Մատչելիության հղումներ

logo-print
Վերջին շրջանում ռեֆերատները, կուրսային ու դիպլոմային աշխատանքներն ուսանողներին հասանելի են դրանց վաճառքով զբաղվող համապատասխան ծառայությունների միջոցով:

4-րդ կուրսի ուսանողուհի Անժելան սկսել է իր դիպլոմային աշխատանքի նյութերը հավաքել փետրվարից: Աշխատում է էլեկտրոնային գրքերով ու նաեւ ղեկավարի տրամադրած գրքերով: Մեկ ու կես ամսվա ընթացքում 50-ից 33 էջ արդեն գրել է ու մինչեւ ապրիլի 16-ը պետք է հանձնի իր աշխատանքը: Սակայն այս ընթացքում երբեւէ չի օգտվել դիպլոմային աշխատանքների համար նախատեսված հատուկ կայքերից:

«Իմ համար ամենաճիշտը իմ մտքերը գրելն է, ինքս հետազոտություն անեմ, վերջիվերջո ավարտում ենք, պետք է գիտելիք ունենաք, իսկ այդպես ինքնախաբեություն է ստացվում: Պարզ է լինում, որ դու չես գրում, որովհետեւ պաշտպանության ժամանակ կարող է այնպիսի հարց տան, որ չիմանաս. պետք է հետազոտես ու կարդաս դա: Իսկ պատրաստի դիպլոմայինը ինձ համար անընդունելի է», - ասաց ուսանողուհին:

Վերջերս համացանցում տեղ են գտել բազմաթիվ կայքեր, որոնք նախատեսված են ռեֆերատների, կուրսային ու դիպլոմային աշխատանքների պատրաստման, վաճառքի կամ ազատ ներբեռնման համար: Նման կայքերից մեկի համահիմնադիրներից Նարեկ Խալաթյանը բացատրեց, որ իրենց կայքում տեղադրված աշխատանքները կարող են ծառայել որպես կողմնակի գրականություն, իսկ ամբողջությամբ դիպլոմային աշխատանքը ներբեռնելն ու առանց փոփոխելու ներկայացնելը, բնականաբար, իրենք չեն խրախուսում:

«Եթե նույն ձեւով կարող են բեռնել եւ օգտագործել իրենց անունից, դա անթույլատրելի է այն պարզաբանումով, որ ինչ-որ մեկը տքնաջան աշխատանք է կատարել ու օգտագործել: Մեր աշխատանքներից օգտվելիս ուսանողները կարող են պարզապես հղումներ անել», - նշեց Նարեկը:

Երեւանի պետական համալսարանի դասախոս, բանասեր Դավիթ Ղարիբյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ տարիներ առաջ դիպլոմային աշխատանքների նկատմամբ մոտեցումն այլ էր:

«Կար այդ տարանջատումը. ոչ բոլորն էին գրում այդ ավարտական աշխատանքները: Որոշ հատված ուսանողության, ելնելով առաջադիմությունից, կարող էր հնարավորություն ստանալ չգրել այդ աշխատանքը, դրա փոխարեն հանձնել եւս մեկ ավարտական քննություն: Իսկ հիմա, երբ այդ կանոնը չի գործում, որոշ ուսանողներ, բնականաբար, դժվարանում են», - ասում է Ղարիբյանը:

Փորձեցինք պարզել դիպլոմային աշխատանքներ տրամադրող ծառայություններից մեկից, թե ի՞նչ արժի նման աշխատանքն ու ո՞ւմ կողմից է կազմվում: Պարզվեց, որ դիպլոմային աշխատանքի մեկ էջի արժեքն է 1000 դրամ, իսկ թե ում կողմից են կազմվում աշխատանքները, վաճառողները հրաժարվեցին հստակ պատասխանել:

Դավիթ Ղարիբյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ աշխատանքները մեծամասամբ կազմվում են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կողմից. դա նրանց համար գումար աշխատելու միջոց է:

Նարեկ Խալաթյանը պատմեց, որ իրենց առաջարկած աշխատանքները հիմնականում կազմվում են ուսանողների ու մասնագետների կողմից. դրանք տարիներ առաջ գրված աշխատանքներ են, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին օգտվել դրանցից դիպլոմային աշխատանքներ գրելիս:

Նարեկի խոսքով՝ իրենց կայքում ստեղծել են նաեւ, այսպես կոչված, աշխատանքների բանկ. ուսանողները համապատասխան բաժնում տեղադրում են իրենց աշխատանքները, ցանկացողներն էլ դիմում են ու գնում դրանք: Կայքը, սակայն, ֆինանսական օգուտ այդ միջնորդությունից չունի:

XS
SM
MD
LG