Մատչելիության հղումներ

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է:

«Բեմում ամեն ինչ կենդանի է եւ ծնվում է հանդիսատեսի հետ միասին: Այդ կենդանի շփումը ոչ մի բանի հետ փոխարինել չի կարելի, պարզապես անհնար է», - ասաց Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը` մեջբերելով Պերճ Զեյթունցյնաի խոսքերը:

«Ինձ համար թատրոնը տոն է, անկախ նրանից, թե ինչ ես խաղում այդ օրը` ողբերգություն, դրամա, թե կատագերգություն», - ասաց Երեւանի Հրաչյալ Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը:

«Երեւի իմ կյանքը չլիներ այնպիսին, ինչպիսին հիմա կա` իր ուրախություններով եւ տարօրինակություններով, եթե չլիներ Դրամատիկական թատրոնը», - նշեց Թեքգյոզյանը եւ հավելեց, որ իր համար ամենաթանկ բանը հանդիսատես-դերասան կապն է:

«Ընտանիքի պես մի բան է թատրոնը՝ իր ցավերով, իր վեճերով, իր ուրախություններով: Որպես բեմադրիչ շատ մեծ հմտություններ է պահանջվում գեղարվեստական ղեկավարից` դերասաների հետ ճիշտ վարվելու համար», - նշում է Ութմազյանը:

Հովհաննես Թեքգյոզյանի խոսքերով՝ կապը արվեստի տարբեր բնագավառների միջեւ մոտ 15-20 տարի է, որ կտրվել է, «առաջվա համախմբված, բոհեմիկ վիճակը չկա»:

Թատրոնի միջազգային օրը ոչ միայն թատերագետների եւ դերասանների, այլեւ բոլորի համար տոն դարձնելու համար «Էպսիդոն» թատերախումբը միջոցառումներ է նախաձեռնել, որպեսզի մարդիկ իմանան, որ կա նման տոն: Թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը նշում է, որ թատրոնների խնդիրները 10 տարի առաջվա հետ համեմատած բարելավվել են:

«Բոլոր թատրոններում ստեղծագործող գեղարվեստական ղեկավարները, ռեժիսորները ինձ չեն բավարարում», - նշում է Սարգսյանը եւ պարզաբանում. - «Մենք նրանց խամաճիկներն ենք դառնում, ասում են նստիր, պետք է նստենք, խոսիր` խոսենք: Չեն թողում, որ դերասանը ստեղծագործի»:

Կարծրատիպերի դեմ ընդվզող եւ ազատ մտածելակերպի տեր անձանցից ձեւավորված թատերախումբը շատ խնդիրներ ունի: Չունեն սեփական բեմ, տարածք, որտեղ կարող են փորձերն անցկացնել, բայց կան աջակիցներ, որ օգնում են տարբեր հարցերում. երիտասարդների խումբն էլ լավատեսորեն է տրամադրված:

XS
SM
MD
LG