Մատչելիության հղումներ

Երեւանի պետական համալասարանի (ԵՊՀ) կենտրոնական մասնաշենքում դանակահարություն է տեղի ունեցել:

Այսօր ժամը 13.30-14.00-ն ընկած հատվածում դեռեւս անհայտ անձի կողմից դանակահարվել են ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ՝ 21-ամյա Սարգիս Նազարեթյանն ու նրա մորաքրող որդին՝ 20-ամյա Գոռ Խաչատրյանը: Նազերեթյանը փայծաղի եւ աճուկային մասի վնասվածքներ է ստացել, նրա զարմիկի վնասվածքներն ավելի թեթեւ են: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:

Թիվ 1 համալսարական հիվանդանոցում «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ բժիշկները մի քանի ժամ վիրահատել են Նազարեթյանին, վիրահատությունը լավ է անցել, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Համալսարանի պահպանության ծառայության պետ Մարտին Աջապյանը ականատես է եղել այսօրվա միջադեպին: Նա պատմեց, որ միջանցքից ձայներ է լսել, դուրս է եկել, միջամտել, բայց գոռգոռոցների մեջ չի հասցրել վեճի պատճառն իմանալ: Ի դեպ, պահպանության ծառայության պետը չի նկատել Խաչատրյանի վնասվածքները. դրանք կամ տեսանելի չեն եղել, կամ վերջինիս հետ կռիվը այլ վայրում է շարունակվել, քանի որ երիտասարդը առաջին միջադեպից մոտ մեկ ու կես ժամ հետո է տեղափոխվել հիվանդանոց:

Հարցին, թե վիճաբանողների մեջ դրսից մարդիկ կայի՞ն, Աջապյանը պատասխանեց, թե ստույգ չի կարող ասել. - «Եղածների միջից ես դեմքով մի 10-12 հոգու ճանաչում եմ, բոլորը նույն կուրսի ուսանողներն էին, բայց դե ինչ չէին կիսել իրար մեջ…, նման դեպքեր չեն եղել, որ շենքի ներսում կռվեին», - ասաց նա:

ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայան հետ զրույցում դեպքի մի վարկած փոխանցեց. նա ասաց՝ կռիվը աղջկա պատճառով է ծագել:

«Այդպիսի մի վարկած կա, որ մի օրիորդի պատճառով է այդ վիճաբանությունը եղել եւ դանակահարողը, ըստ նախնական տվյալների, աղջկա ազգականն է կամ ծանոթը: Դանակահարությունը ետեւից է եղել՝ այսինքն տմարդի ձեւով: Բացի նրանից, որ հանցագործություն է արել այդ խուլիգանը, նաեւ հարվածել է մեջքից: Այդպիսի տվյալներ ունեմ ես: Քննչական մարմինները աշխատում են, տեղազննություն է կատարվում, հարցաքննություններ են ընթանում: Չեմ կարող ասել, թե դանակահարողը համալսարանի ուսանող է, թե՝ ոչ: Քննչական մարմինները պարզում են: Շատ դժվար է ասել, երբ բոլորը բերանները ջուր են առնում եւ լռում, ես նկատի ունեմ մեր երիտասարդներին, որոնք հանցագործությունը բացահայտելու փոխարեն աշխատում են չխառնվել եւ բերանները փակ պահել, որ իբր իրենցից որեւէ խոսք դուրս չքաշեն», - ասաց ռեկտորը:

Սիմոնյանն ասաց՝ Նազարեթյանը գերազանց է սովորում համալսարանում: «Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց նաեւ պարզել, որ դանակահարված երիտասարդները երեւանցի չեն, մայրաքաղաքում վարձով են բնակվում:

ԵՊՀ-ի ռեկտորն ասաց՝ եթե պարզեն, որ դանակահարող համալսարանի ուսանող է, նրան կհեռացնեն բուհից:

«Նման անձը համալասարանում տեղ չունի», - ասաց նա:

Դեպքի առիթով ձերբակալված կամ ձերբակալվածներ չկա: Ինչպես ոստիկանությունն է հաղորդում, դեպքի հանգամանքները պարզվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG