Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պարտավորվում է աջակցել արդար ընտրությունների անցկացմանը


Ոստիկանությունը հսկում է ՀԱԿ-ի հանրահավաքը, 1 հոկտեմբերի, 2011 թվական
Ոստիկանությունը հսկում է ՀԱԿ-ի հանրահավաքը, 1 հոկտեմբերի, 2011 թվական
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Ոստիկանությունում ձեւավորվել է օպերատիվ շտաբ, որը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պետք է հետեւի հասարակական կարգի պահպանմանը:

Շտաբը գլխավորում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, դրա կազմում ընդգրկված են ոստիկանապետի տեղակալները, պատասխանատու ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները: Շտաբը ձեւավորվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ով օպերատիվ շտաբի անդամներին հրահանգել է ընտրությունների շրջանում հասարակական կարգի պահպանմանը առանձնակի ուշադրություն դարձնել եւ գործել բացառապես օրենքի եւ օրինականության սահմաններում` ընդգծելով ոստիկանության «վերքաղաքական եւ վերկուսակցական» բնույթը: Ոստիկանապետն այդ մասին հայտարարել է օրերս ոստիկանությունում տեղի ունեցած փակ խորհրդակցության ժամանակ:

«Գործում ենք օրենքի, օրինականության եւ ժպիտի սահմաններում: Մենք էս ժողովրդի ոստիկաններն ենք, հետեւաբար մենք պետք է բոլորի շահերը պաշտպանենք: Պահանջում եմ, եւ այս պահանջը բխում է հանրապետության նախագահի մի շարք պահանջներից, խոսքը նրա մասին է, որ մենք լինենք արդարացի, ապահովենք բոլոր մասնակիցների, թեկնածուների անվտանգությունը տեղամասերի, շտաբերի անվտանգությունը: Նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածի հասարակական կարգի պահպանումը պետք է լինի իդեալական: Մենք պետք է սառը ցնցուղ լինենք ցանկացած արկածախնդրի համար: Հասարակական կարգի պահպանության ժամանակ ես կարգադրում եմ, որպեսզի չլինեն «մերոնք», «ձերոնք», - ասել է Գասպարյանը:

Ոստիկանապետը նաեւ հատուկ ընդգծել է «ընտրացուցակների պատրաստման, ճշգրտման եւ ամբողջացման խնդիրը»:

«Ես ուզում եմ, որ ցուցակների հետ կապված ուղղակի մենք իջնենք անձնական պատասխանատվության դաշտ, անձնական պատասխանատվության տակ վերցնենք ցուցակների ճշգրտությունը», - հրահանգել է ոստիկանապետը:

Ոստիկանապետը նաեւ համագործակցություն է առաջարկել քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին՝ հիմնավորելով, որ այս առաջարկը արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ ապահովելու նպատակ է հետապնդում:

«Մոտ օրերս երեւի մի տաս օրվա ընթացքում մենք անցկացնելու ենք խորհրդակցություն եւ հրավիրելու ենք բոլոր կուսակցությունների շտաբերի պետերին», - ասել է նա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում եւ իշխանական, եւ ընդդիմադիր ուժերը պատրաստակամ էին համագործակցել ոստիկանության հետ: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը ողջունելի համարեց այդ նախաձեռնությունը՝ համոզմունք հայտնելով, որ դա կնպաստի արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

«Շատ լավ կլինի, որ արագ արձագանքման պահերով հիմնական դերակատարաների շտաբները կարողանան ցանկացած դեպք, ցանկացած մոտեցում ժամանակին, օպերատիվ ձեւով հայտնի դարձնել, որպեսզի լարվածություն, ըմբոստություններ չառաջանան», - ասաց Սահակյանը:

Մինչդեռ ի տարբերություն Հանրապետականի փոխնախագահի, ընդդիմադիր գործիչները թերահավատ են ոստիկանապետի հայտարարությունների եւ նախաձեռնությունների նկատմամբ:

«Ինքս անձամբ ուզում եմ շանս տալ բոլոր պաշտոնյանին՝ ապացուցելու գործնականում, որ խոսքը իրենց բերանից դուրս է եկել եւ իրենք շատ մեծ ձեռնոց են նետել հենց իրենց՝ կյանքի կոչելու այն, ինչ ասել են: Այս պահին ամեն պուճախում լսում ես, թե ինչպիսի օրենքից դուրս գործողություններ են իրականացվում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած իշխանական կուսակցությունների կողմից, եւ հետեւաբար դրանք բացահատելը, դրանք կանխելը ոստիկանության համար որեւէ խնդիր չի ներկայացնում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը, կարծիք հայտնելով, որ պետք է օգտվել ոստիկանության ընձեռած համագործակցության հնարավորությունից, միաժամանակ «փարիսեցիություն» որակեց ազատ եւ թափանցիկ ընտրությունների վերաբերյալ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները:

«Այսօր ոստիկանությունը դարձել է ընտրակեղծիքների հիմնական կրողը: Տեղամասերից ընտրակեղծիքները տեղափոխել են ոստիկանության անձնագրային բաժիններ: Հրազդանի ընտրությունը ցույց տվեց, որ մոտ 3000-ով ավելացրել էին ընտրացուցակները, այսինքն մարդկանց, որոնք գրանցված չէին Հրազդանում, շտապ կարգով գրանցել եւ հաշվառել էին Հրազդանում: Հիմա նույնը կատարվում է ամբողջ Հայաստանի մասշտաբով», - ասաց Զուրաբյանը:

Վկայակոչելով առաջիկա ընտրություններում ընտրողների ցուցակները ուռճացնելու վերաբերյալ իրենց տեղեկությունները՝ Զուրաբյանը համագործակցության շրջանակներում հետեւյալ երեք առաջարկները ներկայացրեց ոստիկանությանը.

«Առաջարկում ենք ոստիկանությանը թույլ տալ մեր վստահված անձանց ստուգել անձնագրային բաժինների վերջերս կատարած աշխատանքը, ինֆորմացիա տրամադրել, թե ինչ անձինք են հաշվառում ստացել վերջին շրջանում, ով է ստացել նոր անձնագրեր, որ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում այս ամբողջի ետեւում: Երկրորդ՝ մենք առաջարկում ենք ոստիկանությանը բացահայտել հիմնականում համատիրությունների միջոցով կառուցված ընտրակաշառքի բաժանման ցանցերը եւ բացահայտել բոլոր ընտրակաշառք բաժանողներին: Երրորդ՝ մենք առաջարկում ենք ոստիկանությանը քվեարկության օրը խոչընդոտել ապօրինաբար տրանսպորտի օգտագործումը ընտրողներին դեպի տեղամասեր տանելու նպատակով: Այնպես որ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց մենք պահանջում ենք, որ ոստիկանությունը գործի բաց ռեժիմով եւ ադեկվատ պատասխան տալով բոլոր մեր հարցապնդումներին», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը:

please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG