Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը խոստանում է արձագանքել բոլոր ընտրախախտումներին


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հինգշաբթի երեկոյան կոչ է արել բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելու դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն:

«Ձեր ազնիվ եւ անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ եւ արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, եւ ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը», - իր հայտարարությունում ասել է Հայաստանի ոստիկանապետը:

Ոստիկանությունը խոստանում է գաղտնի պահել դիմողների անունները: Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած բողոքի ուղղությամբ ոստիկանությունը հետեւողական աշխատանք կտանի, եւ հետաքննության արդյունքներից կախված նաեւ քրեական գործ կհարուցվի:

«Ցանկացած հաղորդում, ցանկացած ահազանգ անարձագանք չի մնալու, բոլոր փաստերը, լինի ԶԼՄ-ներով, թե քաղաքացիների ահազանգ, մենք անպայման ուսումնասիրելու ենք», - ասաց Ահարոնյանը:

Արդյո՞ք ոստիկանությունը կարձագանքի այն ընտրախախտումներին, որոնք կառնչվեն իշխող քաղաքական ուժերին, օրինակ, երբ քաղաքացին կզանգահարի ոստիկանություն ու կհաղորդի այն մասին, որ իշխող քաղաքական ուժերը ընտրակաշառք են բաժանում:

«Նման բան չկա, ոստիկանության պետը նշել է՝ ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է», - ասաց Ահարոնյանը՝ շեշտելով, որ ահազանգող քաղաքացիները պետք է պարզապես առավել հստակ, ճշգրիտ տեղեկություններ հաղորդեն:

Առաջին անգամ Հայաստանում ընտրությունները համացանցում կենթարկվեն քաղաքացիական վերահսկողության: Ապրիլի սկզբից կգործարկվի iditord.org կայքը: iԴԻՏՈՐԴ ծրագիրն իրականացնում են «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները:

Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիտորդի կարգավիճակով հետեւել ընտրական գործընթացին: Նրանք կարող են իրենց արձանագրած ընտրախախտումները լուսանկարների, տեսաձայնագրության միջոցով զետեղել նորաստեղծ կայքում: Ընտրախախտումների մասին ահազանգերն էլ կհաղորդվեն թեժ գծի, կարճ հաղորդագրությունների, «Թուիթեր» սոցիալական ցանցի եւ առցանց հաղորդումների միջոցով:

Քաղաքացի դիտորդների ահազանգերը տեղ կգտնեն ինտերակտիվ ռեժիմով աշխատող քարտեզի վրա: Այն էջի այցելուներին հնարավորություն կտա տեսնել ընտրախախտումների բաշխվածությունն՝ ըստ տեսակների, հավաստիության, ահազանգերի ստացման աղբյուրների:

Ծրագրի համակարգողներից Մարինե Մանուչարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը եւս կարող է մուտք գործել այս կայք, ծանոթանալ ընտրախախտուներին, ու եթե հարկ լինի, ընթացք տալ դրանց: Մանուչարյանի խոսքով՝ իրենք իրենց արձանագրած խախտումների մասին հատուկ ոստիկանություն չեն դիմի:

«Իրենք կարող են կայքը բացել, տեսնել հաղորդագրությունը: Ինչ տալիս է մեզ օգտատերը, դա էլ տեղադրվում է կայքում: Ոստիկանությունը, ինչպես յուրաքանչյուր օգտատեր, կարող է բացել եւ տեսնել այդ տեղեկատվությունը: Եթե ցանկանում են, կարող են հետեւողականորեն մոտենալ, ճշտել, թե ով է ընտրակաշառք բաժանողը», - ասաց Մանուչարյանը:

Ոստիկանության լրատվական ծառայության պետ Ահարոնյանն ասաց, որ ինչպես մնացած կայքերը, այնպես էլ ընտրախախտումները արձանագրող այս կայքը կգտնվի ոստիկանության ուշադրության ներքո:

Երեւանցիների դիրքորոշումը ոստիկանություն դիմելու հարցի վերաբերյալ տարբեր է: Մի մասը կդիմի ոստիկանությում, մյուս մասը չի դիմի, որովհետեւ չի վստահում իրավապահ համակարգին, մյուս մասն էլ կվերցնի կաշառք` այդ մասին ոչ ոքի տեղյալ չպահելով:

«Ոստիկանությունում այնքան անկիրթ մարդիկ են աշխատում, որ իրոք դիմել չարժի: Իրենք են այդ ամենը անում: Հենց նոր կարդացի, հարյուր հոգու մի բնակարանի վրա են գրանցել Ախալքալակից, ո՞նց կարող են իրենց պայքարել ընտրակաշառքի կամ կեղծիքի դեմ: Տեսեք ցուցակը՝ Կարեն Դեմիճյանը դեռեւս ցուցակում է Ֆադեյ Սարգսյանի հետ, ինչի՞ մասին է խոսքը», - ասաց մի կին:

please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG