Մատչելիության հղումներ

Մանկատան 15 շրջանավարտներ համաձայնել են բնակարաններ ստանալ Մարալիկ քաղաքում: Նրանք ընդգրկվել են շահառուների ցուցակում եւ այժմ պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը:

«Բայց որոշակիացված, հստակեցված բան դեռ չկա: Հստակեցված է միայն, որ շենքը կառուցված է Մարալիկում եւ մինչեւ մայիս 12 հոգի բնակարան պետք է ստանան այդտեղ: 15 հոգի շահառու է, ցանկանում են ստանալ, բայց մեզ տեղեկացրին, որ դեռեւս 12-ին կարող են տեղավորել», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց «Այգաբաց միաբանություն» կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը, ով զբաղվում է մանկատան շրջանավարտների խնդիրներով: Նա նաեւ հավելեց, որ այժմ առանց բնակարանի մնացած 270 շրջանավարտ կա:

Սարգիսը 2010 թվականի մանկատան շրջանավարտ է: Պատրաստում է ձեռքի աշխատանքներ, որոնք էլ հենց իր եկամտի աղբյուրն են. երբեմն վաճառվում են, երբեմն՝ ոչ: Մեզ հետ զրույցում պատմեց, որ ծնողներ ունի, սակայն նրանց հետ կապ չի պահպանում: Այն շրջանավարտների թվում է, ովքեր 18 տարին լրանալու պատճառով 2011-ի աշնանը դուրս մնացին մանկատներից եւ դեռեւս բնակարան չեն ստացել:

Հիշեցնենք, որ մանկատան շրջանավարտներին պետության կողմից բնակարաններ էին տրամադրվում մինչեւ 2008 թվականը, բայց չարաշահումների պատճառով 2009, 2010 եւ 2011 թվականների մանկատան շրջանավարտները բնակարաններ չէին ստացել, ինչի արդյունքում մի մասը շարունակել էր բնակվել մանկատանը, մի մասը սկսել էր ինքնուրույն հոգալ բնակարանի ծախսերը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Մաքսլիբերթի»-ին փոխանցել էին, որ մանկատների՝ առանց բնակարանի շրջանավարտներին այժմ բնակարաններ կտրամադրվեն այն շրջաններում, որտեղ պետբյուջեով շինարարություն է իրականացվում, օրինակ՝ Մարալիկ քաղաքում:

«Եթե անգամ Մարալիկի բնակիչների մեծ մասն է գնում խոպան Ռուսաստան, այնտեղ են գումար աշխատում, մենք՝ մանկատան երեխաներս, ինչպե՞ս կարող ենք այնտեղ աշխատանք գտնել», - ասում է Սարգիսը:

Նա այժմ բնակվում է Աբովյան քաղաքում գտնվող մանկատան՝ երեխաների համար նախատեսված բնակարաններից մեկում, այլ շրջանավարտների հետ: Քանի որ իր աշխատանքները հիմնականում Երեւանում են վաճառվում, ճանապարհածախսի վրա ստիպված է ավելի շատ գումար ծախսել, քան եթե Երեւանում բնակվեր:

Մանկատան շրջանավարտների խոսքերով` երկար տարիներ բնակվել են Երեւանում, ինտեգրվել են այստեղ, մի մասը սովորում է, մի մասը՝ աշխատում, եւ չափազանց դժվար է ամեն ինչ զրոից սկսել մի քաղաքում, որտեղի բնակիչներն իրենք են դժվարանում այդ քաղաքում գումար վաստակել:

Արտակ Սարգսյանը տեղեկացրեց, որ քննարկվել է նաեւ Երեւանի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող շենքը վերանորոգելու եւ վերջին տարիներին առանց բնակարանի մնացած մակատան սաներին այդտեղ բնակարաններ տրամադրելու հարցը, սակայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից այս տեղեկատվությունը չհաստատեցին:

XS
SM
MD
LG