Մատչելիության հղումներ

Կարեւորում են մշակո՞ւյթը, թե՞ սեփական բիզնեսը


Նոյյան տապան կառուցելու ծրագիրը՝ բանավեճի առարկա
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00

Երեւանի Հաղթանակ զբոսայգու բարձունքին Նոյյան տապան կառուցելու որոշման շուրջ վիճաբանությունները շարունակվում են:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը ոչ միայն կողմ է տապանի կառուցմանը, այլեւ հանդիսանում է նախաձեռնող խմբի անդամ:

Տեր-Գուլանյանը նշում է, որ գուցե իր խոսքը շատերի համար միստիկական հնչի, բայց սա Աստծո նամակն է` ուղարկված ընտրյալ ժողովրդին, եւ այդ նամակը բացելու ժամանակն է։ «Երբ որ հարիսան թուրքերը սեփականացրեցին, աղմուկ եղավ մեր մամուլում` հարիսան տարան, հա դուք տանեիք,վաղը տոլման էլ կտանեն: Եթե մենք չենք անում, հետո սկսում ենք խանդի տեսարան սարքել, որ թուրքերն այս արեցին: Հիմա նույնը Նոյյան տապանի խնդիրն է», - ասում է նա։

Սակայն նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանը դեմ է նախագծին: Նշում է, որ առասպելը առասպելի մեջ է գեղեցիկ, իսկ նյութականացնելու դեպքում կդառնա անհասկանալի. - «Կեղծիք կդառնա Նոյի այդ ամբողջ գեղեցիկ առասպելը, որը բարոյականության մասին էր»:

Նոյյան տապանը նախատեսվում է կառուցել ըստ Աստվածաշնչի. երկարությունը` 132 մետր, լայնությունը` 22 մետր, բարձրությունը 13 մետր: Ընդհանուր մակերեսով մոտ 3 հեկտար տարածք կզբաղեցնի:

Տեր-Գուլանյանը նշում է, որ ծառեր չեն կտրվելու, միայն ժայռային հատվածը քանդելով` այնտեղ հարմարացվելու է տապանը:

Սակայն Շահումյանը դեմ է նույնիսկ ժայռերի ոչնչացմանը, գտնում է, որ այս կերպ ոչնչացվում է քաղաքի տեսքն ու իրական կերպարը, իսկ սոված ժողովրդի մասին մտածելու փոխարեն մտածում ենք տուրիստներին զարմացնելու մասին:

«Ժողովուրդդ սոված երկիրը թողնում է գնա, վերջում տուրիստների համար ես թողնելու էդ Նոյյան տապանը: Դու այսօր մտածի ժողովրդիդ համար միջավայր եւ արժեք ստեղծելու մասին», - նշում է Շահումյանը:

Սակայն Շահումյանի հնչեցրած կարծիքին Տեր-Գուլանյանը համաձայն չէ. - «Մի տեսակ էդպիսի բառեր չեմ սիրում, մի տեսակ դեմագոգիկ է դառնում մեր զրույցը, որովհետեւ դա պետությունը չի սարքելու: Այդ 40 միլիոն դոլարը պետություը չի դնելու, իսկ այդ մարդը մանկապարտեզ չի սարքում այդ փողով, մարդն ուրիշ խնդիր է դնում, եւ դա իր գործն է»:

Իսկ հարցին, թե ինչու հատկապես Երեւանում, առավել եւս, որ այսօր քաղաքն ավելի շատ կանաչի, քան որեւէ կառույցի կարիք ունի, Տեր-Գուլանյանը պատասխանեց. - «Ներդնողներն ուզում են դնել այդտեղ: Հիմա ես բացատրեմ՝ դիմացն Արարատն է, Օպերայի շենքը, Մատենադարանը։ Մատենադարանից վերեւ՝ ժայռերի մեջ խրված, ոչինչ չփչացնող Նոյյան տապանն է: Նոյյան տապանից վերեւ՝ Մայր Հայաստանը: Մեր թիկունքը դատարկ է: Երբ որ Նոյյան տապանը դեպի պատմություն գնացող անսահմանությունը կխորհրդանշի, Արարատը՝ դեպի առաջ գնացող: Նա բոլորովին չի խանգարելու, ընդհակառակը՝ ամբողջացնելու է տեսարանը»:

Նախատեսվում է, որ Նոյյան տապանում կլինի թանգարան, որտեղ կներկայացվեն Նոյին ու տապանին վերաբերող հետաքրիքիր փաստեր, կլինեն տապանում հանգրվանած կենդանիների արձանները, պարբերաբար կցուցադրվեն Նոյյան տապանին վերաբերող ֆիլմեր:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ ապագայում դա հերթական ուտել-խմելու տեղը կդառնա, Տեր-Գուլանյանը պատասխանեց. - «Թանգարան: Չէ, քյաբաբխանա չի լինելու: Չափանիշները ստեղծելու է Երեւանի քաղաքապետարանը եւ այնտեղ չի թողնելու ռեստորաններ լինեն: Ամեն երեկո թատերական դահլիճ է լինելու, Նոյն է խոսելու»:

Սակայն քանդակագործ Հաղթանակ Շահինյանը վստահ է, որ նախագիծը հայրենասիրական մղումների հետ ոչ մի կապ չունի, սա միայն սեփական բիզնեսը զարգացնելու նպատակ է հետապնդում. - «Թող այդ գումարն օգտագործվեր Սասունցի Դավթի ուսումնասիրության, հնագիտական պեղումների: Արդյո՞ք նպատակահարմար է այդ գումարներն աղետի գոտում դեռ բնակարան չունեցող մարդկանց առկայության դեպքում դնել` անբնակելի մի բան կառուցել: Իհարկե, մարդկանց բիզնես անելու շահն է, որ 40 միլիոնն այստեղ է դնում»:

Սակայն Տեր-Գուլանյանը նշում է, որ այս նախագծին միանալու իր պատճառները շատ ավելի լուրջ են, եւ այս կերպ նա մերժում է իր համար անհրապույր, բայց արդեն դրական պատասխան ստացած մի նոր նախագիծ, որը եւս նախատեսված է իրականացնել Հաղթանակ զբոսայգում:

«125 հեկտար այգուց մնացել է 25 հեկտար՝ եթե Նոյյան տապանը չդրվի, այգուց ոչինչ չի մնա, կսարքվի մի հատ փոքրիկ Դուբայ», - ասում է Տեր-Գուլանյանը:

Իսկ թե ինչ մեկ այլ նախագծի կամ ինչպես Տեր-Գուլանյանն է ասում ` «փոքր Դուբայի» մասին է խոսքը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մանրամասնեց. - «Ոմն Գարի Գորալ «Գորալդ գրուպ» ընկերությանը, որը զբաղված է ատրակցիոններով, մի նախագիծ է առաջարկել, որն ընդգրկում է ամբողջ այգին եւ շատ ավելի մեծ է իր բարձրություններով, քան այն հուշարձանը, որին պետք է ծառայի այդ այգին: Դուք կապշեք, եթե ես սկսեմ թվարկել, թե ինչ են նախատեսում կառուցել՝ գրանդ կարուսել, շուկա, VIP ակումբ, գինու այգի, խաղահրապարակ, ատրակցիոններ, պտտվող անիվ, ամերիկյան գորկաների նման մի բան, որն ավելի բարձր է, քան հուշարձանը»:

Նոյյան տապանի կառուցման շուրջ «Մաքսլիբերթի»-ն զրուցեց նաեւ համաքաղաքացիների հետ, իսկ նրանց կարծիքը հիմնականում բացասական էր: Նշում էին, որ սոցիալական այս ծանր պայմանների ժամանակաշրջանում գումարները ծախսելու ավելի ճիշտ տեղեր փնտրելու ժամանակն է:

please wait

No media source currently available

0:00 0:07:13 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG