Մատչելիության հղումներ

Մարտի 30-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը ասում է․ - «Հայ ազգային կոնգրեսն այսօր իր հերթական հանրահավաքն է անցկացնում, որը ըստ էության կարելի է համարել նախընտրական քարոզարշավի դե ֆակտո մեկնարկը: Սակայն այդ մեկնարկը տրվում է մի ժամանակահատվածում, երբ բավական տհաճ հարաբերություններ են առկա ընդդիմադիր դաշտում գործող երկու ուժերի՝ Կոնգրեսի եւ Ժառանգության միջեւ, այն էլ այն դեպքում, երբ ընդդիմադիր դաշտին զգալի մարտահրավերներ են նետվում խայտառակ ընտրական ցուցակների եւ նաեւ իշխանության բացարձակ մեծամասնական հավակնությունների տեսքով: Հանրապետական կուսակցության խոսնակները այսօր բացահայտ հայտարարում են, որ համամասնական ընտրակարգում ակնկալում են 37-40 տոկոս ձայն, եւ եթե սրան գումարենք նաեւ մեծամասնական ընտրատարածքներում ՀՀԿ-ական մոտ առնվազն երկու տասնյակ թեկնածուների՝ օլիգարխների եւ թաղային հեղինակությունների հավանական հաղթանակը, ապա պարզ է դառնում, որ Հանրապետականն առաջիկա խորհրդարանում հավակնում է ճնշող մեծամասնության»։

Նույն հանրահավաքի վերաբերյալ «Հայոց աշխարհ»-ը գրում է․ - «Թատերական հրապարակում այսօրվա միտինգով արմատական ընդդիմությունը փաստորեն մեկնարկ է տալիս նախընտրական ակտիվ պայքարին։ Բնականաբար հիմնական խոսակցությունը կընթանա ազնիվ ու արդար ընտրությունների, կեղծիքների ու խախտումների անթույլատրելիության, «ժողովրդի ձայնին տեր կանգնելու» վճռականության մասին։ Իրականում բողոքական ընտրազանգվածը ՀԱԿ-ի համար պարզապես հեղափոխության վառելիք է, որ կփորձեն իրականացնել մայիսի 6-ից հետո։ Եվ ազնիվ ընտրություններ հեղափոխականներին ամենեւին էլ պետք չեն»։

«Հայկական ժամանակ»-ին հարցազրույց է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ Թերթը գրում է․ - «Խոսակցությունները, որ կարող է ԲՀԿ-ից դուրս գաք, հիմնավո՞ր են․ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ում անունը ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ չի գտել, երեկ մեր այս հարցին պատասխանել է․ «Այդ մասին չեմ մտածել»։ Այսինքն, ինչպե՞ս հասկանանք ձեր ասածը, բացառվո՞ւմ է, թե հնարավոր է, որ դուրս գաք, եւ ինչի՞ց է կախված ձեր որոշումը․ «Դե, ժամանակն ամեն ինչ իր տեղը դնում է, ժամանակը կբերի դրան։ Ինքնըստինքյան մի պրոցես կլինի դա, մինչեւ անգամ, իմ կամքից անկախ», - պատասխանել է պատգամավորը։ Մեր թղթակիցը փորձել է ճշտել նաեւ, թե ինչպես է Բոստանջյանը վերաբերվում ԲՀԿ ցուցակում չընդգրկվելու փաստին եւ արդյո՞ք վիրավորված չէ։ «Դե, ի՞նչ կարող եմ անել, նորմալ եմ վերաբերվում, երեւի այդպես է պետք եղել։ Կարող եմ ասել՝ վիրավորված չեմ, բայց բոլոր դեպքերում զգացմունքներ ունեցող մարդը չի կարող իրեն դիսկոմֆորտի մեջ չզգալ», - ասել է նաեւ եւ ավելացրել, որ թերահավատորեն է վերաբերվում այն խոսակցություններին, թե Ռոբերտ Քոչարյանն անձամբ է իր անունը ջնջել ԲՀԿ ցուցակից։ Երկրի նախագահ եղած մարդը ինչի՞ պետք է իր մյուս գործերը թողած՝ այդ գործերով զբաղվեր»։

«Իրատես de facto»-ն զրուցել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ։ Լրագրողը հարցնում է․ - «Այս ընտրություններն ինչո՞վ կտարբերվեն նախորդներից»: Պատասխան․ - «Ցավոք, չեմ կարծում, որ կտարբերվեն: Դեռ հայտերը չէին ներկայացրել, իսկ ՀՀԿ-ն իր նախընտրական շտաբներն արդեն բացել էր: Նույնը կարելի է ասել կոալիցիոն մյուս կուսակցությունների մասին: Մեկը ժամկետանց ձեթ է բաժանում, մյուսը՝ օղի, երրորդը՝ ավտոբուսներով մարդկանց է տանում-բերում: Էս բոլորն օրենքի խախտում են: Նորմալ երկրներում նման կուսակցությունները վաղուց փակված կլինեին»։ Հարց․ - «ՀԱԿ-ի «կաշառքը» ո՞րն է»: Պատասխան․ - «ՀԱԿ-ը ժողովրդին կաշառք չի տալու՝ չակերտների մեջ կամ առանց չակերտների: Կոնգրեսն արդեն ասել է, որ գալիս է ավազակապետությանը վերջ տալու: Էսօր երկրից բոլորը փախչում են, էլ ո՞րն է դրանց առաջընթացը: «Հավատանք, որ փոխե՞նք»: Ինչի՞ն հավատանք, ո՞ւմ եք փոխում, ո՞նց եք փոխում: Լավ խոսք կա` խելքը հարաբերական է, գեղեցկությունը` անցողիկ: Բնավորությունը կա ու կմնա, ինչքան էլ հավատաք, այս իշխանությունների էությունը չի փոխվի»:

«Երկիր»-ի խմբագիրը գրում է․ - «Երբ «41 մեծամասնական» խորագրի համար հարցումներ էինք կատարում, պարզվեց, որ ընտրողը չի ճանաչում իր «ընտրած» պատգամավորին: Համարյա բոլորը խոսքները մեկ արած նույն բանն էին կրկնում` «Չենք ճանաչում, չենք տեսել»: Երբ հուշում էինք մականունը, զարմանում էին. «Ո՜նց չենք ճանաչում» ու ուլունք-ուլունք շարում էին մտքին եկած գոհարները: Այսինքն` իմիջ ասվածը իրենք չեն, իրենց մականուններն են: Խնդիրն ի՞նչն է: Այս մարդկանց ընտրություններ պետք չեն, դրանք թիթիզություն են, որով չեն ուզում «կեղտոտվել»: Նրանց պետք են ընտրությունների արդյունքները, որը հաճախ «դզում-փչվում» է ոչ նրանց մասնակցությամբ: Բարոն Մյունհաուզենի մեջ մի հատված կա, երբ կատաղած մուշտակն ընկնում է տիրոջ հետեւից: Մեր մականունավորներն այդ կատաղած մուշտակն են, որն ամբողջ հինգ տարի քրքրում է քաղաքացիներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG