Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Կոալիցիան ձեւական է եղել»


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանի համոզմամբ, նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել, եւ Հանրապետականն էլ «արել է այն ինչ ցանկացել է», ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ Հանրապետականի վրա է: Նման հայտարարություն Օսկանյանն արեց այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

«Ազատություն»․ - «Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ եղած ժամանակ դուք հաճախ ու բավականին սուր քննադատության էիք ենթարկում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, բայց որոշ ժամանակ անց անդամակցեցիք իշխող կոալիցիային մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Կարելի՞ է ենթադրել, որ հետայսու ձեր քննադատությունը կմեղմանա»։

Օսկանյան․ - «Տեսել եմ թերություններ, գտել եմ, որ որոշ հարցերում այլ կերպ պետք է վարվել եւ դրանց մասին խոսել եմ։ Այսօր էլ իմ կարծիքը չի փոխվում։ Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, դեռեւս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք՝ այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել եւ երբեք իր գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել», - ասաց Օսկանյանը:

«Ազատություն»․ - «Եթե կոալիցիան ձեւական է եղել, «Բարգավաճ Հայաստանը» ինչո՞ւ է տարիներ շարունակ մնացել այդ կոալիցիայում»։

Օսկանյան․ - «Ես չեմ ուզենա մեկնաբանել մի բան, որին ես մասնակցություն չեմ ունեցել, բայց արդեն մենք հասուն պետություն ենք, այս խնդիրներին պետք է ավելի լուրջ մոտենանք, եւ այս ընտրությունները մեզ այդ հնարավորությունը տալիս են։ Այսօր քաղաքական ուժերի դասավորումը այնպես է, որ եթե իրոք կարողացանք ազատ, արդար ընտրություններ անցկացնել, մենք նոր որակի խորհրդարան կունենանք, կլինեն իսկական հակակշիռներ, ստիպված կլինենք իսկական կոալիցիաներ կազմել, մի կուսակցության կարծիքը չի պարտադրվի»։

«Մեր ունեցած պրոբլեմների ակունքը քաղաքական մենաշնորհն է։ Սովետական շրջանից այդ իմաստով ոչինչ չի փոխվել։ Եթե այն ժամանակ մի կուսակցություն էր իշխում, մեր անկախությունից ի վեր էլ միշտ այդպես է եղել։ Ժամանակն է դա փոխել։ Այս խորհրդարանական ընտրություններին այդպես պետք է նայել»։

«Ազատություն»․ - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այլեւս, ինչպես դուք նշեցիք՝ ձեւական կոալիցիաներ չի՞ կազմելու»։

Օսկանյան․ - «Ես կպնդեմ, որ այդպիսի ձեւական կոալիցիաների մեջ չլինեն։ Իմաստը ո՞րն է։ Եթե մի քաղաքական ուժ ունի բացարձակ մեծամասնություն, խորհրդարանում ցանկացած օրենք կարող է անցկացնել, ի՞նչ կարիք կա մի այլ ուժի հետ կոալիցիա կազմելու, եթե նույնիսկ կրիտիկական պահերին այդ կուսակցության կարծիքը չի հարցվում»։

«Մեզ մոտ ոչ միայն խորհրդարանում հակակշիռ չկա՝ այսինքն մի կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, այլ նաեւ քաղաքական համակարգում չկա․ նախագահը Հանրապետական կուսակցությունից է, Ազգային ժողովի նախագահը Հանրապետական կուսակցությունից է, վարչապետը Հանրապետական կուսակցությունից է։ Ես դեռ չեմ ուզում իջնել ավելի ներքեւի շերտերը։ Այսօր Հանրապետական կուսակցությունը բացարձակ գերիշխող դիրք ունի, եւ պատասխանատվությունը ամբողջությամբ այդ կուսակցության վրա է»։

«Ազատություն»․ - «Ձեր կանխատեսմամբ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որքա՞ն աթոռ պետք է զբաղեցնի Ազգային ժողովում»։

Օսկանյան․ - «Այս ընտրությունների արդյունքում մենք պետք է ձգտենք հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնել երկրի ապագայի նկատմամբ։ Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար կուսակցությունն է։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մենք առաջին տեղում ենք։ Մեծամասնություն կստացվի, թե չէ՝ պետք է ձգտել դրան։ Կստացվի՝ լավ, չէ՝ կգնանք կոալիցիայի ճանապարհով, բայց այն ուժերի հետ, որոնց հետ մոտեցումների եւ ծրագրերի համընկնում կա»։

«Ազատություն»․ - «Ապագա խորհրդարանում դուք պատկերացնո՞ւմ եք «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունը ներկայումս ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ»։

Օսկանյան․ - «Այդպիսի որոշում, իհարկե, կուսակցությունը պետք է կայացնի։ Ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը․ անխտիր բոլորի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար պետք է բաց լինի»։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք նյութին կից ներկայացվող տեսանյութում։
XS
SM
MD
LG