Մատչելիության հղումներ

Քաղաքացիները ցանկանում են ապամոնտաժել կրպակները


Մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են մարտի 31-ին սեփական ուժերով, միջոցներով, գործիքներով ապամոնտաժել Երեւանի Մաշտոցի այգում տեղադրված կրպակները:

Այդ մասին նրանք նամակով տեղեկացրել են Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներն իրականացնող անձնաց անվտանգությունը:

Նամակի տակ ստորագրել են ամենատարբեր ոլորտներում հայտնի ակտիվ քաղաքացիներ, այդ թվում եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Բնակարաբար, ոչ թե կրպակների ապամոնտաժման հարց ենք փորձում լուծել, բոլորը հասկանում են, որ սա ընդամենը առիթ է, խորհրդանիշ է: Մենք էլ ենք դա հասկանում, վստահ եմ, որ հասկանում է նաեւ ոստիկանությունը եւ Երեւանի քաղաքային իշխանությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խզմալյանը:

«Սա ինչ-որ տեղ խաղաղ անհնազանդության մի ձեւ է, որովհետեւ քաղաքացիները իրավունք եւ պարտականություն ունեն չենթարկվել անօրինական որոշումներին», - ասաց Սարգսյանը:

Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կոչ է անում նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հորդորեց չկատարել, իր որակմամբ, այդ ապօրինի գործողությունը:

«Եթե իրենց գործողությունները դառնան ոչ իրավաչափ, ապա իրավաչափ կլինեն նրանց դեմ արվող գործողությունները, ինչը ինձ մտահոգում է», - ասաց Անդրեասյանը:

Հայաստանի ոստիկանությունը այսօր պատասխանել է ակտիվիստների նամակին՝ հորդորելով եւ պահանջելով «զերծ մնալ հակաիրավական գործողություններ կատարելուց, սադրանքներից եւ իրավիճակի անհարկի սրումից». - «ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները եւ մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում եւ աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող եւ հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում եւ օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման», - ասված է ոստիկանության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG