Մատչելիության հղումներ

Հեղինակավոր Forbes հանդեսի վրացական տարբերակի գլխավոր խմբագիրը հրաժարական է ներկայացնում` բողոքելով ամսագրի հայազգի հրատարակչի` Գագիկ Եղիազարյանի գործողությունների դեմ:

Հանդեսի արդեն նախկին գլխավոր խմբագիր Ռեւազ Սաքեւարիշվիլին պնդում է, որ վրացական Forbes-ի սեփականատերը հանդիսացող Media Partners ընկերության նախագահ Եղիազարյանը փորձում է վերահսկել հանդեսի խմբագրական քաղաքականությունը` փաստացի գրաքննություն սահմանելով:

Երեքշաբթի օրը Թբիլիսիում հրավիրած ասուլիսի ժամանակ Սաքեւարիշվիլին վրացական լրատվամիջոցներին Եղիազարյանի եւ նրա թիմի կողմից իրականացված գրաքննության կոնկրետ փաստեր է ներկայացրել` բացատրելով, թե ինչու են սրվել իր եւ ղեկավարության հարաբերությունները:

«Սեփականատիրոջ հետ խնդիրները ծագեցին անմիջապես այն բանից հետո, երբ ամերիկյան Forbes-ը տպագրեց աշխարհի միլիարդատերերի հերթական ցանկը` միաժամանակ մեծ հոդված տպագրելով վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մասին եւ նրա նկարը զետեղելով հանդեսի շապիկին», - նշել է Սաքեւարիշվիլին:

Կարելի է ենթադրել, որ վրացական իշխանությունների դժգոհությունն են հարուցել հատկապես Իվանիշվիլիին նվիրված հոդվածում տեղ գտած քաղաքական ակնկարկները։ Մասնավորապես, Forbes-ի հենց առաջին էջում` վրաց մեծահարուստի լուսանկարի կողքին, գրված է. - «Արդյո՞ք Իվանիշվիլին նոր Բերլուսկոնի կդառնա»:

Ռեւազ Սաքեւարիշվիլին երեկ կայացած ասուլիսի ժամանակ նաեւ հայտարարել է. - «Ես` որպես վրացական Forbes-ի գլխավոր խմբագիր, համարում էի, որ մենք չենք կարող չանդրադառնալ Իվանիշվիլիի գործունեությանը, քանի որ նա, ի վերջո, միակ վրաց միլիարդատերն է: Սկզբում Եղիազարյանը փորձեց ընդհանրապես արգելել, որպեսզի մեր հանդեսի հաջորդ համարը նվիրված լինի Իվանիշվիլիին: Երբ դա չհաջողվեց, հրատարակիչը սկսեց ակտիվորեն միջամտել Իվանիշվիլիի հետ մեր հանդեսի հարցազրույցի հարցերի ձեւակերպմանը: Իսկ երբ Իվանիշվիլիին նվիրված հրապարակման վրա տարվող աշխատանքներն ավարտված էին, Եղիազարյանը ուղղակիորեն սկսեց գրաքննել պատրաստի նյութը»:

Պաշտոնաթող խմբագրի պնդմամբ, սակայն, վրացական Forbes-ում գրաքննություն սահմանելը զուտ հրատարակչի նախաձեռնությունը չէ: Խմբագրության գործունեությանը միջամտելու գլխավոր պատճառներից մեկը, ըստ նրա, Գագիկ Եղիազարյանի եւ Վրաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ, 2005 - 2008 թվականներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Գելա Բեժուաշվիլիի սերտ կապերն են: «Եղիազարյանն ու Բեժուաշվիլին ընկերներ են, եւ սրանով էլ հենց մեծապես պայմանավորված են վրացական Forbes-ը գրաքննության ենթարկելու փորձերը», - նշում է Ռեւազ Սաքեւարիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG