Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին տրամադրեց կնքված ծրարները, որոնցում, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, կա համապատասխան ծածկաշերտով կոդ (վեցան թվերով) եւ ուղեցույց` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի, ժամկետների վերաբերյալ:

«Արդեն պարզ է արտերկրում քվեարկությանը էլեկտրոնային եղանակով մասնակցող ընտրողների թիվը` 238», - ԿԸՀ-ում այսօր հրավիրված նիստից հետո հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:

Արտգործնախարարությունը ծրարները պետք է փոխանցի արտերկրում բնակվող եւ հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչություններում ծառայություն անցած, ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց եւ նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներին: Վերջիններս Հայաստանում անցկացվող ընտրություններին մասնակցելու են էլեկտրոնային քվեարկությամբ: Դա ընտրական օրենսգրքի պահանջն է:
Առաջին անգամ է Հայաստանում կիրառվում էլեկտրոնային քվեարկություն եւ առայժմ էլեկտրոնային տարբերակով կքվեարկեն միայն դիվանագիտական ծառայության անցածներն ու նրանց ընտանիքները:

Մուկուչյանն ավելացրեց, որ, ըստ օրենքի, էլեկտրոնային քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ Հայաստանի իրավաբանական անձանց` արտերկրում ունեցած մասնաճյուղերի ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները: Իրավաբանական անձանցից, սակայն, որեւէ մեկը տվյալ չի ներկայացրել ԿԸՀ:

Ծրարներն այսօր ստորագրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները:

Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Էլեկտրոնային քվեարկությունը սկսվելու է ընտրություններից 9 օր առաջ եւ ավարտվելու է ընտրությունից 5 օր առաջ:

«Ունեն բավականին երկար ժամանակ էլեկտրոնային քվեարկության ժամանակ: Սա նշանակում է, որ ընտրողը կարող է բազմաթիվ անգամներ մուտք գործել նույն էջը եւ բազմաթիվ անգամներ փոխել իր քվեն եւ միայն նրա վերջին տված քվեն է հաշվարկվում ձայների հաշվարկի ժամանակ: Սա արված է այն հաշվով, որ եթե ընտրողը ինչ-որ տեղ վերահսկողության է ենթարկվել, եթե ընտրողի նկատմամբ կամ (նրա) կամքի նկատմամբ կիրառվել է որեւէ ներգործություն, վերջինս հնարավորություն ունենա ցանկացած վայրից մուտք գործել ցանկացած համակարգիչ եւ փոփոխել իր քվեն», - լրագրողներին ասաց Տիգրան Մուկուչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG