Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Սինգապուրը հաջողված պետության լավ օրինակ է»


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Երեքշաբթի երեկոյան Սինգապուր ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպումներ է ունեցել այդ երկրի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ։ Սերժ Սարգսյանը նաեւ մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել Սինգապուրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները:

Սինգապուրի եւ Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ - սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը:

Սինգապուրի նախագահի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 20 տարի առաջ, հայ - սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են Սինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին:

Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները երկուստեք ցանկություն են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական այս տարին նշանավորվի նաեւ որպես Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման տարի: Նախագահները խոսել են կրթության, գիտության, քաղաքացիական ծառայության ոլորտներում համագործակցության, սինգապուրյան փորձը Հայաստանում ներդնելու մասին եւս:

Սինգապուրի վարչապետի հետ Հայաստանի նախագահի հանդիպմանը անդրադարձ է եղել հատկապես երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը:

Այս հանդիպմանը եւս երկուստեք ընդգծվել է Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը: Հատկապես հիշելով հայ գործարարների բարի համբավը եւ Սինգապուրում 19-րդ դարի վերջին առեւտրային հարաբերությունները զարգացնելու գործում նրանց ունեցած յուրահատուկ առաքելությունը՝ Լի Սյան Լունը ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ - սինգապուրյան տնտեսական սերտ կապերը:

Սինգապուրի «Իստանա» նստավայրում պաշտոնական բանակցությունները եզրափակվել են փաստաթղթերի ստորագրմամբ: Մասնավորապես, Հայաստանի եւ Սինգապուրի կառավարությունների միջեւ ստորագրվել են Փոխըմբռնման հուշագիր մշակույթի ոլորտում համագործակցության մասին եւ Համաձայնագիր դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին:

Սերժ Սարգսյանը այսօր այցելել է նաեւ Սինգապուրի բուսաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» անվանակոչության արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի եւ անվանի գործիչների: Այս արարողակարգին Հայաստանի նախագահի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ եւս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաեւ որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը:

Հայաստանի նախագահը պատվո հյուրերի գրքում իր գրառման մեջ այս կապակցությամբ, մասնավորապես, նշել է. - «Հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի անունը: Թող որ այս չքնաղ ծաղիկը նաեւ հայ - սինգապուրյան բարեկամության հարատեւության խորհրդանիշը լինի»:

Սինգապուրի ամենաազդեցիկ կորպորացիաների եւ երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրվել են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, քաղաքաշինության եւ քաղաքաշինական ծրագրավորման, ՀԷԿ-երի շինարարության, աղբահանության եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Սինգապուր կայցելեն նաեւ հայ գործարարները` բանակցություններն ու մտադրություններն ավելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով:

Հայաստանի նախագահի պետական այցի առաջին օրվա ավարտին նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից պետական ընթրիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG