Մատչելիության հղումներ

Կրպակների ապամոնտաժման փորձերը արդյունք չեն տալիս


Ոստիկանները «բրիգադին» այդ հնարավորությունը չեն ընձեռում։

«Ապամոնտաժո՛ւմ, ապամոնտաժո՛ւմ» վանկարկումներով Մաշտոցի պուրակում հավաքված բնապահպան ակտիվիստները եւ նրանց համակիրները շաբաթ օրը դիմավորեցին պուրակի կրպակների ապամոնտաժման համար ստեղծված բրիգադի անդամներին:

Բրիգադի անդամներից են Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, «Սարդարապատ» շարժման անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Տիգրան Խզմալյանը, իրավաբան Անդրեաս Ղուկասյանը, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը եւ այլք:

Մինչ բրիգադի անդամների ժամանելը Մաշտոցի պուրակի կրպակները շրջապատված էին ոստիկաններից կազմված շղթայով: Ոստիկանությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որով նախազգուշացրել էր` կրպակների ապամոնտաժումը կանխելու համար կկիրառի հարկադրանք:

Երբ բրիգադի անդամները հավաքվեցին ու շարժվեցին կրպակների ուղղությամբ, այնտեղ նրանց դիմավորեց ոստիկաններից կազմված շղթան։ Բրիգադի անդամներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։

«Առ այսօր ոստիկանությունը գործել է օրինականության դաշտում` սկսած այս բնապահպանական շարժման սկզբից մինչեւ առ այսօր, եւ գործելու է օրինականության դաշտում։ Եթե գործող օրենքի խախտումներ թույլ կտրվեն, բնականաբար, ոստիկանությունը իր իրավասության սահմաններում կդիմի համապատասխան գործողությունների», - ասաց Մելքոնյանը։

ՌԱՀՀԿ-ի տնօրեն Մանվել Սարգսյանը Երեւանի փոխոստիկանապետին ասաց. - «Մենք գտնում ենք, որ ոստիկանությունը այնքան էլ ճիշտ որոշում չի ընդունել, որ նման ձեւով պաշտպանի այս վիճելի սեփականությունը, որովհետեւ սեփականությունը պաշտպանվում է միայն այն ժամանակ, եւ ամբողջ աշխարհում պաշտպանված է, եթե հասարակությունը ճանաչում է այդ սեփականության օրինականությունը։ Այստեղ այդ հանգամանքը չկա, եւ դրա պատճառով ստեղծվել է բավականին լուրջ վիճակ»։

«Եվ մենք ուղղակի կփորձենք համոզել ձեզ, որ ոստիկանության ուժերով անհնարին է սեփականություն պաշտպանել։ Մենք կմտնենք տարածք այն ժամանակ, երբ որ բուտիկի մոտ որեւէ մեկը չլինի. եթե չլինի` մենք մտնելու ենք։ Մենք ոչ մի քայլ առաջ չենք գնալու, ոչ մի ժապավեն չենք կտրելու, բայց եթե ոստիկանություն չլինի, մենք անցնելու ենք մեր գործին, որովհետեւ մենք շատ զբաղված մարդիկ ենք, ժամանակը քիչ է, եւ, համապատասխան, ոստիկանությունը պիտի մտածի` մինչեւ երեք տարի՞ է ուզում այստեղ նստի, թե՞` ոչ», - հայտարարեց Սարգսյանը։

Ոստիկանությունը, սակայն, որոշեց տեղի չտալ, կրպակները պահպանող ոստիկանական շղթան մնաց տեղում, եւ ապամոնտաժող բրիգադի անդամները, նրանց հետ միասին նաեւ բնապահպան ակտիվիստները, համակիրները եւ լրագրողները` թերեւս, մի քանի հարյուր մարդ, սկսեցին պտտվել կրպակների շուրջ: Բրիգադի անդամները փնտրում էին մի տեղ, ուր ոստիկան կանգնած չէր լինի, որպեսզի առանց բռնության կարողանային մտնել կրպակների տարածք ու սկսել դրանց ապամոնտաժումը:

Սակայն մահակներով ու վահաններով զինված ոստիկաններն էլ, որոնց ընդհանուր թիվը կկազմեր մոտ 50 հոգի, համապատասխանաբար, պտտվում էին ապամոնտաժող բրիգադին զուգահեռ, որպեսզի թույլ չտան մուտք գործել կրպակների տարածք: Եվ այդպես` մի քանի ժամ։

Մաշտոցի պուրակում էր նաեւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իրավապահները, եթե բնապահպանները փորձ կատարեն ապամոնտաժել կրպակները, Նազարյանը պատասխանեց. - «Թույլ չենք տա, եւ ինձ թվում է, որ իրենք էլ նման քայլի չեն գնա, որովհետեւ հասկանում են` ե՛ւ մարդու իրավունքների պաշտպանն է դիմել իրենց, ե՛ւ մենք մեր հայտարարությունն ենք արել, բացատրել ենք իրենց գործողությունների անօրինական լինելը, եւ ինձ թվում է, որ նրանք խելացի են, հասկանում են, որ նման բան չի կարելի անել»։

«Ոստիկանները պահելու են հասարակական կարգը եւ ոչ մի անկարգություն թույլ չեն տա։ Իսկ եթե իրենք փորձեն գնան անօրինական գործողությունների` միանշանակ, համապատասխան պատասխանը կտրվի իրենց», - ասաց Երեւանի ոստիկանապետը։

«Եթե ակտիվիստները մի քանի օր, կամ, ինչպես իրենք են ասում, մի քանի ամիս մնան` ոստիկանությունը նույնպե՞ս մի քանի ամիս այստեղ ուժեր է կենտրոնացած պահելու», - այս հարցին Ներսես Նազարյանը արձագանքեց. - «Իհարկե, մեր ծառայությունն է` մենք տանելու ենք, պարտավոր ենք։ Մենք ոչ միայն պաշտպանելու ենք սեփականատերերի շահերը, այլեւ մեր ժողովրդի անվտանգությունը, մեր միտինգավորների նաեւ անվտանգությունը, որպեսզի հասարակական կարգը պահենք, եւ չլինեն ո՛չ ընդհարումներ, ո՛չ անօրինականություններ` մենք բոլորի ոստիկաններն ենք»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրե՞նք ինչ են մտադիր անել, Մանվել Սարգսյանը պատասխանեց. - «Մենք պատրաստվում ենք համոզել ոստիկանությանը, որ իրենք անօրինական գործունեությունով են զբաղված` դեռ համոզված չեն, բայց ինձ թվում է` մի տասն անգամ այսօր այսպես վազվզեն` կհամոզվեն, կամ էլ, ասենք, «Իդգիր-1»-ից արդեն երեւի մի բատալյոն էլ կբերեն` թող բերեն, եւ այդտեղ կհամոզվեն, որ իրենք շատ երկար են այստեղ մնալու` մինչեւ չվերանայեն»։

Թե որքան են պատրաստվում այդտեղ մնալ` ՌԱՀՀԿ-ի տնօրենը հայտարարեց. - «Մե՞նք` երեք տարի` մինչեւ իրենք չհասկանան»։

Օրվա ընթացքում ապամոնտաժող բրիգադի անդամները այդպես էլ չկարողացան համոզել ոստիկաններին, ուստի որոշում կայացվեց անցնել շուրջօրյա ակցիայի: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ստեփան Դանիելյանը, իրենք փորձելու են վրաններ տեղակայել պուրակում:


Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG