Մատչելիության հղումներ

Լեհաստանում հայ երիտասարդը նեոնացիստների հարձակման զոհ է դարձել


Լեհ ոստիկաններ, արխիվային լուսանկար
Լեհ ոստիկաններ, արխիվային լուսանկար
Լեհաստանի արեւելյան ամենամեծ քաղաքում` Բելիստոկում, հայազգի երիտասարդը նեոնացիստների հարձակման զոհ է դարձել եւ այժմ գտնվում է հիվանդանոցում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել անցած կիրակի, շուրջ երկու տասնյակ սքինհեդներ ոչ միայն դաժան ծեծի են ենթարկել 21-ամյա Օգսեն Ս.-ին, այլեւ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել, վնասել երիտասարդի երակներն ու մկանները, ինչի արդյունքում վերջինս մեծ քանակությամբ արյուն է կորցրել։

«Բժիշկները հիմա ամեն ինչ անում են` երիտասարդի կյանքը փրկելու համար», «Հուսով ենք` Օգսենը կապրի», - գրում են տեղական թերթերը։

Միջադեպի մանրամասները պարզելու համար «Կուրիեր պորաննի» թերթը զրուցել է ականատեսների հետ։ Վերջիններս պատմել են, որ դեպքի օրը շուրջ երկու տասնյակ դիմակավորված անձինք ներխուծել են քաղաքի գիշերային ակումբներից մեկը ու բացահայտ որոնել հայազգի երիտասարդին։ «Նրանք շատ վստահ էին իրենց գործողություններում, եւ տպավորություն էր` կարծես եկել են կոնկրետ մարդու ետեւից, թերեւս վրեժ էին լուծում», - թերթին պատմել է ակումբի մենեջեր Կատերին Հանուց-Օլեկսին։

Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ սա հայազգի երիտասարդի նկատմամբ սքինհեդների իրականացրած արդեն երկրորդ հարձակումն է։ Առաջինը տեղի էր ունեցել անցած տարի` ապրիլին. դանակներով զինված մի քանի երիտասարդներ օրը ցերեկով դարանակալել էին Օգսենին, նրա ընկերուհուն ու ընկերոջը, վիրավորական արտահայտություններ ու ռասիստական կոչեր հնչեցրել։ Ծեծկռտուքի ժամանակ, սակայն, Օգսենին ու նրա ընկերոջը հաջողվել է հակահարված տալ, սքինհեդներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ամիսներ շարունակված քննությունից հետո դատարանը անցած շաբաթ այս միջադեպի համար Օգսենին երկու տարվա ազատազրկման է դատապարտել։ «Դատարանի պատիժը, սակայն, կարծես թե սքինհեդներին չէր բավարարել, նրանք որոշել էին իրե՛նց վենդետան իրականացնել», - գրում է տեղի լեհ բլոգերներից մեկը։

Ոստիկանությունը, սակայն, առայժմ չի հաստատում մամուլում տարածված այս կարծիքը, որի համաձայն, հանցագործությունը կատարվել է ազգատյացության հողի վրա։ Պաշտոնական աղբյուրների համաձայն,կատարվում է քննություն, ձերբակալվել է երկու կասկածյալ։ «Առայժմ ոչինչ չենք կարող ասել, ոստիկանությունը քննություն է իրականացնում, եւ հույս ունենք, որ առաջիկա օրերին շատ բան կպարզենք», - «Կուրիեր պորաննի» թերթին ասել է քաղաքի դատախազ Մարեկ Վիննիչկին։

«Ակնհայտ է մեկ բան. Նեոնացիզմի հետ կապված խնդիրները երեկ չեն ի հայտ եկել մեր երկրում»,–այս առթիվ այսօր գրել է «Բելիստոկ գազետայի» մեկնաբանը եւ ընդգծել՝կիրակի օրվա միջադեպը ցույց է տալիս, թե որքան խոցելի է լեհական արդարադատության համակարգը։ «Թեեւ մեկ տարի առաջ Օգսենի նկատմամբ հարձակում էր իրականացվել, այդուուամենայնիվ, հարձակվողները մինչ օրս դատարանի առջեւ չեն կանգնել, քանի որ դատարանը չի ստացել այս գործով դատախազության մեղադրական եզրակացությունը։ Թեւերս կիրակի օրվա միջադեպը տեղի չունենար, եթե իրավապահները հակառակ հաջորդականությամբ գնային, եւ սկզբում հարձակվողների «գործը» հետաքննեին»,–հոդվածի վերջում արձանագրում է լեհական թերթի մեկնաբանը։

Պաշտոնական աղբյուրները դեռեւս չեն հաստատում մամուլում տարածված կարծիքը,թե հանցագործությունը կատարվել է ազգատյացության հողի վրա։ Քննությանը հետեւում է նաեւ Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը,որն այս հարցով պաշտոնական հարցում է ուղարկել Բելիստոկի դատախազությանն ու ոստիկանությանը, դեսպանատան տվյալով, հայազգի երիտասարդի առողջական վիճակն այժմ բարվոք է,նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG