Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքվի նկատմամբ ճնշումների արշավ սոցցանցերում


Amensty International-ի զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ, արխիվային լուսանկար
Amensty International-ի զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ, արխիվային լուսանկար

Արշավը սկսել է Amnesty International-ը` օգտագործելով «Եվրատեսիլ»-ի ընձեռած առիթը։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ճնշումների արշավ է սկսել սոցիալական ցանցերում` պահանջելով հարգել խոսքի ազատությունը եւ ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար արդեն մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են խաղաղ հանրահավաքի ընթացքում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Amnesty International-ի ներկայացուցիչ Մաքս Թաքերը, իրենք օգտագործում են Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընձեռած առիթը եւ միջազգային ուշադրությունը` Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ճնշումներն ավելացնելու համար։

«Այս արշավը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին` ազատ արձակել այդ երկրում արդեն մեկ տարի ճաղերի հետեւում պահվող 14 խղճի գերիներին, մենք կոչ ենք անում նաեւ Եվրոպական հեռարձակողների միությանը` ավելացնել հրապարակային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ` բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Եվրոպական հեռարձակողների միությունը մի կազմակերպություն է, որ սատարում է խոսքի ազատությունը, եւ եթե նրանք ասում են, որ պաշտպանում են ազատ խոսքը, այժմ նրանք պետք է հավաստեն, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է մի երկրում, որտեղ մարդու իրավունքների տեսակետից պատշաճ միջավայր է», - ասաց Թաքերը` հավելելով, որ Ադրբեջանում խոսքի ազատության համար բարենպաստ միջավայր չէ, քաղաքացիները ստիպված են կռիվ տալ ազատ խոսքի համար եւ վերջին 20 տարիների ընթացքում վախի մթնոլորտում են ապրում:

Amnesty International-ի նախաձեռնած արշավի շրջանակներում հայտնի եվրոպացի երգիչները, ովքեր նախորդ տարիներին մասնակցել կամ հաղթել են «Եվրատեսիլ»-ում, իրենց տեսակետն են արտահայտելու կայքէջում, կոչով դիմելու են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին: Արդեն իսկ իրավապաշտպան կազմակերպության կայքում դրված է բրիտանացի հայտնի երգչուհի, 1967 թվականի «Եվրատեսիլ»-ի հաղթող Սենդի Շոուի կոչը, ով անդրադառնում է վերջին աղմկահարույց դեպքին` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովայի նկատմամբ սպառնալիքներին, շանտաժին եւ եւ նրա ինտիմ կյանքի վերաբերյալ տեսանյութի հրապարակմանը։ Սենդի Շոուն գրում է. - «Փաստը, որ ոմանք կարող են այսքան ցածրանալ ազատ լրագրողին լռեցնելու իրենց փորձերում, զզվանք եւ սրտխառնոց է առաջացնում: Մարդիկ, ովքեր կանգնած են այս շանտաժի հետեւում, պետք է պատժվեն, եւ ազատ լրագրողների հետապնդումներին Ադրբեջանում պետք է վերջ դրվի»։

Մաքս Թաքերը նշեց, որ աշխատելու են նաեւ այս տարվա «Եվրատեսիլ»-ի մասնակից երգիչներին ներգրավել իրենց արշավում, որպեսզի նրանք եւս արտահայտվեն, բացի այդ` սոցիալական ցանցերում եւս ակտիվ գրոհ են սկսում. - «Մենք Twitter եւ Facebook արշավներ ենք սկսում, մարդկանց խնդրում ենք Facebook-ով եւ Twitter-ով նամակներ ուղարկել Եվրոպական հեռարձակողների միությանը, որ հրապարակայնորեն պահանջեն կալանված խղճի գերիների ազատ արձակումը եւ հրապարակայնորեն դատապարտեն մարդու իրավունքների ոտնահարումները Ադրբեջանում, ինչպես նաեւ ակտիվորեն գրեն Ադրբեջանի նախագահ Ալիեւի Twitter-ի էջին` կոչ անելով ազատ արձակել այդ բանտարկյալներին»։

«Իսկ որքանո՞վ արդյունավետ կլինի այս արշավը, ինչպե՞ս եք գնահատում հաջողության հասնելու ձեր հնարավորությունները» հարցին Մաքս Թաքերը պատասխանեց, որ անցյալում միջազգային ճնշումները արդյունք ունեցել են, ասենք` լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի կամ երկու ադրբեջանցի բլոգերների` Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլիի ազատ արձակումը։

Եթե նման ճնշումները արդյունք չտան, հնարավո՞ր է, որ եվրոպական երկրները բոյկոտեն մրցույթն ու չմասնակցեն դրան` այս առնչությամբ Մաքս Թաքերն ասաց. - «Amnesty International-ը երբեւէ բոյկոտելու կոչ չի արել եւ բոյկոտը որպես պատժամիջոց չի դիտարկում, քանի որ դրանք հաճախ անարդյունավետ են, եւ մենք չենք ցանկանում պատասխանատվություն ստանձնել նման կոչեր հնչեցնելու համար, սակայն մենք «Եվրատեսիլ»-ը դիտարկում ենք որպես լավ հնարավորություն` ընդգծելու մարդու իրավունքների ոտնահարումները մի երկրում, որ հաճախ անտեսվում է միջազգային հանրության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG