Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը մեր առաջնային խնդիրներից է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սեուլի գագաթնաժողովում, 27-ը մարտի, 2012թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սեուլի գագաթնաժողովում, 27-ը մարտի, 2012թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Միջուկային անվտանգությունը եղել եւ մնում է Հայաստանի համար առաջնային կարեւորության խնդիր: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` երեքշաբթի օրը ելույթով հանդես գալով Սեուլում անցկացվող Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովում:

«Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետեւողականորեն եւ պատրաստակամորեն աջակցել եւ իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նա հայտնել է, մասնավորապես, որ ընդունվել է նոր օրենք Երկակի նշանակության ապրանքների, այդ թվում միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահանման, տարանցման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին: Նախագահը նշել է նաեւ, որ ՄԱԿ-ի Միջտարածաշրջանային հանցավորության եւ արդարադատության հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ եւ աջակցությամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման եւ մաքսային տեխնիկական հագեցման ծրագիր: Նրա խոսքով` Հայաստանը ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձեւի իրականացմանը:

«Վաշինգտոնի գագաթնաժողովում բոլորս խիստ կարեւորեցինք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնական դերը միջուկային անվտանգության եւ ռադիոակտիվ նյութերի պահպանման եւ հսկման գործում: Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրող, գործակալության հետ զարգացնում է համակողմանի փոխգործակցություն: Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործումը եւ նրա անվտանգության մակարդակի բարձրացումը, նրա ֆիզիկական պաշտպանության, ինչպես նաեւ բարձր ակտիվության աշխատած վառելիքի պահպանումն ու հսկումը մեր կառավարության առաջնային խնդիրներից է: Այս գործում մենք խստագույնս պահպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկվող միջազգային նորմերի պահանջները», - ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Հայկական ատոմակայանի շահագործման լիակատար համապատասխանությունը այդ նորմերին հաստատել է նաեւ ԱԷՄԳ-ի կողմից անցյալ տարի անցկացված ՕՍԱՐՏ առաքելությունը»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանը եւ այն բոլոր երկրներին, կազմակերպություններին եւ մասնագետներին, որոնք համագործակցում եւ աջակցում են Հայաստանին այս կարեւոր գործում:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայկական ատոմակայանի մասին Սեուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի արած հայտարարությանը` ընդգծելով. - «Իսկ Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետեւ Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլեւ միջազգային հանրության՝ մեր եւ ձեր կողմից ընդունված փաստաթղթերը: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձեւերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում եւ հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Իլհամ Ալիեւը իր ելույթում, մասնավորապես, ասել է, թե հայկական ատոմակայանը հնացած է, չի համապատասխանում արդի պահանջներին եւ գտնվում է սեյսմիկ գոտում, ինչի հետեւանքով դառնում է սպառնալիքի աղբյուր։

Հայաստանի նախագահի խոսքերով` Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, ըստ Սերժ Սարգսյանի, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը:

Հայաստանի նախագահի կարծիքով, տեղին կլիներ էներգետիկ` այդ թվում նաեւ միջուկային էներգիայի անվտանգության ապահովման հարցերը դիտարկել հարակից խնդիրների հետ ամբողջության մեջ: Նա ոչ պակաս կարեւոր է համարել էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը: Դրա հետեւանքները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, ծանր են հատկապես այն երկրների համար, որոնք զուրկ են էներգիայի բնական պաշարներից եւ ստիպված են էներգետիկ անկախության ուղիներ փնտրել:

«Հայաստանի չորս անմիջական հարեւաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաեւ էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին եւ անձամբ նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարեւոր հավաքը հյուրընկալելու համար, նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010 թվականի վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG