Մատչելիության հղումներ

Սեուլում կայացած Դմիտրի Մեդվեդեւ-Բարաք Օբամա առանձազրույցի ժամանակ ժամանակից շուտ միացել են բարձրախոսները եւ երկու նախագահների երկխոսության մի հատվածը լսել են կից սրահում հավաքված լրագրողները:

Հակահրթիռային համակարգերի մասին խոսելիս՝ Օբաման Մեդվեդեւին ասել է, որ այս տարի իր վերջին ընտրություններն են եւ ընտրություններից հետո նա մանեւրելու ավելի շատ հնարավորություն կունենա: Օբաման Մեդվեդեւին առաջարկել է մինչեւ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները մի կողմ դնել այս հարցը: Մեդվեդեւն իր հերթին ասել է, որ Օբամայի մեսիջը կփոխանցի Վլադիմիրին. խոսքը ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի մասին է:

Ավելի ուշ արդեն պաշտոնական մամլո ասուլիսին Օբաման հայտարարել է, որ հակահրթիռային համակարգերի հարցում առաջխաղացում կարող է լինել եկող տարի:

Զրույցի այս փոքրիկ հատվածը լուրջ սկանդալ է առաջացրել նախընտրական Ամերիկայում. հանրապետականների մեկնաբանությունները երկար սպասեցնել չեն տվել: Նրանք Օբամային արդեն մեղադրել են ազգային շահերը դավաճանելու եւ Մոսկվային ինչ-որ խոստումներ տալու մեջ, մասնավորապես, այսպիսի կարծիք է հայտնել Օբամայի ամենահավանական հակառակորդ Միթ Ռոմնին, ով նաեւ ասել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական համար մեկ թշնամին է այսօր:

Օբաման ստիպված է եղել նույնիսկ արդարանալ: Նա հայտարարել է, որ որեւէ սենսացիա այս ամենի մեջ չկա, որ իսկապես նախընտրական շրջանում շատ բարդ է նման հարցեր քննարկել թե Կոնգրեսի, թե Պենտագոնի հետ:

Հիշեցնենք՝ հակահրթիռային համակարգերի հարցը այսօր ամենալուրջ խնդիրն է Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում: Սպիտակ տանը հայտարարում են, որ այդ համակարգն ուղղված է Իրանի եւ ոչ թե Ռուսաստանի դեմ, իսկ Մոսկվան գրավոր երաշխիք է ուզում` փաստաթուղթ, որը Վաշինգտոնը, կարծես թե, չի շտապում ստորագրել:

Փորձագետներն ասում են, որ սա լուրջ գլխացավանք է դառնալու Օբամայի համար, սակայն, օրինակ The New York Times-ի լրագրող Մայքլ Շվիրցը չի համարում, թե այս սկանդալը բացասական ազդեցություն կունենա ԱՄՆ-ի նախագահի վրա:

Մեդվեդեւը եւս արձագանքել է այս սկանդալին: Նա Սեուլում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի բոլոր թեկնածուներին խորհուրդ է տալիս սթափ լինել, դիրքորոշումներ ձեւավորելիս օգտագործել ուղեղները եւ նայել օրացույցին՝ այսօր յոթանասունականները չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG