Մատչելիության հղումներ

Զարգացած երկրներում ապաստան խնդրող հայաստանցիների թիվը աճել է


Վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան 11 հազար հայաստանցի է դիմել արեւմտյան զարգացած պետություններին` ապաստան տրամադրելու խնդրանքով։ Համենայնդեպս, այդ է փաստում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության վերջին զեկույցը։

Զեկույցի համաձայն` միայն Ֆրանսիայում 2011-ին երկու անգամ ավելի շատ հայ է ապաստան խնդրել, քան նախորդ տարի։ «2010-ին Ֆրանսիայի իշխանությունները ստացել են 1800 հայաստանցու դիմում, մեկ տարի անց արդեն` ավելի քան 3600», - փաստում է զեկույցը։

Այս ցուցանիշով հայերը Ֆրանսիայում ապաստան խնդրող տասը ազգությունների մեջ զբաղեցրել են երրորդ հորիզոնականը` 140 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի ու 70 միլիոն բնակչություն ունեցող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից հետո։

Ֆրանսիայից բացի, նախորդ տարվա ընթացքում, ապաստան խնդրող հայերի թվի աճ է արձանագրվել նաեւ Ավստրիայում, Գերմանիայում, Լեհաստանում եւ Կանադայում։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում ամենից հաճախ ապաստան խնդրող 40 ազգերի մեջ հայերը զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը. 2011-ին Հայաստանից եվրոպական երկրներում ապաստան է խնդրել ավելի քան 6 հազար մարդ, մեկ տարի առաջ` 5 հազար, աճը կազմել է 19 տոկոս։

Հարկ է նշել, սակայն, որ Եվրոպայում առավել հաճախ ապաստան խնդրող քսան ազգությունների շարքում Հայաստանն առաջինն է` բնակչության փոքր թվով։

Մյուս կողմից, անցած հինգ տարիների ընթացքում մի քանի անգամ պակասել է Հայաստանում ապաստան խնդրողների թիվը. եթե 2007-ին Հայաստանի իշխանություններից ապաստան է խնդրել 300 մարդ, ապա հաջորդող տարիների ընթացքում այդ թիվը շարունակաբար նվազել է եւ 2011-ին հասել 70-ի։

Ընդհանուր առմամբ, վերլուծելով համաշխարհային միտումները, զեկույցը փաստում է, որ անցած տարի` արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխություններից հետո, զարգացած երկրներում ապաստան խնդրողների թիվը 20 տոկոսով ավելացել է, եւ արաբական աշխարհից Եվրոպա հասած փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։ «Վերջիններիս համար նախընտրած ուղղություններ են շարունակում մնալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Կանադան եւ Գերմանիան», - փաստում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության վերջին զեկույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG