Մատչելիության հղումներ

«Արամ Խաչատրյան համերգասրահը սնունդ ներկայացնելու վայր չի»


«Հայաստանում թատրոնները, գրադարանները, ազգային պատկերասրահը, Արամ Խաչատրյան համերգասրահը այն չափանիշներն են, որոնց ձեռք տալ չի կարելի, դրանք պետք է ծառայեն միայն մշակույթին», - ասում է «Մշակույթ» ՀԿ-ի նախագահ Անի Զախարյանը:

Զախարյանի մտահոգության առիթը ապրիլի 7, 8, 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպվելիք «Համահայկական էքսպո»ն է:

«Ինձ ներկայացրել են, որ այնտեղ սննդի արդյունաբերողների էքսպո պետք է կազմակերպվի, ցուցադրություններ պետք է տեղի ունենան: Անկախ նրանից, թե որտեղ պետք է ցուցադրվի, նույնիսկ եթե բուֆետում, միեւնույն է այդ շինությանը հարիր չի: Դա նշանակում է ծաղրել մեր դասականներին, ծաղրել մեր մեծամեծներին, վերջին ժամանակահատվածի մեր արվեստագետներին», - կարծում է Զախարյանը:

Սակայն Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը նշում է, որ համերգասրահում կամ ճեմասրահում սննդի համտեսում կամ ցուցադրություն չի նախատեսվում, համենայն դեպս վարձակալողների հետ ստորագրված պայմանագրում նման կետ ներառված չէ:

«Ես ի սկզբանե արգելել եմ որեւէ սննդի ցուցադրություն եւ ասել եմ, որ դա կարող է միայն լինել պաստառների, եւ եթե որեւէ մեկը նոթբուքով կցանկանա մի բան ցուցադրել կամ էկրանային ցուցադրություն կունենա, միայն այդ տեսքով է լինելու: Իսկ եռօրյա ցուցահանդեսին զուգընթաց ներկայացվելու է երեք տարբեր ոճերի համերգային ծրագիր եւ նպատակը ոչ թե սնունդը ներկայացնելն է, այլ որ սպառողները կապվեն երաժշտության, մշակույթի հետ: Համենայն դեպս, ես այդպես եմ տեղեկացված եւ մինչեւ վերջ պահպանելու եմ դա», - նշում է Սիրունյանը:

Անի Զախարյանը, մինչդեռ, համամիտ չէ նույնիսկ Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կազմակերպությունների պաստառներ տեղադրելու մտքի հետ:

Իսկ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ վստահ չէ, որ գործը կավարտվի միայն պաստառներ տեղադրելով:

«Ես պատկերացնում եմ Ֆիլհարմոնիայի դահլիճ, որտեղ Գերշվին կամ Կոմիտաս են լսում եւ երշիկով բուտերբրոդ են ուտում: Ես ներողություն եմ խնդրում, բայց այդպես եմ պատկերացնում, չի բացառվում, որ չի լինելու, բայց ես գալու եմ տեսնեմ: Ես գտնում եմ, որ Ֆիլհարմոնիան այդպիսի խնդիրների լուծելու համար չի եւ այդպիսի ցուցադրությունների համար չի: Սպառողին մշակույթի հետ կապելու հազար ձեւեր գոյություն ունեն, ինչ կարիք կա մշակույթները խառնել», - ասաց Տեր-Գուլանյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից «Բիզնես Էյ Էմ տեղեկատվական կենտրոն»-ի տնօրեն Արթուր Հակոբյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ սննդի համտեսում նախատեսվում է ոչ թե ճեմասրահում, այլ Ֆիլհարմոնիկի բուֆետում ու զարմանում է, թե ինչու է մարդկանց զայրացրել Ֆիլհարմոնիկում իրենց միջոցառումը կազմակերպելու եւ բուֆետում սննդատեսակ հյուրասիրելու գաղափարը, քանի որ իրենք միայն սպառողին մշակույթի հետ կապելու ցանկություն ունեն:

«Եթե այս խնդիրը կա, մշակույթի բուֆետում այսօր տարբեր ապրանքներ են ներկայացվում, ու մենք էլ ենք բուֆետում ներկայացնում, ուրեմն իրավունք չունե՞նք բուֆետում հյուրասիրել: Հակառակը, պետք է մի բան էլ հոժար լինեն, որ մենք անվճար ենք դա տրամադրում մեր սպառողներին, կամ նույն օպերայում դրված է հովանավորների բաներները, խի՞ այդ ժամանակ մի հատ չեն արձագանքում»,- նշում է Հակոբյանը:

Սակայն Տեր-Գուլանյանը հավելում է, որ ինքը դեմ չէ սննդային մշակույթին, բայց եթե դրանք ներկայացվում են ճիշտ տեղում. - «Վաղը օպերայում մենք կարող ենք այդ նույն բանն անել, բերենք ցույց տանք ցեղական կովերին օպերայի ֆոյեում: Նյութականը մեզ բոլորիս ուտում է: Օր օրի զիջում ենք հոգեւոր տարածքները, հոգեւոր տարածքները փոքրանում են, եւ կրկնում եմ, նյութը բոլորիս է ուտում, այդ թվում` նաեւ Ձեզ: Բոլորս էլ գիտենք, որ Ֆիլհարմոնիան փողի խնդիր ունի, պետական աջակցությունն այնքան մեծ չէ, որ Ֆիլհարմոնիան կարողանա իրեն հրաշալի զգալ: Ես հասկանում եմ այդ ամենը, բայց եւ խնդրում եմ Ձեզ եւ հորդորում բարեկամաբար, մի արեք այդ բանը, Ֆիլհարմոնիան այդօրինակ ցուցադրության տեղ չէ»:

please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG