Մատչելիության հղումներ

Իսրայելի եւ Ադրբեջանի ռազմական համաձայնագիրը մտահոգել է Վաշինգտոնին


Ադրբեջան – Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, 28-ը հունիսի, 2009թ․

Ադրբեջան – Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, 28-ը հունիսի, 2009թ․

Ամերիկյան հանրային ռադիոկայանը, որը կոչվում է NPR, անդրադարձել է Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ միջեւ ձեռք բերված գաղտնի համաձայնություններին: Ըստ հեղինակավոր ռադիոկայանի, դա մտահոգել է Վաշինգտոնին։

Ռադիոկայանը հարցազրույցի է հրավիրել անցած շաբաթ ամերիկյան Foreign Policy հանդեսում այս թեմայի վերաբերյալ լույս տեսած հոդվածի հեղինակ Մարկ Փերիին, որը հատուկ հետաքննություն էր անցկացրել այս թեմայով։

Փերին ասել է NPR-ին, որ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված նոր համաձայնագիրը ավելի է հեշտացնում Իսրայելի համար հարձակում նախաձեռնել Իրանի դեմ։ Հեղինակը Foreign Policy-ում հրապարակած իր լրագրողական հետաքննության մեջ ասում է, թե Իսրայելին հաջողվել է Բաքվից թույլտվություն ստանալ օգտվել ադրբեջանական տարածքում գտնվող 8 ռազմաօդային բազաներից։ Իսրայելի մարտական օդանավերը, այդ թվում նաեւ ռմբակոծիչները, ըստ Մարկ Փերիի, կարող են վայրէջք կատարել այդ օդակայաններում եւ անհրաժեշտության դեպքում վառելիք լցնել։

Շատերը փորձում են հասկանալ այս գործարքի իմաստը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ պատերազմը Իրանի եւ Իսրայելի միջեւ անխուսափելի է, թե՞ այս գործարքը Ադրբեջանի եւ Իսրայելի համագործակցության սերտացման արդյունք է։

Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են այն հաղորդումները, թե Իսրայելը կարող է օգտագործել իր օդանավակայանները Իրանի վրա հարձակում գործելու համար։ Սակայն Մարկ Փերին հակաճառում է, ասելով, թե Ադրբեջանի կառավարությունը այդպես էլ չի պատասխանում իր հոդվածի գլխավոր հարցին․ - «Իմ հոդվածն ասում է, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան զինվորականները եւ դիվանագետները գտնում են, որ Ադրբեջանի ռազմական օդանավակայանները կարող են օգտագործվել վայրէջք կատարելու, անօդաչու սարքերի, հետախուզական եւ փրկարարական թռիչքների համար»։

Հարցին, թե ինչպե՞ս է սկսվել սերտ համագործակցությունը Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ, Փերին պատասխանում է մի բառով՝ «նավթ»։ Իսրայելը մեծ քանակությամբ նավթ է ներմուծում Ադրբեջանից՝ փոխարենը այդ երկրին վաճառելով զենք, զինամթերք ու այլ բնույթի ապրանքներ։ - «Բավական ժամանակ է արդեն, որ այս հարաբերությունները ամուր եւ ուժեղ են», - ասում է լրագրողը։

Ընդ որում, Փերիի խոսքով, հարաբերությունները սկսել են զարգանալ հատկապես այն բանից հետո, երբ կտրուկ վատթարացան թուրք-իսրայելյան հարաբերությունները՝ կապված Իսրայելի կողմից թուրքական նավի գրավման հետ։ Հիշեցնենք՝ իսրայելյան հատուկ ջոկատայինների գործողությունների հետեւանքով զոհվեց Թուրքիայի ութ քաղաքացի։

«Այս միջադեպից հետո իսրայելյան մի շարք ռազմական պայմանագրեր, որոնք նախկինում Թուրքիայի հետ էին կնքված, տրվեցին Ադրբեջանին», - NPR-ին ասում է Փերին։ - «Շատ առումներով, Իսրայելի երկրաքաղաքական նախապատվությունները Թուրքիայից փոխանցվեցին Ադրբեջանին։ Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այստեղ ամենայն լրջությամբ են հետեւում այս զարգացումներին։ Միացյալ Նահանգների զինվորականությանը եւ անվտանգության գործակալությունների աշխատակիցներին խորապես մտահոգում է այն հարցը, թե պատերազմի հնարավորության մասին այս խոսակցությունները արդյոք ինչ որ ժամանակ անխուսափելիորեն չեն հանգեցնի պատերազմի։ Ահա ԱՄՆ-ի այս մտահոգությունն է, որ Իսրայելը պետք է ընդունի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG