Մատչելիության հղումներ

Կուսակցությունները պատրաստվում են քարոզարշավի


Կուսակցությունները նախապատրաստվում են քարոզարշավի
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00

Ապրիլի 8-ին մեկնարկելիք քարոզարշավի ընթացքում իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է օգտվել «քարոզչության` աշխարհում ընդունված բոլոր միջոցներից», ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ձեւակերպեց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Կուսակցությունը քարոզարշավը կսկսի ապրիլի 9-ից։ Թե կոնկրետ ինչպե՞ս է ազդարարվելու մեկնարկը, ՀՀԿ-ն դեռ չի հրապարակում։

«Հանրապետական կուսակցությունը իր քարոզարշավը կիրականացնի ամենաարդյունավետ կերպով, կլինեն անակնկալներ, իսկ ամենակարեւորը՝ կուսակցությունը ազնիվ ու անկեղծ կներկայանա իր ընտրողներին», - նշեց Շարմազանովը։

Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» նախատեսում է ապրիլի 8-ից սկսած Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ հանրահավաքներ անցկացնել հանրապետության տարբեր մարզերում։

«Այս պահին դեռեւս ճշգրտման փուլում է, թե որտեղով կմեկնարկենք, մեկ բան հստակ է, որ մենք կավարտենք Երեւանում։ Նախատեսում ենք մայիսի 4-ին Երեւանում հրավիրել մեծ հանրահավաք։ Դրանից բացի մենք կազմավորել ենք քարոզչական տարբեր խմբեր, որոնք Գագիկ Ծառուկյանի այցերին, հանդիպումներին զուգահեռ կլինեն հանրապետության բոլոր, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, որտեղ կա թեկուզ 50-60 բնակիչ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության քարոզչության պատասխանատու, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա չհերքեց, որ այդ խմբերից երկուսը գլխավորելու են ԲՀԿ-ին վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը։ Քարոզչության՝ օրենքով սահմանված բոլոր ձեւերին զուգահեռ այս կուսակցությունը դեմ չէ նաեւ օգտագործել սոցիալական ցանցերը, Ֆեյսբուքը՝ հատկապես իրենց դեմ «ժամանակ առ ժամանակ ծավալվող սեւ PR-ին հակազդելու համար»։

«Դա եւս շատ կարեւոր հարթակ է, եւ ինչո՞ւ չէ, կօգտագործենք ինչ-որ մեսիջներ տեղ հասցնելու համար։ Հակաքարոզչություն մենք չենք նախաձեռնելու, որեւէ մեկին սեւացնելու խնդիր չունենք, բայց մեր հասցեին արված որեւէ վիրավորանք, ոչ կոռեկտ հայտարարություն երբեւէ անպատասխան չի մնացել ու չի մնալու», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցությունը եւս մտադիր է քարոզարշավի ընթացքում քարոզչության՝ օրենքով սահմանված բոլոր ձեւերի հետ օգտագործել նաեւ Ֆեյսբուքը, բայց ոչ թե քարոզչության կամ հակաքարոզչության նպատակով, այլ իրազեկման, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, կուսակցության քարոզարշավի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը։

«Իմ խորին համոզմամբ, Ֆեյսբուքի դերակատարումը պետք է ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ թերագնահատել։ Դա պլատֆորմ է, որտեղ ավելի շատ աշխատում է իրազեկման եւ տեղեկատվական բաղադրիչը, քան թե քարոզչական, որովհետեւ Ֆեյսբուքի օգտատերերի մի զգալի մասը ընդհանրապես ապաքաղաքական տրամադրություններ ունի, այն մասն էլ, որը որ քաղաքականապես ակտիվ է, ես չեմ կարծում, որ քարոզչության պակասի խնդիր ունի, ավելի շատ տեղեկատվության պակասի խնդիր կա։ Բնականաբար, մենք այդ մեխանիզմները նույնպես կօգտագործենք», - նշեց Սեյրանյանը։

Դաշնակցության քարոզարշավը եւս մեկնարկելու է հանրահավաքով։ Մինչ այդ՝ ապրիլի 9-ին, կուսակցությունը կներկայացնի իր նախընտրական պլատֆորմը:

«Մեկնարկային եւ եզրափակիչ հանրահավաքները կլինեն Երեւանում։ Առաջին հանրահավաքը արդեն իսկ հայտարարել ենք ապրիլի 10-ին՝ Ազատության հրապարակում։ Դրանից հետո մենք ունենք բոլոր մարզերում մեկական մեծ հանրահավաքներ։ Կունենանք նաեւ դահլիճային հանդիպումներ», - նշեց Դաշնակցության ներկայացուցիչը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը խոստանում է «շատ ակտիվ» քարոզարշավ ինչպես Երեւանում, այնպես էլ տարբեր բնակավայրերում: Թե կոնկրետ ինչպե՞ս են ազդարարելու քարոզարշավի մեկնարկը եւ քարոզչության ո՞ր ձեւերն են օգտագործելու, դեռեւս քննարկվում է։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Ժառանգությանն» ու Ազատ դեմոկրատներին, նրանք իրենց քարոզարշավի շնորհանդեսը հայտարարել են ապրիլի 9-ին, երբ հրապարակվելու են իրենց ծրագիրն ու կարգախոսը:

«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում, մասնավորապես, ասաց․ - «Օգտագործվելու են բոլոր այն միջոցները, ինչ օրենքով նախատեսված է․ եւ ժողովրդային հանդիպումներ, եւ լոկալ-տեղային հանդիպումներ, եթերը, մամուլի միջոցները»։

Ռուբեն Հակոբյանը ընդդիմադիր լրատվամիջոցներին կոչ արեց զերծ մնալ իր կարծիքով իրենց կուսակցության դեմ իրականացվող սեւ քարոզչությունից:

«Ինձ ցավ է պատճառում, որ ընդդիմադիր ուժերին ենթարկվող թերթերը ավելի շատ ընդդիմությանն են հարվածում, քան իշխանությանը։ Բացեք այդ կոլաժները որ կան, եւ ընդհանրապես՝ նյութերը», - հավելեց նա։

Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», նրանք քարոզարշավի մեկնարկից առաջ՝ ապրիլի 7-ին, մտադիր են Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել:

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG