Մատչելիության հղումներ

Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում հնչելու են հենց Ստարդիվարիուսի գործիքները:

Այս մասին այսօր հայտնեցին համաշխարհային հռչակ ունեցող «Տոկիո» լարային քառյակի անդամները՝ հավելելով, որ գրեթե միշտ այդ գործիքներով են նվագում, բայց անվտանգության նկատառումներից ելնելով, օրինակ, Չինաստանում եւ Բրազիլիայում ճամփորդել են այլ գործիքներով:

«Տոկիո» լարային քառյակն առաջին անգամ Հայաստան է այցելել 2005 թվականին՝ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանի խոսքով, 7 տարի պահանջվեց, որպեսզի քառյակը ժամանակ գտնի եւ կրկին Հայաստան գա համերգներով։ Խումբը չափազանց խիտ գրաֆիկ ունի` տարեկան գրեթե 100 համերգ:

1969 թվականին Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտանոցում հիմնադրված քառյակը կրում է «Տոկիո» անունը, քանի որ հիմնադիրները ճապոնացիներ էին. նրանցից մեկը մինչ այժմ ելույթ է ունենում քառյակում:

Նշենք, որ հայազգի երաժիշտները եւս իրենց հետքը թողել են քառյակի ձեռագրի վրա, քանի որ 15 տարի խմբի առաջին ջութակահարը ծագումով հայ Փիթեր Ունջյանն էր, իսկ հիմնադիրներից Կաձուհիրե Իսոմուրան մեծանուն Իվան Գալամյանի աշակերտն է:

Քառյակն իր ներկա կազմով հանդես է գալիս 2002 թվականից: Երաժիշտները նշեցին, որ իրենց երկարատեւ հաջողության գաղտնիքը նվիրվածությունն է կամերային երաժշտությանը եւ այն երգացանկին, որը կատարում են:

Քառյակի 4 անդամներն էլ նվագում են ջութակներ պատրաստող անգերազանցելի վարպետ Ստրադիվարիուսի գործիքներով, որոնցից ամենահինը 1680 թվականին պատրաստված ջութակն է, իսկ համեմատաբար նորը 1736-ին պատրաստված թավջութակն է: Այս բոլոր գործիքներով ժամանակին նվագել է իտալացի վիրտուոզ ջութակահար, կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին: Այդ պատճառով քառյակը կոչում են նաեւ «Պագանինի քառյակ»:

«Հետաքրքիրն այն է, որ այդ 4 գործիքները չեն պատրաստվել հատուկ քառյակում հնչելու համար: Օրինակ, իմ եւ Մարտինի ջութակների միջեւ 47 տարվա տարբերություն կա: Իմ կարծիքով` այդ գործիքներից յուրաքանչյուրն իր հոգին ունի: Բայց երբ դրանք միասին ենք հնչեցնում, կարծում եմ` հրաշք է տեղի ունենում», - ասաց խմբի ջութակահար Կիկուեյ Իկեդան:

Քառյակը թողարկել է 40 ձայնասկավառակ, 7 անգամ ներկայացվել է «Գրեմմի»-ի անվանակարգերում: Պաշտոնապես հայտարարվել է, որ 2013 թվականի հունիսին անդամներից երկուսը՝ Կիկուեյ Իկեդա եւ Կազուհիդե Իզոմուրան անցնում են թոշակի: Հարցին՝ ինչո՞ւ, Կիկուեյ Իկեդն պատասխանեց. - «Հնարավոր է, որ ես 20 տարեկանի տեսք ունեմ, բայց ես 65 տարեկան եմ, իսկ ջութակահարի համար 65 տարեկանը բավականին մեծ հասակ է: Ես կշարունակեի քառյակում նվագել, եթե զգայի, որ կարողանում եմ լավագույն կերպով նվագել, ինչպես նախկինում, բայց երբ զգում եմ, որ չեմ կարողանում, ես պետք է գնամ»։

XS
SM
MD
LG