Մատչելիության հղումներ

Մոլորակի ավելի քան 50 պետությունների ղեկավարներ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում այսօր գումարել են Միջուկային անվտանգության գագաթնաժողով։

Մոլորակի ավելի քան 50 պետությունների ղեկավարներ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում այսօր գումարել են Միջուկային անվտանգության գագաթնաժողով։

Մասնակիցների թվում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարավկովկասյան տարածաշրջանից Սեուլ են մեկնել Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին, Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Մեկնաբանների փոխանցմամբ, թերեւս զարմանալի չէ, որ գագաթնաժողովին չի մասնակցում Իրանի ղեկավարը, քանի որ այդ երկրի միջուկային վիճահարույց ծրագիրը անպայման քննարկվելու է երկօրյա հավաքի ընթացքում։

Գագաթնաժողովի օրակարգում հիմնականում երեք հարց է` համագործակցություն միջուկային ահաբեկչության վտանգը կանխելու համար, միջուկային նյութերի պաշտպանություն եւ միջուկային նյութերի ապօրինի մաքսանենգության կանխում։

Սեուլում կազմակերպված այս խոշոր միջոցառումը նաեւ միջազգային հրատապ այլ թեմաներ քննարկելու նպատակով երկկողմ հանդիպումներ անցկացնելու լավ առիթ է։

Արդեն տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Սիրիայի, Իրանի, հակահռթիռային պաշտպանության եւ սպառազինությունների կրճատման հարցերը։

Մեդվեդեւը, որին մայիսին կփոխարինի ընտրյալ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սեուլում ասել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման հարցում դիրքորոշումերը դեռ չեն փոխվում, սակայն երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ, եւ դեռ կա ժամանակ հավասարակշռված որոշում գտնելու համար։

Բարաք Օբաման խոսել է նաեւ հրթիռի հերթական փորձարկում անցկացնելու՝ Հյուսիսային Կորեայի մտադրության մասին, որը մեծ թվով երկրներ, այդ թվում Հարավային Կորեան եւ Ճապոնիան, որակում են որպես չափազանց վտանգավոր սադրանք։

Օբամայի խոսքերով, ե՛ւ ինքը ե՛ւ Մեդվեդեւը հյուսիսկորեացիներին հորդորում են չիրականացնել փորձարկումը, որը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերին։

«Մենք հուսով ենք դիվանագիտական եղանակով լուծել այդ հարցը»,- ասել է Օբաման։

Գագաթնաժողովը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG