Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի գլխավոր դատախազությունը ընթացք է տվել լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, համաձայն որոնց Շենգավիթի թաղամասերից մեկում մեկ բնակարանի վրա գրանցված է 101 բնակիչ:

Գլխավոր դատախազությունը այս թեմայով մամուլի հրապարակումները արդեն ուղարկել է ոստիկանություն՝ պատշաճ քննարկում ապահովելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյան:

Թե ինչպես է պատահել, որ մեկ բնակարանի վրա գրանցվել է միանգամից 100 մարդ, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դա վիրպակ չէ, եւ այդ 100 անձն էլ իրական մարդիկ են:

«Իրականությանը համապատասխանում է, որ տվյալ հասցեում գրանցված է 100 մարդ: Դրանք բոլորը մեր հայրենակիցներն են` Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ անձնագրավորման համար հաշվառվել են այս հասցեում: Կարծում ենք՝ սեփականատերը, ինչ-որ շահագրգռավածությունից ելնելով, չարաշահելով իր իրավունքը, այդ անձանց իր հաշվառման հասցեն տվել է, որպեսզի նրանք կարողանան անձնագրավորվել եւ Ռուսաստանի Դաշնություն գնալ: Գիտեք, Հայաստանի անձնագիրը մեր հայրենակիցների ազատ տեղաշարժվելու հնարավորությունները ավելի է մեծացնում, իսկ Վրաստանի անձնագրով նրանք կարող էին սահամանափակումների ենթարկվել Ռուսաստանի Դաշնության տարածք մտնելուց: Դա է պատճառը, որ նա այդքան քաղաքացու հաշվառել է իր տանը», - ասաց Անձնագրային վարչության պետը՝ նշելով, որ որեւէ իրավական հիմք չկա, որ հաշվառում իրականացնող ծառայությունը դրա վրա հիմնելով մերժեր այդ մարդկանց հաշվառումը. ըստ կառավարության որոշման, եթե սեփականատերը հայտնում է իր գրավոր համաձայնությունը այդ մարդկանց իր բնակարանում հաշվառելու համար, ուրեմն մերժման հիմքեր չկան:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այդ մարդիկ մնալու են հաշվառված այդ տան վրա, Հովհաննես Քոչարյանն ասաց, թե նրանց հաշվառումից հանելու միակ եղանակը այդ բնակարանի սեփականատիրոջ հայտարարությունն է:

«Սեփականատերը գտնվում է Հայաստանից դուրս, Ֆրանսիայում, այնուամենայնիվ, կարողացել ենք ծանոթ-հարազատների միջոցով կապվել նրա հետ եւ վերջինիս խնդրել ենք, որ շտապ ուղարկի լիազորագիր եւ այդ անձանց հաշվառումից հանելու հայտարարություն ներկայացնի: Խոստացել էր, որ մեկ ժամվա մեջ պետք է ուղարկի, բայց դեռեւս ուղարկված չէ, եւ մենք լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում այդ քաղացու հետ կրկին կապ հաստաելու համար»,- ասաց Քոչարյանը` նշելով, որ այդ մարդիկ պետք է հաշվառումից դուրս գան, քանի որ գիտեն, որ նրանց գերակշիռ մասը այդ բնակարանում չի ապրում:

Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում հաշվառում ունեցող, երկքաղաքացի հանդիսացող այս անձիքն ընտրելու իրավունք ունեն: Հարցին, թե արդյո՞ք նրանք մայիսի 6-ին հնարավոր է նաեւ մասնակցեն քվերակությանը, Քոչարյանը պատասխանեց. - «Եթե սեփականատերը դիմեց, եւ նրանց հաշվառումից հանենք, ապա նրանք մի ճանապարհ ունեն մասնակցելու քվեարկությանը, նրանք պետք է դիմեն լիազոր մարմնին մինչեւ ապրիլի 29-ը՝ ընդգրկվելով հաշվառում չունեցող անձանց ցուցակում: Նրանք ընտրություններին կմասնակցեն հատուկ տեղեկանքով»:

Ի դեպ, Հովհաննես Քոչարյանը նշեց, որ եթե Հայաստանի քաղաքացին Հայաստանից դուրս է գտնվում, նրան հաշվառումից հանելու իրավական հիմք իրենք չունեն, ոստիկանությունը չի կարող նրանց հանել ընտրողների ցուցակից՝ դա ապօրինի է եւ հակասահմանադրական:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG