Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքական կուսակցությունները բանավիճում են ընտրացուցակների շուրջ


Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի այսօր կազմակերպած բանավեճին մասնակցում էին Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված են առնվազն 6 այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային միաբանություն, Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն,Սահմանադրական իրավունք միություն, Մայր հայրենիք, Հզոր հայրենիք, Ժողովրդավարություն եւ աշխատանք կուսակցությունները, որոնք հիմնականում ընդգրկված են առաջնորդների մակարդակով։ Որքանով են այդ կուսակցությունները գաղափարապես նման Հանրապետական կուսակցությանը, հետաքրքրվեցինք ՀՀԿ խորհրդի անդամ, Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանից:

«Գուցե լինեն գաղափարական որոշակի տարբերակումներ՝ բնականաբար կլինեն, բայց ծրագրային առումով, այսինքն այն խնդիրը, որ այդ նույն լիդերները քարոզելու են նաեւ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող», - նշեց Արտակ Զաքարյանը, ով իրենց համամասնական ցուցակը որակում է ներկայացուցչական:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը շատ մրցունակ է, գտնում է ԲՀԿ անդամ, պատգամավոր Արամ Սաֆարյանը: Ինչ վերաբերում է կուսակցության հեռանկարներին՝ ծրագրային առումով, ապա պատգամավորի խոսքով․ - «Այն դրական միտումները, որ նկատվել են վերջին տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում, պետք է շարունակվեն եւ այս հենքի վրա է, որ պետք է ձեւավորվի Հայաստանի նոր իշխանությունը»։

Խորհրդարանական Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով, այսօր Հայաստանի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերը ժամանակակից երկիր ունենալն է:

«Մեր իրականությունը այլընտրանք, քան մոդեռնացումը՝ չունի, որովհետեւ իսկապես այս արեւելյան աղբով, այս ժառանգությամբ Հայաստանի ճակատագիրը վտանգված է։ Ըստ էության մենք ունենք բացարձակապես ցուցակների եւ անձերի շուրջ քննարկում, որտեղ չկա քաղաքական բովանդակություն, որը պիտի մեկ հարցի պատասխաներ՝ ի՞նչ երկիր է ուզում դառնալ Հայաստանը, որտեղ նրա հասարակության եւ անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը», - պարզաբանեց Գալստյանը։

Դաշնակցական պատգամավորն անդրադարձավ նաեւ իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների նախընտրական կարգախոսներին՝ «նախընտրական լոզունգներում կա հավատալ բառը․ ամենաողբերգականը դա է՝ վաղուց հայ հասարակությունը հավատի կորուստ ունի»։

Համամասնական ցուցակը կազմելիս քաղաքական մյուս ուժերի համեմատ Հայ ազգային կոնգրեսի դրությունը ավելի բարդ է եղել, փաստում է ՀԱԿ-ի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը, քանի որ ՀԱԿ-ում ներգրավված են 18 կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ: Վլադիմիր Կարապետյանը վերահաստատեց, որ ՀԱԿ-ի նպատակը իշխանփոխության եւ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելն է:

Հանրապետական Արտակ Զաքարյանը արձագանքեց իշխանափոխության վերաբերյալ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությանը, որակելով դա անիմաստ գաղափար, որի վրա ըստ ՀՀԿ-ականի ցանկալի չէ, որ ընդդիմությունը ժամանակ վատնի: Զաքարյանն առաջարկեց, որ ընդդիմությունը երկրում հաջորդ հինգ տարում, լինի խորհրդարանում, թե դրանից դուրս, գործի կառուցողական: Ինչին, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց հետեւյալ կերպ․ - «Ես կարող եմ հավատացնել, որ դա հայ ժողովրդի նկատմամբ ամենակառուցողական մոտեցումը կլինի, որ փոխենք այս իշխանություններին, որ հավատանք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG