Մատչելիության հղումներ

Գարնան գալուստն ու բնության զարթոնքը, մի կողմից, ուրախացնում ու տրամադրություն է բարձրացնում, մյուս կողմից էլ` անհանգստություն է պատճառում հատկապես բույսերի նկատմամբ զգայուն օրգանիզմ ունեցող մարդկանց։ Փռշտոց, քոր աչքերում ու քթում, քթի փակվածություն, քթարտադրություն, գլխացավ:

Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը նշում է, որ այս ամենը խոսում է գարնանային ալերգիայի առկայության մասին. - «Այն մարդիկ, ովքեր ունեն ստորին շնչուղիների բորբոքում, որն արտահայտվում է ասթմայի ձեւով, կարող են ունենալ դժվարաշնչություն, հազ, սուլող շնչառություն: Սրանք հիմնական սեզոնային ալերգիաների ախտանիշներն են: Մարդկանց մի խումբ կա, որոնց մոտ կարող է լինել ատոպիկ դերմատիտ, այսինքն` մաշկի չորացում, ցան մաշկի վրա, որը հստակ սեզոնային բնույթ է կրում»:

Ապրիլի վերջից սկսվում է գարնանային ալերգիաների բուռն ծաղկման շրջանը: Աստղիկ Բաղդասարյանը նշում է, որ Հայաստանում տարածված չեն ծառերից առաջացող ալերգիաները, հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում ալերգիաների պատճառ են դառնում խոտերից, հատկապես մոլախոտերից առաջացած ծաղկեփոշիները: Իսկ խուսափելու լավագույն ու առաջին տարբերակը ժամանակին խոտերի կտրման աշխատանքներ իրականացնելն է:

«Դրանք մարգագետնային խոտերն են, որոնք հասկի տեսք ունեն, եւ դրանցից արտազատվող ծաղկեփոշին ներթափանցում է շնչուղիներ եւ խնդիրներ առաջացնում: Երկրորդ տեղում գտնվում են շան ալերգենները, բայց հետաքրքիր է, որ մարդու մոտ հայտնաբերում ենք շան նկատմամբ ալեգիա, բայց այդ մարդիկ լուրջ խնդիրներ չեն նշում կլինիկայում, փոխարենը երրորդ ամենահաճախ հանդիպող ալերգենները` փոշու տզերը, ավելի արտահայտված կլինիկական պատկեր են առաջացնում: Այսինքն, առաջին երեք տեղերում այս ալերգիաներն են», - ասում է ալերգոլոգը:

Իսկ տարածված կարծիքին, թե հղիների մոտ գարնանը սրվում են ալերգիաները, Աստղիկ Բաղդասարյանը համամիտ չէ, նշում է, որ դրանք կարող են լինել հարբուխի ախտանիշներ, որոնք շատերը շփոթում են ալերգիաների հետ.- «Այսինքն, քթի փակվածություն, քթով դժվարաշնչություն, որը հիմնականում պայմանավորված է ոչ թե ալերգիայով, այլ պրոգեստերոնի քանակի բարձրացմամբ, որը հղիության ժամանակ արտադրվող հորմոն է: Խնդիրն այլ է, երբ հղին ունի նաեւ ալերգիա եւ դրան գումարվում են պրոգեստերոնի առաջացրած խնդիրները, եւ այդ ժամանակ, հատկապես, նրանք դժվար են շնչում»:

Կանանց, ովքեր գիտեն իրենց ալերգիայի մասին, ալերգոլոգը խորհուրդ է տալիս պլանավորել հղիությունն այնպես, որպեսզի հղիության առաջին երեք ամիսները լինեն ալերգիայից դուրս սեզոնին. այդպես, ըստ ալերգոլոգի, կխուսափեն նաեւ ավելորդ խնդիրներից: Իսկ եթե արդեն հղի են, ապա պետք է դիմեն բժշկին կանխարգելիչ բուժում ստանալու նպատակով, որպեսզի դժվարություններ չառաջանան:

Իսկ առհասարակ բոլոր նրանց, ովքեր տառապում են գարնանային ալերգիայով, Աստղիկ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս ծաղկման սեզոնը սկսվելուց առաջ դիմել բժշկի, որոշել ալերգիայի առաջացման պատճառները եւ ստանալ կանխարգելիչ բուժումներ:

Բաղդասարյանը նաեւ նշում է. - «Բացի կանխարգելիչ բուժում ստանալուց, անհրաժեշտ է նաեւ հետազոտել` արդյոք կա՞ ասթմա, թե՞` ոչ, որովհետեւ այն բոլոր մարդիկ, ովքեր ունեն ալերգիկրինիտ` այն պրիմիտիվ փռշտոցները, որոնց մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում, բայց իրականում դրանց 40 տոկոսն ունեն բրոնխիալ ասթմայի զարգացման ռիսկ, եւ եթե ճիշտ մոտեցում ցուցաբերվի` անհրաժեշտ է, որպեսզի նրանց մոտ գնահատվի թոքերի ֆունկցիան, պարզելու համար` կա՞ն արդյոք նաեւ ստորին շնչուղիներում բորբոքման նշաններ, եւ սեզոնի ընթացքում ստանա սիմպտոմատիկ բուժում»:

Ալերգոլոգի խոսքով` հնարավոր է ալերգիաներից ձերբազատվել ալերգենները հայտնաբերելու պարագայում. - «Այսինքն, եթե մենք գիտենք` որն է ալերգենը, փոքր դոզաներով ներարկվում է հիվանդին 3-5 տարիների ընթացքում, կամ` ենթալեզվային կոճակների կամ կաթիլների ձեւով, դա արվում է ալերգիայի սեզոնը վերջանալուց հետո: Նման բուժման պարագայում հնարավոր է, որ հաջորդող տարիներին սեզոնի ընթացքում այլեւս խնդիրներ չունենան, կամ մինչեւ 80 տոկոսով նվազեն այդ խնդիրները»:


XS
SM
MD
LG