Մատչելիության հղումներ

Մեղադրողը պահանջեց Օհանյանին 8 տարվա ազատազրկման դատապարտել


ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյան

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյան

Այսօր մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտել ութ տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձապես խորոշ չափերով յուրացում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

«Մարգար Օհանյանի վերջնական պատիժ նշանակել ազատազրկում ութ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 19 միլիոն 721 հազար 60 դրամ գումարից, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով երկու տարի ժամկետով», - պահանջեց մեղադրող դատախազը:

Մեղադրողն իր ճառում նշեց, որ Մարգար Օհանյանին մեղսագրվող արարքները լիովին ապացուցված են, մասնավորապես, որ նա հանձնարարել է գործով անցնող մյուս մեղադրյալներին՝ Կարախանյանին, Լեւոնյանին, Մախմուրյանին Ճանապարհային ոստիկանությանը պակաս բենզին տրամադրել, բայց հաշվետվություններում շատ ցույց տալ, իսկ մնացորդն էլ, ըստ մեղադրողի, տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը բենզինի կտրոններով հանձնել է անձամբ Մարգար Օհանյանին: Մեղադրող դատախազաը նշեց, որ Օհանյանը պետությունը պատճառել է 197 միլիոն դրամի վնաս, ինչպես նաեւ հեղինազրկել է ոստիկանությանը եւ խաթարել Ճանապարհային ոստիկանության բնականոն գործունեությունը:

Դատախազը նաեւ իր ճառում հակադարձեց դատավարության ընթացքում Մարգար Օհանյանի այն պնդումներին, թե ինքն անմեղ է եւ այս գործն իր դեմ սարքվել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարգադրությամբ: Հարությունյանը հայտարարեց, թե Օհանյանի այս հայտարարությունները փաստարկված չեն: Մեղադրողը իբրեւ ապացույց նշեց այն հանգամանքը, որ ի սկզբանե ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել գործով մեղադրյալ Ստեփան Կարախանյանի դեմ, եւ Հատուկ քննչական ծառայությունում էլ քրեական գործը հարուցվել է հենց Կարախանյանի կողմից յուրացում կատարելու փաստով: Մեղադրողը շեշտեց նաեւ, որ Կարախանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է Հատուկ քննչական ծառայության կողմից, ոչ թե ոստիկանության:

«Այսինքն այն պատճառաբանությունը, թե ոստիկանության պետի ուղղորդմամբ, ողջ ոստիկանական համակարգը աշխատել է հատկապես Մարգար Օհանյանի դեմ, փաստարկված չէ քրեական գործի նյութերով», - հայտարարեց դատախազը:

Մեղադրողը միաժամանակ ընդգծեց, որ եթե Մարգար Օհանյանին հայտնի են իր վերադասի կողմից յուրացումների կամ հանցավոր այլ արարքների մասին փաստական տվյալներ, կարող է դիմել իրավապահ մարմիններին:

Ինչ վերաբերում է Օհանյանի այն հայտարարությանը, թե ինքը մեկ զանգից հետո վկայից դարձել է կասկածյալ, ապա Հարությունյանն ասաց. - «Նման պնդումը եւս տեղին չէ: Համաձայն քրեական գործի նյութերի 2011 թվականի օգոստոսի 30-ին որպես վկա հարցաքննվելուց հետո Օհանյանը ոչ թե անմիջապես ձերբակալվել է, այլ առերերսվել Արա Լեւոնյանի հետ, որից հետո է միայն ձերբակալվել, քանի որ արդեն մատնանշվել է որպես Քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարողի: Հետեւաբար ձերբակալումը պայմանավորված է եղել ոչ թե սուբյեկտիվ ցանկությամբ, առավել եւս երեւակայական ինչ-որ զանգով, այլ գործող քրեադատավարական օրենսդրության պահանջով»:

Անդրադառնալով Օհանյանի այն պնդմանը, որ հայտնաբերված չէ իրեղեն ապացույցը՝ բենզինի կտրոնները, որոնք իբրեւ թե անձամբ իրեն հանձնել է Արա Լեւոնյանն, ապա մեղադրողը նշեց, որ իրեղեն ապացույց է նաեւ վկաների, կասկածյալների, մեղադրյալների ցուցմունքները:

«Օհանյանի մեղքը քավելու ակնառու ապացույցն է վնասի վերականգնումը եւ տարբերությունը մուծելու կամովին պատրաստակամությունը», - շեշտեց Հարությունյանը:

Մեղադրողը պահանջեց գործող անցնող մյուս մեղադրյալներին՝ Ստեփան Կարախանյանին, ով նույնպես մեղադրվում է յուրացումներ կատարելու մեջ, Արա Լեւոնյանին եւ Սամվել Մախմուրյանին, ովքեր մեղադրվում են հանցագործության կատարմանն օժանդակելու մեջ, դատապարտել պայմանական ազատազրկման՝ հաշվի առնելով, որ նրանք ակտիվորեն աջակցել են հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելու համար:

Մարգար Օհանյանը եւ գործով մյուս մեղադրյալները պաշտպանական ճառով հանդես կգան ապրիլի 17-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG