Մատչելիության հղումներ

logo-print

Հեֆերնը կոչ է անում պայքարել հանուն փոփոխությունների


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ նշելով, որ բազմաթիվ հայեր կասկածում են, թե հնարավոր է երկրում իրականացնել բովանդակալից փոփոխություններ, հայտարարեց, թե Միացյալ Նահանգները կօգնի այն խիզախ, հայրենասեր ու նվիրյալ հայերին, ովքեր «ի զորու են փոխել իրենց աշխարհը»:

Նման հայտարարություն Միացյալ Նահանգների դեսպանն արեց երկուշաբթի օրը «Հրազդան» հյուրանոցում հավաքված երեւանյան տարբեր բուհերի ուսանողների եւ դասախոսների առջեւ ունեցած ելույթի ժամանակ:

Ելույթի, որը վերնագրված էր «Հայ-ամերիկյան հարաբերություններ. Առաջիկա 20 տարիները», Ջոն Հեֆերնը նվիրել էր Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ պաշտոնական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:

«Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Հայաստանին` բարեկեցիկ, ժողովրդավար եւ արմեւտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ: Մենք դա անում ենք` գործընկերային կապեր հաստատելով այն հայստանաբնակների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները, այն է` իշխանության տարանջատման, խոսքի ազատության, օրենքի գերակայության համընդհանուր արժեքները, եւ մենք հավատում ենք, որ ի զորու ենք փոփոխություններ կատարել` լինելով լավատես ու մի փոքր անհամաբեր, եւ հուսով ենք` հայերը նույնպես հավատում են դրան», - ասաց ԱՄՆ-ի դեսպանը:

«Այս նույն արժեքները ապահովում են այն հիմքը, որի վրա կառուցվելու են հայ-ամերիկյան հարաբերությունները առաջիկա 20 տարիների ընթացքում: Եթե մենք համաձայնության ենք գալիս, որ մեր հարաբերությունները կառուցվելու են ժողովրդավարության եւ ազատ շուկայական տնտեսության այս հիմնարար սկզբունքների հանդեպ մեր ունեցած ընդհանուր պարտավորության շուրջ, ապա մենք կունենանք արդյունավետ ու ծանրակշիռ համագործակցության իրականա հիքմեր», - ընդգծեց Հեֆերնը:

Դեսպանը նշեց, որ Հայաստանում բոլորը չէ, որ ընդունում են այս արժեքները:

«Կան այնպիսիք, ովքեր հավատացած են, որ պետք է լինեն «բացառություններ» (սովորաբար իրենց համար) կամ «վերապահումներ», եւ նրանցից ոմանք ունեն փոփոխությունների ճանապարհը փակելու ուժ: Երեւի ձեզ համար զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ բազմաթիվ հայեր, որոնց հետ խոսելու առիթ եմ ունեցել, կասկածում են, որ հնարավոր է կատարել բովանդակալի փոփոխություններ: Նրանք պնդում են, որ վերնախավի ներկայացուցիչներն արդեն խաղի իրենց համար նպաստավոր պայմաններ են ձեւավորել, եւ նրանք այնքան հզոր են, որ կարող են երաշխավորել, որ բարեփոխումները չվտանգեն իրենց շահերը: Այս դիրքորշումից ելնելով` Հայաստանը չի գտնվում ազատ շուկայական տնտեսության միջոցով բարեկեցության ապահովման եւ ժողովրդավարության կայուն ու էվոլյուցիոն զարգացման ճանապարհին: Դրա փոխարեն այս հայերը վախենում են, որ բարեփոխումներն իրենց երկրում լճացած են եւ դրա արդյունքում իրական հնարավորությունները` քաղաքական կամ տնտեսական, հասու են միայն սակավաթիվ մարդկանց: Կարծում եմ` այս տեսակետին պետք է լրջորեն վերաբերվել, քանի որ Հայաստանում շատերն են այդպես կարծում», - ասաց Հեֆերնը:

«Ես գիտեմ` կան խիզախ, հայրենասեր եւ նվիրյալ հայեր, ովքեր ի զորու են փոխել իրենց աշխարհը: Նրանցից ոմանք պաշտոնական կոչում ունեն, ոմանք աշխատում են ՀԿ-ներում, բուհերում կամ ձեռնարկություններում: Ոմանք էլ միգուցե հենց այստեղ են` այս սենյակում: Միացյալ Նահանգները կօգնի նրանց իրենց նպատակների կենսագործման հարցում, այնքանով, ինչքանով, որ կարողանա օգտագործել իր ռեսուրսները», - շարունակեց նա:

Իր խոսքում նշելով, որ վերջին համապետական ընտրությունները Հայաստանում ուղեկցվել են խախտումներով, դեսպանը խոսեց նաեւ գալիք խորհրդարանական ընտրություններից:

«Հասկանում եմ, որ լուրջ թերահավատություն է տիրում: Վերջերս Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ժամանակ հարցվողների միայն 12 տոկոսն է նշել, որ ակնկալում են ազատ եւ արդարացի ընտրություններ: Տասներկու տոկոս: Հիմա պետք չէ, որ մենք այսօր փորձենք պարզել, թե նրանց կասկածները ինչքանով են հիմնավորված, սակայն ես ուզում եմ հարցնել, թե այսպիսի կասկածներ ունեցող մարդիկ ինչպե՞ս են արձագանքելու: Արդյո՞ք նրանք ամեն ինչ թողնելու են իշխանությունների տնօրինմանը, թե՞ ավելի վատ, նրանք ուղղակի բաց են թողնելու փոփոխության հնարավորությունը: Օրինակ, ոմանք արդեն կանխավ հայտարարել են, որ մայիսին կայանալիք ընտրությունները կեղծվելու են եւ այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի քվեարկության հաջորդ օրը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են կառուցել ժողովրդավարություն Հայաստանում, չեն կարող սահմանափակվել հայտարարություններով այն մասին, թե ինչ պետք է անեն «նրանք»: Դրա փոխարեն, այդ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր եւ դաշինքներ` իրենց ձայները լսելի դարձնելու համար, մշակեն եւ գործարկեն կեղծիքները կանխելու ու կառավարությանն հաշվետվողականությունն ապահովելուն ուղղված մեխանզիմներ», - ամփոփեց Ջոն Հեֆերնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG