Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական դատախազություն. «Որեւէ կասկած չկա, որ Դինքի սպանությունը «Էրգենեկոն»-ի ձեռքի գործն է»


Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը Ստամբուլի դատարանի շենքի մոտ, հուլիս, 2008թ.

Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը Ստամբուլի դատարանի շենքի մոտ, հուլիս, 2008թ.

Թուրքական դատախազությունը բողոքարկում է Հրանտ Դինքի սպանության գործով տարեսկզբին Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի կայացրած վճիռը: Այդ մասին հայտնի դարձավ հինգշաբթի երեկոյան, երբ գործի քննությունը 2007-ից իրականացրած դատախազ Հիքմեթ Ուստան, դիմելով Թուրքիայի գերագույն վերաքննիչ դատարան, պահանջեց կրկին քննել «Ակոս»-ի խմբագրի սպանության գործը:

Դատաքննությունը զրոյից սկսելու պահանջը Ուստան հիմնավորում է հետեւյալ կերպ. - «Կասկած անգամ չկա, որ Դինքի սպանությունը ընդհատակյա «Էրգենեկոն» ցանցի կողմից ծրագրված դավադրության մի մասն էր»:

Դինքի սպանությունը քննող դատավորը հունվարին հրապարակած դատավճռում պնդել էր, թե մեղադրական գործի նյութերում չկար եւ ոչ մի ապացույց, որ հնարավորություն կտար խոսել Դինքի սպանությանը կազմակերպված որեւէ կառույցի ներգրավվածության մասին: Սա էր պատճառը, որ դատարանը բոլոր մեղադրյալներին ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մասով արդարացրել էր:

Դատախազ Հիքմեթ Ուստան, սակայն, կտրականապես համաձայն չէ դատավճռի այդ հատվածին: Իր 30-էջանոց բողոքարկման մեջ թուրք դատախազը գրել է. - «Դինքի սպանությունը «Էրգենեկոն»-ի գործունեության դասական օրինակ է: Դատարանը, սակայն, չկարողացավ հստակ գնահատական տալ այդ իրողությանը»։ Ուստան նաեւ համոզմունք է հայտնել, թե Դինքի սպանության գործը քննող դատավորը հապշտապ որոշում կայացրեց` չսպասելով «Էրգենեկոն»-ի մայր գործի դատաքննության ավարտին:

Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած թերություններին, որոնք էլ, դատավորի պնդմամբ, դարձել էին Դինքի սպանության հեղինակների համեմատաբար մեղմ դատավճռի պատճառ, Հիքմեթ Ուստան նշում է. - «Եթե մեղադրական եզրակացության մեջ չկային բավարար ապացույցներ, ապա դատարանը պարզապես կարող էր խնդրել դատախազությանը` ավելի հանգամանալի հետազոտություն անցկացնել»:

Դատախազի խոսքով` Դինքի սպանությունը կազմակերպելու եւ դրա իրագործմանը օժանդակելու համար մեղադրյալի աթոռին հայտնված անձանց առնվազն մի մասը «Էրգենեկոն» ցանցի Տրապիզոնում գործող կառույցի անդամներ էին: Առաջին անգամ դատախազ Հիքմեթ Ուստան նման կարծիք հայտնել էր դեռ 2011-ի սեպտեմբերին` Դինքի սպանության գործով դատական լսումներից մեկի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG