Մատչելիության հղումներ

«ԵՄ-ում գիտակցում են՝ իրենք միգրանտների կարիք ունեն»


Հայաստան -- Սեզոնային աշխատանքի մեկնող միգրանտները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Հայաստան -- Սեզոնային աշխատանքի մեկնող միգրանտները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Վերջին տասնամյակում Եվրամիության երկրներում ավելացել է տարբեր երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից ներգաղթյալների հոսքը:

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգերի գնահատմամբ, Եվրամիությունը գիտակցում է, որ անհնար է սահմանափակել ներգաղթյալերի հոսքը, ելնելով մի շարք հանգամանքներից․ - «Եվրոպայում ժողովրդագրական գործոնները, ազգաբնակչության ծերությունը, որոշ մասնագիտությունների գծով որակյալ աշխատուժի պակասը հանգեցրել է նրան, որ Եվրամիությունում գիտակցում են՝ իրենք միգրանտների կարիք ունեն»։

Այս երկրները ուզում են ունենալ բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնք կգան իրենց մոտ կաշխատեն, բայց չեն մնա ...
Ալինա Պողոսյան, փորձագետ...

Ներգաղթյալների հոսքը կարգավորելու եւ այդ ամենը օրինական հիմքերի վրա բերելու նպատակով ստեղծվել է շարժունակության շուրջ գործընկերության գաղափարը:

Հայաստանի հետ շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ հռչակագիրը ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերին: Շարժունակությունը դա օրինական միգրացիան է, եւ ինտեգրումը համապատասխան երկրում: Ծրագիրը նոր է մեկնարկում, եւ դրա օգուտների մասին դեռ վաղ է խոսել, ասում է Եվրամիության ներկայացուցիչը:

Նման ծրագրերի վերաբերյալ միգրացիոն հարցերով փորձագետ Ալինա Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հետեւյալ կարծիքը հայտնեց․ - «Այս գաղափարը առաջադրվել է զարգացած երկրներում՝ իմիգրացիայի երկրներում, եւ, բնականաբար, շահերը շատ տարբեր են։ Այս երկրները ուզում են ունենալ բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնք կգան իրենց մոտ ուղղակի կաշխատեն, բայց չեն մնա»։

Թե որքանով է դա նպատակահարմար Հայաստանին՝ ոչ ոք չի ուսումնասիրում, ասում փորձագետը:


Հայաստանից միգրացիան փոխվում է «որակով»


Միգրացիոն հարցերով փորձագետ Ալինա Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ժամանակի ընթացքում միգրացիան փոխվում է որակով։

«90-ական թվականներին հիմնականում մեկնում էին մարդիկ, ովքեր ունեին կենցաղ ապահովելու խնդիրներ՝ մութ ու ցուրտ տարիներ էին, աղքատություն էր եւ մարդիկ ստիպված էին մեկնել իրենց գոյությունը պահպանելու համար։ Հաջորդ տասնամյակում արդեն մարդիկ բազիսային կարիքները կարողացան ապահովել, բայց աշխատանքի խնդիր առաջացավ՝ աշխատանքային միգրացիայի շրջան էր», - նշում է փորձագետը՝ առանձնացնելով նաեւ միգրացիայի երրորդ փուլը․ - «Հիմա մարդիկ փնտրում են սոցիալական արդարություն, ապագայի նկատմամբ վստահություն, կարիերայի հնարավորություններ, խոսքի ազատություն են փնտրում․ արժեքներն են փոխվել։ Արդեն ուրիշ խավն է մեկնում՝ ավելի մեծ հմտություններ ունեցող եւ ավելի բարձր կրթական մակարդակ ունեցող մարդիկ»։

Արդեն ուրիշ խավն է մեկնում՝ ավելի մեծ հմտություններ ունեցող եւ ավելի բարձր կրթական մակարդակ ունեցող մարդիկ ...
Ալինա Պողոսյան, փորձագետ...

Նշենք, որ Հայաստանի ներքին եւ արտաքին միգրացիոն հոսքերի գնահատմանն ուղղված վերջին ուսումնասիրությունը, ըստ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի, կատարվել է 2007 թվականին, որն իր մեջ ներառել է 2002-ից 2007 թվականների տվյալները:

«Այդ հետազոտության հեղինակները գնահատել են արտաքին միգրացիոն հոսքը 6 տարիների ընթացքում 150 հազար՝ 2007 թվականը ներառյալ», - պարզաբանում է Եգանյանը։ - «Վեց տարիների ընթացքում տարեկան միջին հաշվով 25 հազարի ծավալի մասին է խոսքը»։

2008 թվականից ի վեր միգրացիոն հոսքերի ծավալների ուսումնասիրություն չի իրականացվել, ասում է Եգանյանը, հավելելով, որ նման հետազոտություններ արվել են միայն միջազգային կազմակերպությունների պատվերով եւ ֆինանսավորմամբ, իսկ պետությունը նման ծրագիր չի ֆինանսավորել:

please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG