Մատչելիության հղումներ

Մարտի 28-ին 92 տարեկան հասակում մահացել է անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը:

Մարդիկ, ովքեր մտերիմ են եղել բազմաթիվ պարգեւների արժանացած կոմպոզիտորի հետ, աշակերտել են նրան կամ պարզապես շփվել նրա հետ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում առանձնացնում էին նրան ոչ միայն որպես կոմպոզիտորի, այլ նաեւ չափազանց բարի, ազնիվ մարդու, ով պատրաստ էր օգնել ու աջակցել բոլորին:

Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920 թվականին Երեւանում: Նա 14 տարեկան հասակում ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա եւ հաջորդ տարին իսկ՝ ընդամենը 15 տարեկան հասակում, գրել է առաջին ստեղծագործությունը՝ հանրահայտ «Հայկական պարը», որը նրա մյուս այլ հայտնի ստեղծագործությունների նման հնչում է ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր երկրներում՝ հեղինակավոր նվագախմբերի եւ մենակատարների կողմից: Հարությունյանը 46 տարի՝ 1954-1990 թվականները, ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, քառասուն տարուց ի վեր դասավանդել կոնսերվատորիայում:

«Ալեքսանդր Հարությունյանը... Դա մեծ կորուստ է ոչ միայն մեզ, ոչ միայն հայ ժողովրդի համար, որովհետեւ նա իսկապես շատ ճանաչված է ամբողջ աշխարհում, եւ չեք պատկերացնում, ինչքան են նրա ստեղծագործություններ կատարում ողջ աշխարհում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց անվանի դաշնակահար Իգոր Յավուրյանը:

Մեկ այլ անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանն էլ շեշտում էր. - «Երեկ, երբ իմացա, որ արդեն Ալեքսանդր Հարությունյանը մեզ հետ չէ... ուղղակի ասել, որ ցավում եմ, նշանակում է ոչ մի բան չասել, ասել, որ հսկայական կորուստ ենք ունեցել, էլի ոչ մի բան չեմ ասում, որովհետեւ ինքը էպոխա էր, նրա երաժշտությունը, ինքը անձը, նրա գրած նոտաները, գործունեությունը եւ ընդհանրապես կերպարը… բայց գիտեք, կոմպոզիտորի մոտ կա մի շատ լավ բան, մնում է նրա երաժշտությունը»:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը նրա մահվան կապակցությամբ ստեղծել է կառավարական հանձնաժողով` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Հանձնաժողովը այսօր տեղեկացրել է, որ մարտի 31-ին ժամը 12։00-14։00-ը Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որին կհաջորդի կոմպոզիտորի հուղարկավորությունը Կոմիտասի անվան պանթեոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG