Մատչելիության հղումներ

Հայաստանում առկա բնակչությանն առնչվող իրատեսական թվերի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան` Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ելակետ համարեց 2001 թվականի մարդահամարի տվյալները:

Կույումջյանի բացատրությամբ, 2011 թվականին անցկացված մարդահամարի արդյունքը դեռեւս մշակման փուլում է, եւ այդ թվերն, ըստ նրա, դեռ պատրաստ չեն օգտագործման համար:

«Վերջին ցուցանիշն է 2011-ի տարեսկիզբը՝ 3 միլիոն 262 հազար 650 մարդ, որից 18 եւ բարձր տարիքի բնակչությունը՝ 2 միլիոն 522 հազար 552 մարդ», - ասաց Կույումջյանը:

Հիշեցնենք` ոստիկանության տվյալներով, Հայաստանում ընտրելու իրավունք ունեցողները 2 միլիոն 485 հազարից ավելին են: Իսկ փետրվարի սկզբին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր մարդահամարի նախնական տվյալները, որոնց համաձայն Հայաստանում բնակչության թիվը ներկայումս 2 միլիոն 870 հազար է:

«Մարդահամարի ժամանակ, երբ մենք հաշվառումը իրականացնում ենք, մեր հաշվարարները չեն հարցնում՝ դուք այստեղ գրանցված եք, թե ոչ, այդ մարդիկ որպես առկա բնակչություն են ներկայացել, իսկ բնակչության ռեգիստրում առկա են այն մարդիկ, ովքեր հաշվառված են», - ընտրելու իրավունք ունեցողների եւ բնակչության թվի փոքր տարբերության առնչությամբ իր պարզաբանումը ներկայացրեց Կույումջյանը:

2012 թվականի ընտրացուցակներում ընդգրկվել են 359 հազար 614 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ցուցակներում, ընդ որում վերջին երեք տարիներին, ըստ ոստիկանության, 185 հազարից ավելի թվով քաղաքացիների 18 տարին լրացել է եւ նրանք ստացել են ընտրելու իրավունք:

Վիճակագրական ծառայության տվյալները հետեւյալն են. - «1991 թվականին հանրապետությունում ծնվել է 77 825 երեխա, 1992-ին՝ 70 581, 1993-ին՝ 59 041: Քաղաքացիներ ունենք այդ երեք տարիներին ծնված, որոնք ենթակա էին վերջին երեք տարիներին լրացնելու իրենց 18 տարին: Նրանց հաշվառումը պետք է իրականացնի բնակչության ռեգիստրը»:

Անդրադառնալով բնակչության իրական թիվը հստակորեն ճշգրտելու մեխանիզմներին՝ Կույումջյանը ասաց, որ այդ ոլորտում խնդիրներ կան. - «Մեխանիզմների առումով մենք խնդիրներ ունենք հենց թեկուզ միգրացիոն տեղաշարժերի հաշվառման տեսանկյունից: Մենք յուրաքանչյուր զեկույցի պատրաստման ժամանակ, երբ ներկայացնում ենք անձնագրային բաժինների կողմից միգրացիայի վերաբերյալ մեր մշակված տվյալները, միշտ նշում ենք, որ այդ տվյալները միայն ներառում են պաշտոնապես հաշվառման ենթարկված անձնանց վերաբերյալ տեղեկատվությունը: Իսկ այն անձինք, ովքեր այդ պաշտոնական հաշվառումը շրջանցում են, բնականաբար, իրենք դուրս են մնում համակարգից»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում ժողովրդագրական բնութագրերը ճշգրիտ չեն արտացոլում իրականությունը:

«Մեզ մոտ ընդհանրապես ժողովրդագրական բնութագրերը շատ հեղհեղուկ են, շատ հաճախ մեկը մյուսի հետ չխոսող բնութագրեր են: Մարդահամարը բերում են առկա եւ մշտական բնակչություն, բերում են տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթած եւ ելքի եւ մուտքի տարբերությունը դիտարկում որպես արտագաղթի ցուցանիշ: Բոլորը պնդում են, որ չեն կարող այլ դատողություններ անել, քանի որ մեկնողների զգալի մասը ոչ գրանցումից է դուրս գալիս, ոչ որեւէ տեղ պաշտոնապես հայտարարում է իր մեկնելու մասին: Սրանք բոլորը ստեղծում են մի վիճակ, որ մենք բոլորս սկսում ենք թերահավատ դառնալ, թե ընդհանուր թվերին, թե հատկապես ընտրությունների դեպքում ներկայացվող թվերին», - ասաց Խառատյանը:

Ինչ վերաբերում է ընտրացուցակներում պաշտոնական վիճակագրական տվյալների, ռեգիստրի տվյալների արտացոլմանը, Հրանուշ Խառատյանը ներկայացրեց իր անձնական փորձառությունը:

«Իմ ունեցած համադրումներով բնակչության թիվը 2.5 միլիոնը չի անցնում, եթե պակաս չէ: Ես, անկեղծ ասած, նույնիսկ չէի ուզենա այստեղ տեսնել այն քաղաքական միտումը, որ սա պահում են հենց ընտրությունների դեպքերի համար: Իմ խորը համոզմամբ այս թվերը պահվում են ընդհանուր բնակչության մեջ հուսահատության ֆոնը չխորացնելու համար», - կարծում է ազգագրագետը:

Հայաստոնում մարդկանց դե յուրե եւ դե ֆակտո բնակության վերաբերյալ հակասական տվյալների խնդիրը լուծելու համար փորձագետներից շատերն են վկայակոչում այլ երկրներում մարդկանց հաշվառման ճշգրտության օրինակը: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարեգին Հայրապետյանը վկայակոչում է սկանդինավյան երկրների օրինակը:

«Սկանդինավյան երկրներում ռեգիստրը այնքան լավ է կազմակերպված, որ այնտեղ մարդահամարը անցկացնում են ռեգիստրով: Այս գումարները չեն ծախսում, եւ ընդամենը մի քանի հոգի, համակարգիչներով, ռեգիստրով անցկացնու մեն մարդհամար, ոչ մեկը ոչ մեկի տուն չի գնում, երկրով մեկ այդպիսի մեծ միջոցառում չի անցկացվում: Մինչեւ դրան հասնելը մենք շատ օրենսդրական փոփոխություններ պետք է անենք, որ մենք հարյուր տոկոսով վստահ լինենք, որ պետական ռեգիստրը կարող է աշխատել այնքան լավ, որ մենք ոչ մի կասկած չունենանք», - ասաց Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG