Մատչելիության հղումներ

Իտալիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան աճում է 10-15 տոկոսի սահմաններում:

Իտալիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան աճում է 10-15 տոկոսի սահմաններում: 2009 թվականներին նրանց թիվը եղել է 4500, 2010-ին՝ 6500, 2011 թվականին` 7800:

Ուրբաթ օրը Երեւանում անցկացվեց «Հայաստան-Իտալիա. Զբոսաշրջության զարգացման հնարավորություններ» խորագրով համաժողովը՝ Հայաստանի եւ Իտալիայի Վենետո մարզի միջեւ զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի խոսքով՝ հայ - իտալական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնակի ջերմությամբ: Նրա հավաստմամբ՝ այդ հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել նաեւ զբոսաշրջության ոլորտում:

Միջոցառումը կազմակերպվել է Մխիթարյան միաբանության, Վենետիկի առեւտրաարդյունաբերական պալատի, Վենետիկի տուրիստական խթանման գործակալության եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Միջոցառման հիմնական նպատակն է քննարկել երկկողմ հարաբերությունների առավել բարելավման, ընդհանուր խնդիրների քննարկման եւ այդ խնդիրներին լուծում տալու հեռանկարները:

Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ այս համաժողովի առաքելությունը Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տուրիստական, մշակութային կապերի ամրապնդումն է, նոր տուրիստական հոսքերի ապահովումը, երկու երկրների համապատասխան մարմիններին իրար առավել ճանաչելի դարձնելը։

Իտալացի զբոսաշրջիկը 4-5 օրվա ընթացքում Հայաստանում ծախսում է մոտավորապես 1000 ԱՄՆ դոլար:

Զբոսաշրջության փորձագետ Նադիա Պասկուալն ասաց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջինը տարիքը 45-60 է:

«Այս պահի դրությամբ ավելի շատ եկեղեցական, հոգեւոր, մշակութային, հնագիտական ոլորտի վրա է շեշտը դրվում: Պետք է ուշադրություն դարձնենք նաեւ բնության վրա, այսինքն` զարգացնենք էկոտուրիզմը: Ստեղծենք այնպիսի տուրիզմ, որ ավելի երիտասարդ տարիքի մարդկանց էլ գրավի», - հավելեց Նադիան:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, ով կարեւորեց համաժողովն ու ընդգծեց, որ տուրիզմը Հայաստանի համար կարող է դառնալ տնտեսական կարեւոր ռեսուրս այնպես, ինչպես Իտալիայում.

«Երեք տարի այստեղ եմ եւ կարծում եմ՝ հասցրել եմ բավականաչափ ճանաչել հայ իրականությունը, կարող եմ նշել եւ պնդել, որ Հայաստանի ու Իտալիայի միջեւ շատ գործոններ կան, որ կարող են ակտիվանալ ու հետաքրքրել», - ասաց դեսպանը:

XS
SM
MD
LG