Մատչելիության հղումներ

Ալիեւի սեուլյան հայտարարությունները` «հերթական շահարկումներ»


Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյան, արխիվային լուսանկար

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյան, արխիվային լուսանկար

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, միջուկային անվտանգության հարցերով Սեուլի միջազգային գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած՝ Հայաստանի ատոմակայանին վերաբերող արձանագրումներն այլ բան չեն, քան հերթական շահարկումներ:

Ադրբեջանի ղեկավարը, ըստ ադրբեջանական կայքերի, մասնավորապես, նշել է, թե 1976 թվականին կառուցված Մեծամորի ատոմակայանը չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության ժամանակակից պահանջներին, հետեւաբար՝ սպառնալիք է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը:

Սեուլում ունեցած իր ելույթում հակադարձելով Ալիեւին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է. - «Ադրբեջանի նախագահի՝ հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետեւ Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ»:

«Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը», - իր ելույթում նաեւ ընդգծել է Հայաստանի ղեկավարը:

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով` Ալիեւի այս շահարկումները հատկապես բնութագրական են այն իմաստով, որ հարկադրաբար միջուկային էներգիայի օգնությանը դիմող Հայաստանը այդ կացության մեջ է հայտնվել հենց Ադրբեջանի բանեցրած շրջափակման քաղաքականության պատճառով:

«Եթե նախագահ Ալիեւն այդչափ անհանգստացած է Մեծամորի ատոմակայանի վիճակով, ապա ես համոզված եմ, որ Եվրամիությունը միայն կողջուներ Ադրբեջանի կողմից Հայաստանում առավել ապահով եւ ժամանակակից ատոմակայան կառուցելուն նպատակամղված դրամական ներդրումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կիրակոսյանը։

Հարցին` Սեուլում տեղի ունեցած այս բանավեճը կարո՞ղ է ինչ-որ քաղաքական հետեւանք ունենալ, քաղաքագետն արձագանքեց. - «Հայաստանը Վաշինգտոնում կայացած՝ միջուկային անվտանգության նախորդ գագաթնաժողովին եւս ակտիվորեն մասնակցում էր, մինչդեռ Ադրբեջանը ընդհանրապես բացակայում էր: Արդեն երկրորդ անգամն է, որ Հայաստանը մասնակից է դառնում այս կարեւոր միջոցառմանը՝ ցուցադրելով, որ հանձնառու է միջազգային անվտանգության հարցերում եւ շատ լուրջ է վերաբերվում դրանց»:

Մինչդեռ, ըստ Կիրակոսյանի, ի հակադրություն Հայաստանի այս հանձնառության` Ադրբեջանն ինքն է սպառնում տարածաշրջանային անվտանգությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG