Մատչելիության հղումներ

Մարտի 29-ի մամուլ


«168 ժամ»-ը տպագրել է Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցչի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը։ Լրագրողը հարցնում է․ - «2008 թվականի մարտի դեպքերը Ձեր օրակարգի կարեւորագույն հարցերից էին` որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ աշխատելու տարիներին»։ Սեմնեբին պատասխանում է․ - «Հուսով եմ, որ այդ իրադարձությունները մնացին անցյալում, եւ այսօր հարկ չկա դրանց մեջ նույն հուզական երանգները մտցնել, որոնք առկա էին 2008 թվականի մարտի դեպքերից հետո: Ժամանակն է արդար գնահատական տալ կատարվածին, եւ ես կարծում եմ, որ դա կարող է օգտակար լինել բոլորի համար: Բայց բոլորը պետք է նույն մոտեցումն ունենան: Այդ իրադարձությունները չպետք է Հայաստանի այսօրվա քաղաքական օրակարգի մաս կազմեն, ինչպես դա եղավ 2008 թ. մարտի դեպքերից անմիջապես հետո: Այսօր խոսքը հիմնականում պետք է գնա այդ վերքի բուժման մասին, որը ցավալի է բոլորի նրանց համար, ովքեր ներգրավված են եղել»։

«Ժամանակ»-ի թղթակիցը ՆԳ նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանին խնդրել է մեկնաբանել Սեմնեբիի այդ կարծիքը։ Պարոն Աբրահամյանը ասում է․ - «Մարտի 1-ի էջը խարանի նման իշխանությունների ճակատին է խփված: Կողքից ցավ չզգացող մարդու համար, որն ընդամենը եվրոպական չափանիշների դիտորդի կարգավիճակ ունի, մոտեցումը միանգամայն հասկանալի է, քանի որ նա ցավ չի զգում և այս ժողովրդի մեկ մասը չէ, նա իր կաշվի վրա չի զգացել ընտրությունների անարդարությունն ու անբարոյականությունը: Բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից, եթե մոլի իշխանական ներկայացուցիչ չէ, կհամարի, որ մարտի 1-ի էջը փակված չէ, և դա խարանի նման իշխանությունների ճակատին խփված է»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը հարցնում է․ - «Ի վերջո, քանի՞ ընտրող կա այսօր Հայաստանում: Սա մի հարց է, որն ունի մի քանի պատասխան:
Ըստ պաշտոնական վիճակագրության` ներկայումս ընտրողների թիվը 2 միլիոն 486 հազար է: Ամենապարզ տրամաբանությամբ, չի կարող որեւէ երկրում ընտրողների թիվը մեծանալ` այն դեպքում, երբ բնակչության թիվը նվազում է օր օրի: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ` միայն վերջին երկու տարիներին Հայաստանից մեկնողների թիվը 106 հազարով ավելի է եղել, քան Հայաստան ժամանողներինը: Այսինքն, բնակչության երեք տոկոսը երկու տարվա մեջ հեռացել է Հայաստանից»:

Ազգային ժողովում Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհ»-ին ասել է․ - «Ընդդիմությունը արդեն այսօր գցում է ընտրությունների վարկանիշը, հասարակական անվստահություն է առաջացնում եւ պնդում է, թե ընտրությունների արդյունքները կեղծվելու են: Նման գործելաձեւը շատ վատ հետեւանքներ է ունենալու հենց ընդդիմության համար: Ակնհայտ է, որ որոշ ընդդիմադիր ուժերի համար խորհրդարանական ընտրությունները եւ դրանց արդյունքներն էական չեն, քանի որ նրանք ունեն այլ հեռահար նպատակներ: Նրանք արդեն նախատրամադրված են, անկախ արդյունքներից, հետընտրական փուլը վերածելու հեղափոխական իրավիճակի: Այս իսկ պատճառով իշխանությունը ամեն ինչ անելու է, որ նախեւառաջ մեր ժողովուրդը հավատա. ընտրությունները անցկացվելու են ազատ ու արդար»:

«Երկիր»-ը գրում է․ - «ՀԱԿ-ի նախընտրական դաշինքին չմիացած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ՀԱԿ-ի ներկայիս համամասնական ցուցակին գնահատական տալը կոռեկտ չի համարում. երբ ընտրություններն անցնեն, այն ժամանակ էլ կխոսի: «Երկիր»-ի հետ զրույցում Գիմիշյանը խոստովանեց, որ ընտրություններին մասնակցել եւ երկրում ինչ-որ բան փոխել իր կուսակցությունը շատ էր ցանկանում, բայց, դե արի ու տես, որ ՀԱԿ-ում մարտավարության հարցում անհամաձայնություններ առաջացան: «Ընտրություններին մասնակցելու նպատակը տեսնում էինք հասարակությանը ակտիվացնելու, մոբիլիզացնելու մեջ: Մենք վստահ ենք, որ հերթական ընտրություններով հարց լուծել չի լինի: Իսկ ՀԱԿ-ը մաքսիմում գոյությունով մինիմում ծրագիր ունի, եւ ուզում են գնալ ԱԺ մի քանի մանդատի համար, որն էլ մեր հիմնական հակասությունն էր»,- ընդգծել է Գիմիշյանը եւ վստահեցրել, որ ընտրությունները մի քանի մանդատի համար լինել չեն կարող, փոփոխություններ են պետք»:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG