Մատչելիության հղումներ

logo-print

«Սիրիական ժողովրդի բարեկամների» հավաքը սպառնում է նոր պատժամիջոցներով


«Սիրիայի բարեկամներ» հանդիպման մասնակիցները Ստամբուլում, 1-ը ապրիլի, 2012թ․

«Սիրիայի բարեկամներ» հանդիպման մասնակիցները Ստամբուլում, 1-ը ապրիլի, 2012թ․

Եթե մոտ ապագայում Սիրիայի իշխանությունները չդադարեցնեն բռնի գործողությունները, Ասադի վարչակազմի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը կրկին կհայտնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում: Սա է, թերեւս, այն առանցքային որոշումը, որին հանգեցին երեկ Ստամբուլում կայացած համաժողովի մասնակիցները:

«Սիրիական ժողովրդի բարեկամների» հավաքը, որին մասնակցում էին ավելի քան 80 պետությունների ղեկավարներն ու արտաքին գործերի նախարարները, նույնիսկ նման ընդհանրական ձեւակերպմանը կարողացավ հանգել միայն ժամեր տեւած քննարկումներից հետո: Ակնհայտ է, որ միջազգային հանրության շրջանում միասնական մոտեցում չկա Սիրիայում իրականացվելիք հետագա քայլերի վերաբերյալ:

Պարսից ծոցի արաբական միապետությունները՝ նախեւառաջ Սաուդյան Արաբիան եւ Քաթարը, կոչ են անում զենքի ու զինամթերքի ուղղակի մատակարարումներ սկսել, ինչը հնարավորություն կտա սիրիական ընդդիմությանը շարունակել դիմադրությունը:

Թուրքիան հանդես է գալիս Սիրիայի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծելու օգտին: Անկարան նաեւ համակարծիք է Ֆրանսիայի հետ, որը պնդում է, թե հարկավոր է սիրական ընդդիմությանը միավորող Ազգային խորհուրդը ճանաչել որպես սիրիական ժողովրդի շահերը ներկայացնող միակ լեգիտիմ կառույց:

Չինաստանն ու Ռուսաստանը համոզված են, որ հարկավոր է շարունակել դիվանագիտական աշխատանքը Բաշար Ասադի կառավարության հետ:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա, պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ընդդիմությանն առայժմ պետք է աջակցել ֆինանսապես, ինչպես նաեւ օժանդակ միջոցներով՝ օրինակ դեղորայքով կամ դաշտային ռադիոկայաններով: Անգամ նման սահմանափակ օժանդակության պարագայում, ըստ Հիլարի Քլինթոնի, Ասադի վարչակազմը երկար չի դիմանա։

«Այսօր մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Սիրիայում կատարվող սպանությունները: ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը պետք է հստակ ժամանակացույց ներկայացնի, որը հնարավորություն կտա հաղթահարել այս ճգնաժամը: Ասադը պետք է հեռանա», - պնդում է Քլինթոնը:

Արաբական պետություններից մի քանիսը, սակայն, Ասադի դեմ կիրառվող ճնշումների արդյունավետության հարցում խիստ թերահավատ են: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին երեկ Ստամբուլում հայտարարեց․ - «Սիրիական վարչակազմը ուժով տապալել չի կարելի: Մենք պարբերաբար լսում էինք, որ եւս երկու ամիս, եւ Ասադի վարչակազմը տապալվելու է: Փոխարենը՝ այն շարունակում է կռվել ու պայքարել, նույնն է անում նաեւ Սիրիայի ընդդիմությունը: Մենք դեմ ենք նաեւ ընդդիմությանը զինելու գաղափարին։ Սիրիական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող քաղաքական երկխոսության միջոցով։ Դա թույլ կտա պահպանել Սիրիան որպես միասնական պետություն»։

Սիրիայի շուրջ միջազգային հետագա գործողությունները մեծապես կախված են այսօր Նյու Յորքում ծրագրված՝ ՔոՖի Անանի ելույթից, որում կազմակերպության հատուկ բանագնացը Անվտանգության խորհրդին կներկայացնի իր հեղինակած կարգավորման պլանի իրագործման ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG