Մատչելիության հղումներ

Մարտի 31-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտասանած ելույթը նախորդներից էապես տարբերվում էր թերեւս նրանով, որ քաղաքական գնահատականների փոխարեն գերակշռում էին կոնկրետ վիճակագրական ցուցանիշները, որոնց համադրումն իսկապես շատ ավելի ազդեցիկ է ներկայացնում ստեղծված աղետալի վիճակը, քան ցանկացած, նույնիսկ ամենակոշտ քաղաքական գնահատականները։ Թվում է` բոլորն էլ գիտեն, որ վերջին չորս տարիներին, օրինակ, Հայաստանում աղքատների թիվն ավելացել է 45 տոկոսով, ամեն ինչ թանկացել է գրեթե նույնքան, ծանր հանցագործությունների թիվն աճել է երկու անգամ, երկրի արտաքին պարտքն աճել է երկուսուկես անգամ եւ այլն, բայց երբ կողք կողքի ենք դնում այս թվերը` ակնհայտ է դառնում, որ այս ամենը լավ էլ համակարգված հանցավոր գործունեության արդյունք է»։

Թեման շարունակում է «Հայոց աշխարհ»-ը. - «ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը երեկ միտինգային հարթակից ներկայացրեց «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթները, շեշտադրելով, որ իր գլխավորած դաշինքը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի: [...] Ի՞նչ է խոստանում ՀԱԿ-ն ընտրողներին: Այն ամենը, ինչի մասին միլիոն անգամ խոսել է անցած տարիներին: Այն «քաղաքական եւ օրենսդրական նախաձեռնությունները», որոնցով պատրաստվում է հանդես գալ խորհրդարանում, իսկապես թթված աղցան են հիշեցնում. դե, հարատեւ պայքարի ողջ ընթացքում ինչ պահանջներ որ ներկայացրել է իշխանություններին, փողոցային այդ պահանջներն ու վերջնագրերը հավաքել ու լցրել է ծրագրի մեջ: Այսպես ուրեմն. հենց մտնում է խորհրդարան` անմիջապես բարձրացնում է երկրի նախագահի «պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»: Դրանից հետո ձեռնամուխ է լինելու «Հոկտեմբերի 27-ի» եւ «Մարտի 1-ի» պատգամավորական հանձնաժողովների ստեղծմանը»:

«168 ժամ»-ի խմբագիրը նույն թեմայի վերաբերյալ մեկնաբանում է. - «Երեկվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հեգնելով ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը` շատ դիպուկ գնահատական տվեց` ասելով` դա հավատապղծություն է։ Մյուս կողմից, սակայն, հավատի խնդիրն արդիական է նաեւ ՀԱԿ-ի համար` բնականաբար, ոչ այն չափով, ինչ իշխանությունների դեպքում։ Արդյո՞ք ՀԱԿ-ն ազնիվ գտնվեց հասարակության հետ, տեր կանգնե՞ց իր խոստումներին եւ այն առաքելությանը, ինչի համար տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին գալիս փողոց։ Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ հաջորդ գումարման ԱԺ-ում «ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորելու պարագայում» ՀԱԿ-ի առաջին քայլերից մեկը լինելու է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությունը։ Հիմա հասարակությունն իրավունք ունի չհավատալու այդ խոստմանը. անցած չորս տարիներին` հանրահավաքից հանրահավաք, ելույթից ելույթ, անընդհատ ՀԱԿ-ի կողմից հնչել է այդ խոստումը։ Մինչ այն պահը, երբ անցած տարի ՀԱԿ-ը երկխոսության նստեց իշխանության հետ։ Մյուս կողմից, սակայն, գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա այս հայտարարությունն ուղղված էր ոչ միայն եւ ոչ այնքան ընտրողներին, որքան մնացած քաղաքական ուժերին, ավելի կոնկրետ` ԲՀԿ-ին»։

«Երկիր»-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչ եք կարծում, այս ընտրություններին զանգվածային կեղծիքներ կլինե՞ն»։ Պատասխան. - «Կարծում եմ` ոչ, որովհետեւ դրանք հանրության ուշադրությունից չեն վրիպի։ Բայց ընտրական գործընթացը գնահատելիս պետք է դիտարկենք ոչ թե զուտ քվեարկության օրը, այլ ընդհանուր առմամբ։ Ճիշտ է, այս անգամ շատ բաներ կոպիտ, կացնային ձեւով չեն արվում, ինչպես, օրինակ, 2007-ին կամ դրանից առաջ, բայց համակարգային փոփոխության տարր դրանք իրենց մեջ չեն պարունակում։ Իշխանությամբ պայմանավորված` մենք տեսնում ենք նույն անձանց, որոնք հանրության մեջ ընտրակեղծարարների համարում ունեն, որոնք տարբեր սկանդալային պատմությունների մեջ են ընկել, լրագրողներ են ճնշել եւ այլն, բայց մեկ էլ ասում են` կփոխվենք։ Մյուս կողմից` բոլորին տրված է փոխվել, Մարիա Մագդաղենացու նման դարձի գալ, բայց ես վստահ չեմ, որ այս դեպքում մենք դրա հետ գործ ունենք»։

«Ժամանակ»-ը վերլուծական զուգահեռներ է անցկացնում Հայաստանի Հանրապետության նախորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ։ Մեկնաբանը գրում է. - «Ինչպես Անդրանիկ Մարգարյանը, այդպես էլ Տիգրան Սարգսյանը իրենց նշանակումներով «պարտական» էին քաղաքական ճգնաժամին։ Բայց, եթե Մարգարյանը մնաց, որովհետեւ հաղթահարվեց ճգնաժամը, Տիգրան Սարգսյանը մնում է, որովհետեւ ճգնաժամը չի հաղթահարվել։ Իսկ պատճառն այն է, որ Մարգարյանն ինքը քաղաքական կողմ էր, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, եւ այդ իսկ պատճառով ինչ-որ առումով նաեւ նպաստելով ճգնաժամի առաջացմանը, կարողացավ այն օգտագործել սեփական դերը մեծացնելու համար եւ հասնելով իշխանության, արդեն շահագրգռված էր ճգնաժամը հաղթահարելով եւ իշխանությունը վայելելու հեռանկարով, որովհետեւ եթե ճգնաժամը շարունակվեր, ապա Քոչարյանն անկասկած գտնելու էր այն հանգուցալուծելու այլ գործընկեր։ Տիգրան Սարգսյանը քաղաքական կողմ չէ, նա մի ֆիգուր էր, որին Սերժ Սարգսյանը նշանակեց բոլոր կողմերին հավասարապես դժգոհ եւ միեւնույն ժամանակ այդ բոլորի դժգոհության պարագայից գոնե գոհ թողնելու համար։ Ու քանի դեռ երկրում շարունակվում է ճգնաժամային մթնոլորտը իշխանության ներսում, Տիգրան Սարգսյանը մնում է ամենանախընտրելի թեկնածուն բոլորի համար, թե Սերժ Սարգսյանի, թե անգամ Տիգրան Սարգսյանից դժգոհ իշխանական խմբերի, թե նաեւ արտաքին կենտրոնների համար»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG