Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պարզաբանում է Սուքիասյանին չգրանցելու հիմքերը


Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան
Եթե քաղաքացին վեց ամսից ավելի ժամկետով անընդմեջ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ապա նա այլեւս Հայաստանի մշտական բնակիչ չի համարվում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս խնդիրը կարգավորվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով եւ 2005 թվականին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» կառավարության որոշմամբ: Այդ որոշման համաձայն՝ ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի հասցեն փոխվում է, եթե Հայաստանի քաղաքացին Հայաստանի տարածքից դուրս է գտնվել վեց ամսից ավելի ժամկետով:

Քոչարյանի փոխանցմամբ՝ հենց այս իրավական ակտերից ելնելով է Անձնագրային եւ վիզային վարչությունը պնդում, որ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում մշտապես չի բնակվել: Ըստ ոստիկանության, Խաչատուր Սուքիասյանը Հայաստանից անընդմեջ բացակայել է վեց ամսից ավելի՝ տաս ամիս:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի յոթերորդ հոդվածի համաձայն՝ եթե ՀՀ քաղաքացին վեց ամսից ավելի ժամկետով գտնվել է Հայաստանի սահմաններից դուրս, կամ վեց ամիս ժամկետից ավելի բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, պարտավոր է դիմել հյուպատոսական ծառայություն եւ կանգնել հաշվառման: Ընդ որում հյուպատոսական ծառայությունը, մեզ ուղարկելով քաղաքացու դրսի հասցեն, տեղեկացնում է բնակչության պետական ռեգիստրին, որի հիման վրա մենք քաղաքացուն հանում ենք հաշվառումից: Այսինքն վեց ամսից ավելի դրսում ապրող ՀՀ քաղաքացին օրենքի իմաստով բնակիչ չի համարվում, դրա համար էլ հասցեի հաշվառումից դուրս է գալիս: Եթե մի քանի ամիս դուրսում մնալով քաղաքացին թեկուզ մեկ օրով Հայաստան է վերադառնում, արդեն ժամկետի հաշվարկը սկսում է վերադառնու պահից սկսած: Մենք բացառապես ղեկավարվել ենք օրենքի տառով, որեւէ քաղաքական շարժառիթ մեր գործողություններում առկա չէ», - պարզաբանեց Քոչարյանը՝ վստահեցնելով, որ Խաչատուր Սուքիասյանը տաս ամիս անընդմեջ բացակայել է Հայաստանից:

Մինչդեռ Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց Անձնագրային վարչության պետի այս պնդումներին՝ նշելով, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ կետը ընդամենը ասում է, որ Հայաստանի քաղաքացին Հայաստանից դուրս վեց ամսից ավելի ժամկետով մեկնելու կամ բնակվելու դեպքում պետք է գրավոր տեղեկացնի հյուպատոսական ծառայությանը: Ծառայությունն էլ պետք է տեղեկացնի կենտրոնական ռեգիստր վարող մարմնին եւ վերջ: Այսինքն, ըստ Զոհրաբյանի, այս օրենքը իրավական առումով որեւէ հիմք չի տալիս անձին զրկել իր ընտրական իրավունքից:

Ինչ վերաբերում է կառավարության համապատասխան որոշմանը, որը սահմանում է, թե քաղաքացին վեց ամսից ավելի երկրից դուրս գտնվելու դեպքում այլեւս Հայասանի բնակիչ չի համարվում, ապա Զոհրաբյանն ասաց. - «Կառավարության որոշումը չի կարող օրենքից դուրս հարց կարգավորել: Եթե խոսվում է այն մասին, որ պետք է միայն տեղեկացնել, կառավարության որոշումը չի կարող օրենքով սահմանված պարտականություն դնել քաղաքացու վրա: Սահմանադրության 42-րդ հոդվածի մեջ կա այսպիսի ձեւակերպում՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

Հովհաննես Քոչարյանի փոխանցամամբ՝ Սուքիասյանը միակը չէ, ով այս պատճառով Հայաստանում մշտապես բնակվելու տեղեկանք չի ստացել: Նման խնդրի առջեւ կանգնել է պատգամավորության թեկնածու առաջադրվել ցանկացող հինգ անձ, որոնց մեջ է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու ցանկություն հայտնած Էդուարդ Մադաթյանը: Նա էլ, ըստ ոստիկանության, Հայաստանից բացակայել է 8-9 ամիս:

Հակադարձելով այն պնդումներին, որ Սուքիասյանին տեղեկանք չի տրվել քաղաքական նկատառումներից ելնելով, Անձնագրային եւ վիզաների վարչության պետը նշեց, որ եթե քաղաքական ենթատեքստ լիներ, ապա Էրեբունու բաժանմունքը հենց սկզբից նրան տեղեկանք չէր տա, քանի որ գիտեին, թե դիմողն ով է: Քոչարյանը ասաց, որ իրենց Սուքիասյանի բացակայությունը հայտնի է դարձել Ազգային անվտանգության ծառայության տնօրինության տակ գտնվող տվյաների համակարգից, որը իրավունք ունի օգտագործել նաեւ ոստիկանությունը՝ իր լիազորություններն իրականացնելիս:

«ԱԱԾ-ի մոտ այդ տվյալներ ֆիքսվել էին «Զվարթնոց» օդանավակայանում մուտք ու ելք իրականացնելիս», - ասաց Քոչարյանը:

Հարցին, թե իշխող կուսակցությանը հարող կամ անդամակցող թեկնածուները պահպանո՞ւմ են օրենքի այս կետը, Քոչարյանը պատասխանեց. - «Անձնագրային ծառայությունը որեւէ կերպ խտրական վերաբերմունք չի դրսեւորում»:

Ի դեպ, Հովհաննես Քոչարյանը զգուշացրեց, որ քաղաքացին Հայաստանում նաեւ իր մշտական բնակության վայրը փոխելիս յոթօրյա ժամկետում պետք է այդ մասին տեղյակ պահի նոր բնակության վայրի անձնագրային ծառայությանը՝ նոր վայրում հաշվառվելու համար, այլապես դա կդիտվի իրավախախտում, եւ քաղաքացին ստիպված կլինի 3000 դրամ տուգանք վճարել:

please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG