացնում են: Մենք ներկայացնում ենք ոչ թե լայն հանրությանը, այլ մեր կուսակցության անդամներին, որովհետեւ նրանք ամսի ութից սկսած պետք է ստանան այդ նախընտրական ծրագիրը», - ասաց Բաղդասարյանը:

Նշենք, որ Բաղդասայանի հետ հանդիպմանը նաեւ ոչ կուսակցականներ էին եկել:

ՕԵԿ ղեկավարը լրագրողների հետ հանդիպմանը նաեւ ասաց, որ կուսակցությունը չի թերագնահատում իր մրցակիցների ներուժը, բայց եւ այնպես իրենք ներկայացնելու են մրցունակ ծրագիր, որն ուղղված է լինելու սոցիալական բոլոր խավերին, եւ առաջնորդվելու են կոնկրետ գաղափարներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG