Մատչելիության հղումներ

Քաղաքապետը հաստատել է Երեւանի ներքաղաքային նոր երթուղային ցանցը


Երեւանի քաղաքապետը հաստատել է ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների նոր երթուղային ցանցը` 2012-ից 2015 թվականների համար:

Նոր երթուղային ցանցով նախատեսվում է այսօր գործող 109-ի փոխարեն թվով 76 միկրոավտոբուսային, 29-ի փոխարեն` 68 ավտոբուսային եւ 5-ի փոխարեն` 10 տրոլեյբուսային երթուղիներ:

«Երթուղային ցանցի հիմքում դրված է եղել այն սկզբունքը, որ միկրոավտոբուսային այն երթուղիները, որոնք ե՛ւ մեքենաքանակով են շատ, ե՛ւ ավելի շատ ուղեւորահոսք կա, այդ երթուղիները հիմնականում դարձնել ավտոբուսային», - ասում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Քաղաքապետարանի տվյալներով, մինչ օրս Երեւանի բնակիչների 75 տոկոսը օգտվել է միկրոավտոբուսներից, 15.5 տոկոսը երթեւեկել է ավտոբուսներով, 3 տոկոսը՝ տրոլեյբուսներով, իսկ մետրոյով՝ բնակչության 7.5 տոկոսը։ Երթուղային նոր ցանցի ամբողջությամբ գործելու դեպքում քաղաքային իշխանություններն ակնկալում են հետեւյալ պատկերը․ - «Ավտոբուսներով կսպասարկվի մեր բնակչության 48 տոկոսը, միկրոավտոբուսներով՝ 41.1 տոկոսը, տրոլեյբուսով՝ 3.6 տոկոս, մետրոպոլիտենով՝ 7.3 տոկոս»։

Այսօր երթուղիները սպասարկում է 612 ավտոբուս։ Որպեսզի նոր երթուղային ցանցը ամբողջությամբ գործի, ներկրվելու են նոր ավտոբուսներ:

«Մինչեւ 2012 թվականի նոյեմբերի վերջը մեր երթուղային ցանցը ամբողջությամբ բարեփոխված վիճակում կտեսնենք», - նշեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը։

Քաղաքապետարանը չի թաքցնում, որ միկրոավտոբուսների գծատերերի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացել, որ միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն ավտոբուսներով եւ կրճատվեն միկրոավտոբուսների որոշ երթուղիներ:

«Այն օպերատորը, որը չի ուզենա իր երթուղին սպասարկել ավտոբուսով եւ բերել ավտոբուսներ, մրցութային կարգը եւ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքը հնարավորություն է տալիս ցանկացած քաղաքացի, որը կներդնի եւ կբերի ավտոբուս, այդ երթուղին կփոխարինի տվյալ ներկրված ավտոբուսով», - հավելեց Նավասարդյանը։

Նոր երթուղային ցանցի նախագիծը քննարկվել է տրանսպորտի եւ կապի նախարարության, ճանապարհային ոստիկանության եւ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ:

Մեծ անհրաժեշտություն կա նաեւ Դ կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդների, ասում է պաշտոնյան եւ կարծիք հայտնում, որ միկրոավտոբուսների երթուղիների կրճատման արդյունքում դրանց վարորդները կտեղափոխվեն ավտոբուսներ վարելու:

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի ժամանակացույցին, պաշտոնյայի պարզաբանմամբ՝ «միկրոավտոբուսային երթուղում ժամանակային ընդմիջումը նախատեսվում է 5-7 րոպե, ավտոբուսային երթուղիներում՝ 8-10 րոպե, որոշակի երթուղիներում կարող է 11-12 հասնել»։

Քաղաքային իշխանություններն ասում են, որ նոր երթուղային ցանցի ներդրումը նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ, ինչպիսիք են միկրոավտոբուսների թվաքանակի զգալի կրճատումը եւ դրանց փոխարինումը փոքր եւ միջին դասի ավտոբուսներով, ուղեւորների սպասարկման վիճակի բարելավումը, ուղեւորափոխադրումների հարմարավետության ապահովումը, տրանսպորտային խիտ հոսքերից մայրաքաղաքի կենտրոնական շրջանի, նրան հարող հիմնական մայրուղիների ու փողոցների բեռնաթափումը։

Վերջին անգամ ներքաղաքային երթուղային ցանց մշակվել է 2005 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG